ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ
Մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ սույն թվականի նոյեմբերի 2-ին հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ:
Հայտարարությունով խստորեն դատապարտվել էր կառավարող քաղաքական կուսակցության նման գործելաոճը և հիմնավոր կասկած էր հայտնվել, որ իշխող քաղաքական ուժը գնում է պետության զավթման ճանապարհով:
Ազգային-ժողովրդավարական Բևեռը, միանալով հայտարարությանը, միաժամանակ արձանագրում է, որ ակնառու են բոլոր այն քայլերը, որոնց միջոցով իշխող քաղաքական ուժը վերադարձնում է Հայաստանի Հանրապետությունը դեպի կիսաավտորիտար կառավարման համակարգ:
Աղաղակող հակաժողովրդավարական դրսևորումներից էր նաև ընտրական համակարգի ուզուրպացիան, երբ օրենքի խախտումներով իշխող քաղաքական ուժի առանցքային անդամներից մեկը ստանձնեց դրա ղեկավարությունը: Մնալով ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ ավտորիտար երկրների դաշինքներում՝ այլ արդյունք ակնկալելը պարզապես միամտություն կլիներ:
Այդ առումով տրամաբանական է, որ ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, քանզի հենց նրանք են ապահովում ավտորիտար հակումներով կառավարիչների իշխանության շարունակականությունը:
Հայաստանի Հանրապետության հասարակությունը պարտավոր է ընկալել իշխող քաղաքական ուժի ողջ ապիկարությունը, հակապետական, հակազգային գործունեությունը, այդ ամենից անել համապատասխան հետևություններ և քաղաքական պայքարի միջոցով հեռացնել նրան երկրի կառավարման ղեկից:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Ք.Երևան, 04.11.2022թ