ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղ գյուղի հերթական ողբերգության պատճառների և հնարավոր հետևանքների վերաբերյալ
Տեղ գյուղում երեկ տեղի ունեցած հայ-ադրբեջանական փոխհրաձգության հետևանքով ունենք սպանվածներ և վիրավորներ:
2023թ մարտի 30-ի ԱԱԾ տարածած հաղորդագրությունից պարզում ենք, որ դեռևս 2022թ օգոստոսին հայկական և ադրբեջանական կողմերի միջև փաստացի գաղտնի պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանների ճշգրտման վերաբերյալ:
Նշված փաստի ուժով ակնհայտ է դառնում, որ Հայաստանի կառավարիչները ժողովրդի թիկունքում բանակցություններ են վարել թշնամու հետ և միայն հաջորդիվ (պոստֆակտում)` 8 ամիս անց, կցկտուր և թերի տեղեկատվություն տրամադրել հանրությանը դրանց վերաբերյալ:
Նշվածը հիմք է տալիս պնդելու, որ գործող ռեժիմը, ուզուրպացնելով հայ ժողովրդի իշխանությունը, գերազանցելով ՀՀ Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակը, գործելով օրենքից դուրս, ըստ էության իրականացնում է գործողություններ, որոնք հակասում են ազգային և պետական շահերին՝ վտանգելով պետության գոյությունն ընդհանրապես:
Բացի այդ, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը ողջամիտ կասկած է հարուցում առ այն, որ Տեղ գյուղի շրջակայքում արձանագրված ռազմական ընդհարումները տեղավորվում են թշնամու հետ հերթական պայմանավորվածությունների շրջանակում՝ նպատակ հետապնդելով հայ հանրությանը համոզելու, որ ԵՄ դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով որևէ դրական արդյունք չի արձանագրում և զսպիչ դեր չի կատարում:
ԵՄ դիտորդական առաքելության մտածված վարկաբեկումից հետո հաջորդ քայլով փորձ է արվելու հանրությանը հավաստիացնել, որ ՀԱՊԿ ուժերը այլընտրանք չունեն և պետք է փոխարինեն եվրոպացիներին:
Ռեժիմի գործած վերոհիշյալ ապօրինությունների դեմ, որոնք պարունակում են հանցագործության հատկանիշներ, Ազգային-ժողովրդավարական Բևեռը նախաձեռնելու է իրավա-քաղաքական գործընթաց:
Հանրությունը շուտով դրան ականատես կդառնա, վստահ ենք նաև ակտիվ մասնակցություն կունենա:
Օտարի կամքը շարունակաբար կատարող հանցագործ ռեժիմը պետք է պատժվի:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Ք.Երևան, 12.04.2023թ