ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին Հարավային Կովկասի տարածաշրջանը ավելի ու ավելի զգալի տեղ է գրավում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակագում։

Ըստ այդմ, Վաշինգտոնում նոր բնույթի լոբբիստական գործունեությունը դառնում է անհրաժեշտություն։

Գործունեություն, որի առաջնային թիրախները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության առջև (ներառյալ Արցախը) ծառացած մարտահրավերների չեզոքացումը և Հայոց ինքիշխան պետականության վերակերտումը։

Վերոհիշյալ նպատակներով ս․թ․ ապրիլի 9-18-ը Վաշինգոնում էր գտնվում Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա այդ օրերին հանդիպուներ է ունեցել պաշտպանության ոլորտում հետազոտություններ իրականացնող Լեքսինգթոն, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերլուծական կենտրոն Մըք Քեյն հաստատությունների ղեկավարությունների հետ։

Ժիրայր Սեֆիլյանը քննարկումներ է ունեցել նաև ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի և Կատարում ԱՄՆ նախկին դեսպան Պատրիկ Թերոսի հետ: Նա լայնածավալ քննարկումներ է ունեցել նաև Կոնգրեսի հետևյալ անդամների և/կամ նրանց գրասենյակների անդամների հետ. սենատոր Բոբ Մենենդես (D-NJ), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ; Սենատոր Ռիկ Սքոթ (R-FL), Սենատի Զինված ուժերի հանձնաժողով; Սենատոր Թեդ Քրուզ (R-TX), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Ինչպես նաև կոնգրեսականներ` Ջեյսոն Քրոու (D-CO), Քիյթ Սելֆ (R-TX), Դարել Իսա (R-CA), Բրայըն Մասթ (R-FL), Քրիս Սմիթ (R-NJ): Կոնգրեսի հայաստանյան և հունաստանյան հանձնախմբերի համանախագահ Գաս Բիլիրակիս (R-FL):

Այս բոլոր հանդիպումների կազմակերպման հարցում իր անուրանալի աջակցություն է ցուցաբերել Լիվինգսթոն լոբբիստական խումբը։

Հաշվի առնելով Վաշինգտոնում լոբբիստական գործունեության հարաճուն անհրաժեշտությունը, Հայաստանի պետականության առջև ծառացած խնդիրները նորովի ներկայացնելու հրատապությունը և դրանց լուծումների առաջարկումը՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռը նպատակահարմար է համարում լոբբիստական պայքարի հետևողականությունը և Վաշինգոնում լոբբիստական գործունեության շարունակական դարձնելը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,

3 մայիսի, 2023թ․ Երևան