ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային- ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը`

Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից սեփական միջազգային հանձնառությունները

ոտնահարելու և Թուրքիային երկու քուրդ (զազա) ազատամարտիկ

արտահանձնելու վերաբերյալ

Ցանկացած պետության անվտանգության գրավականը հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների կամ գոնե բնականոն հարաբերությունների հաստատումն է։ Եթե դա չի ստացվում, քանի որ հարևաններդ տառապում են քո պետականությունն ու ժողովուրդը ոչնչացնելու ավելի քան հարյուրամյա մարմաջով, ապա առնվազն պետք է բարեկամական հարաբերություններ հաստատես հարևանությամբ բնակվող պետականազուրկ ժողովուրդների հետ, հարաճուն կերպով խորացնես ու ընդլայնես բազմաբնույթ փոխհարաբերություններ նրանց հետ։

Այս առումով խիստ դատապարտելի ու անհեռատես է Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունների քաղաքականությունը։

Օրերս Հայաստանի Հանրապետության իշխանությունները կատարել են դավաճանաբարո ու խիստ վնասակար քայլ՝ Թուրքիայի հատուկ ծառայություններին են արտահանձնել երկու քուրդ (զազա) ազատամարտիկների՝ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին, (գաղտնանունները՝ Լեհենգ եւ Ալիշեր), որոնք 2021թ․ հատել էին Հայաստանի Հանրապետության սահմանը և ապաստան էին խնդրել հայոց պետությունից։

Այս թրքահաճո քայլով Հայաստանի Հանրապետությունը ոտնահարել է իր իսկ կողմից ընդունած մարդու իրավունքներին առնչվող մի շարք միջազգայնագրեր (կոնվենցիաներ) և համընդհանուր բարոյական սկզբունքներ։

Միաժամանակ տեղի է ունեցել ՀՀ դատական իշխանության լիազորությունների կոպիտ ոտնահարում, քանի որ արտահանձնելու մասին դատարանը որևէ վճիռ չէր կայացրել։

Սա հստակ ցուցիչ է, որ խաթարված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, քանի որ ազատամարտիկները արտահանձնվել են արտաքին ուժերի թելադրանքով՝ ռուս-թուքական համատեղ ճնշման արդյունքում, ինչպես նաև, որ Հայաստանի իշխանությունները չեն առաջնորդվում հայոց պետականության շահերով։

Ազգային- ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս անօրինական, անհեռատես և խիստ վնասաբեր քայլը։

Միևնույն ժամանակ Ազգային- ժողովրդավարական Բևեռն ընգծում է, որ առաջնորդվելով հայոց պետականության շահերով` Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա տարածաշրջանի բոլոր պետականազուրկ ժողովուրդների մարդկային իրավունքների ջահակիրը և դառնա այդ առաքելության առաջամարտիկը։

Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային մարտահրավերների սոսկ արձագանքողից պետք է դառնա սեփական անվտանգության միջավայրի ազդեցիկ ձևավորողը։

Ազգային- ժողովրդավարական Բևեռ,

Երևան, 25 սեպտեմբերի, 2022թ․