ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին
Ապստամբ քաղբանտարկյալ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանից
ԴԻՄՈՒՄ – ԲՈՂՈՔ
Հարգելի՛ Ք. Գրիգորյան
Վարուժան Ավետիսյանը 2022 թ. մայիսի 28-ից գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողկան հիմնարկում (որպես դատապարտյալ)։
Դեռևս դատաքննության փուլից սկսած մշտապես բոլոր պետական մակարդակներում, ներառյալ՝ ՀՀ ՄԻՊ-ում, բարձրացրել ենք պարոն Ավետիսյանի առողջության խնդիրների հետ կապված մեր մտահոգությունները։
Դատական իշխանությունն ուղղակի անտեսել և արհամարհել է խնդիրը և իրավական (արդարացի) լուծում չի տվել, ինչով հաստատել է, որ Վարուժան Ավետիսյանը հետապնդվում է քաղաքական պատվերի ու գաղութատիրոջ ուղղակի հրահանգով, իսկ մյուս մարմինները լավագույն դեպքում հայտարարել են, որ խնդրի լուծումն իրենց իրավասությունից դուրս է։
Այսօր տեղեկություն ենք ստացել, որ վերջին օրերին վատացել է Վ. Ավետիսյանի առողջական վիճակը, և առկա են այն ախտանշանները, որոնք հանգեցնում են ծանր հետևանքի, ինչը հնարավոր է կանխել հրատապ կարգով անհրաժեշտ բժշկական միջոցներ ձեռնարկելու դեպքում։
Պարոն Ավետիսյանի փաստաբանները կամ մերձավոր ազգականներից ոչ ոք չի կարող նրան տեսակցել և պարզել ստացված տեղեկության հավաստիությունը միայն այն պատճառով, որ ՀՀ օրենսդրությունը կալանավորված անձանց տեսակցություն, ներառյալ՝ փաստաբանի հետ, նախատեսում է բացառապես աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին։
Ձեզ ներկայացնելով սույն Դիմում-բողոքը, խնդրում եմ՝
1. Հրատապ կարգով ՄԻՊ աշխատակազմը այց իրականացնի «Նուբարաշեն» ՔԿՀ Վարուժան Ավետիսյանին տեսակցելու և նրա ընտանիքի անդամներին (նաև փաստաբաններին) տեղեկություններ տրամադրելու նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև լուծելու բուժօգնության հարցը։
2. Դատապարտված անձանց իրավունքների ապահովման նպատակով միջոցներ ձեռնարկել (հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ) նրանց և փաստաբանների տեսակցությունների ոչ իրավաչափ սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։
Դիմող՝
Ա. Պապիկյան
Վարուժան Ավետիսյանի փաստաբան