ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) քաղաքական օրակարգը ուշադրության է արժանանում Վաշինգտոնում:
2023 թվականի հունիսի 21-ին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» թեմայով Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ արված իր հայտարարության մեջ դեսպան (և նախկին սենատոր) Սեմ Բրաունբեքը կրկնել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի երկարամյա քաղաքականության գիծը՝ հայտարարելով, որ «Հայաստանին պետք է տրվի ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ»:
Նրա խիստ ձևակերպված և կարեկից հայտարարությունն ուներ մի քանի այլ շերտեր, որոնք կազմում են Վաշինգտոնում Բևեռի լոբբինգի գաղափարական հիմքը:
Դրանցից ամենակարևորը թերևս դեսպանի հայտարարությունն էր այն մասին, որ Հայաստանը Միացյալ Նահանգների բնական երկարաժամկետ դաշնակիցն է, և որ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից է բխում հակամարտությանը անհրաժեշտ լուծում ապահովելը:
Որպես կարճաժամկետ գործող քաղաքականության հանձնարարական՝ դեսպան Բրաունբեքը հայտարարել է, որ «Կոնգրեսը պետք է ընդունի երկկուսակցական Լեռնային Ղարաբաղի Մարդու Իրավունքների Ակտ՝ հաստատելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության հիմնական երաշխիքները և վերահաստատելու իրենց ազատ տեղաշարժի իրավունքը։ Կոնգրեսի պատվիրակությունը նաև պետք է մեկնի Լեռնային Ղարաբաղ»։
Շարունակելով՝ նա նշել է. «մենք չենք կարող թույլ տալ, որ հայ քրիստոնյաների հերթական ցեղասպանությունը կամ մարդկության դեմ հանցագործությունները ծավալվեն Լեռնային Ղարաբաղում։ Եկեք հիմա մեր դիրքորոշումն ունենանք, ինչպես մեր ամերիկացի նախահայրերը, ովքեր կանգնած էին հալածված հայերի կողքին իրենց Հոլոքոստի ժամանակ»:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն
07.07.2023 թվական, Երևան