ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

40 ՀԱՐՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ

Անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքների վերաբերյալ առկա է որևէ փաստաթուղթ, թե ոչ, հայ ազգը, առաջին հերթին որպես բնիկ, իրավունք ունի ապրելու իր Հայրենիքում՝ Հայկական բարձրավանդակում, և իրավունք ունի դրա տարածքում ստեղծելու իր ազգաին պետությունը:

Եթե մի պահ պատկերացնենք, որ մարդկությունը դեռևս չի արձանագրել բնական իրավունքները միջպետական պայմանագրերի տեսքով (այո, այս դեպքում միայն արձանագրել, քանի որ բնական իրավունքները սահմանված են ի վերուստ), ապա միևնույն է, դրանք կան և գործում են:

1-ին համաշխարհային պատերազմից հետո դրա արդյունքների ձևակերպման ու ամրագրման նպատակով գումարված Փարիզի խաղաղության վեհաժողովը կոչված էր մի նոր դարագլուխ բացելու մարդկության պատմության մեջ:

Վեհաժողովը որոշ առումով մասամբ կատարեց իր առաքելությունը: Դրա համար կային պատճառներ։ Նախ՝ 1-ին աշխարհամարտի մասնակից Ռուսաստանում 1917 թ. բոլշևիկյան հեղաշրջման և հետագա զարգացումների հետևանքով այդ կայսրությունը դուրս մնաց պատերազմից ու նաև դրա արդյունքներից բխող խաղաղության միջազգային-իրավական գործընթացից: Ապա՝ 1-ին աշխարհամարտի մասնակից Օսմանյան կայսրությունում նրա պարտությունից հետո առաջ եկավ քեմալական շարժումը, որը չհամաձայնեց այդ գործընթացի հետ և, ի վերջո, խաղաղության հասավ Օսմանյան կայսրության մասնատման ու հետագա ճակատագրի վերաբերյալ 1920 թ. օգոստոսի 20-ի Սևրի պայմանագրի պահանջները մասամբ կատարելու գնով՝ կնքելով 1923 թ. հուլիսի 24-ի Լոզանի պայմանագիրը, ինչի հետևանքով Սևրի պայմանագիրն ի կատար ածվեց մասամբ, իսկ մասամբ առկախվեց:

Լոզանի պայմանագիրը բացարձակապես չի անդրադարձել և չէր էլ կարող անդրադառնալ Սևրի պայմանագրին, ուստի նաև չէր կարող չեղարկել այն, քանի որ էապես տարբեր էին այդ պայմանագրերի կողմերի կազմը, առարկան և նպատակները:

Սևրի պայմանագիրը գործող փաստաթուղթ է, ի կատարումն դրա՝ Օսմանյան կայսրության նախկին տարածքի վրա առաջացել են Մերձավոր Արևելքի մի շարք պետություններ:

Լոզանի պայմանագրով Թուրքիան հրաժարվել է այդ պայմանագրով չնախատեսված տարածքներից, որոնց շարքում է նաև Լոզանի պայմանագիրը չկնքած Հայաստանը՝ Վիլսոնյան Իրավարար վճռով նրան հատկացված ամբողջ տարածքով:

Ինչ վերաբերում է Վիլսոնի Իրավարար վճռին, ապա այն կայացվելու էր անկախ այն հանգամանքից՝ կկնքնվեր Սևրի պայմանագիրը, թե ոչ։

Այսպես, Փարիզի վեհաժողովի Սան Ռեմոյի նիստը, ի շարս այլ հարցերի, 1920 թ. ապրիլի 24-27–ին քննության առավ այդ հարցը և ապրիլի 26-ին պաշտոնապես դիմեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահը իրավարարությամբ վճռեր Հայաստանի սահմանները : 1920 թ. մայիսի 17-ին նախագահ Վիլսոնը տվեց իր դրական պատասխանը և ստանձնեց Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի պարտակա-

նություններն ու լիազորությունը: Դա Սևրի պայմանագիրը ստորագրելուց (10 օգոստոսի, 1920 թ.) գրեթե երեք ամիս առաջ էր:

Այլ հարց է, որ Սևրի պայմանագրով եղավ ևս մեկ հայցադիմում:

Հարկ ենք համարում նշել, որ հայցադիմումների (compromis) վավերականության (validity) համար բավարար են միայն լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները, և հայցադիմումները վավերացման (ratification) կարիք չունեն:

Ըստ այդմ՝ Սան Ռեմոյի (26 ապրիլի, 1920 թ.), ինչպես նաև Սևրի (10 օգոստոսի, 1920 թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ. նոյեմբերի 22-ին կայացրեց Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանավորվածության` ուժի մեջ մտավ անմիջապես (thereupon), անվերապահորեն և անժամկետ:

Երկու օր հետո՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը:

Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետությունը, 1920 թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց, քանի որ օկուպացվում է բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի կողմից։

Ի պաշտպանություն Սևրի պայմանագրի՝ որպես գործող փաստաթղթի, ինչպես նաև Վիլսոնի Իրավարար վճռի է խոսում նաև այն հանգամանքը, որ Թուրքիան և Ռուսաստանը, կատաղի դիմադրություն են ցույց տալիս դրանց վերաբերյալ բոլոր հիշատակումներին: Եթե դրանք ուժ չունեցող թղթի կտորներ են, ապա ինչո՞ւ են անհանգստանում դրանցով նախատեսված տարածքը զավթած այս երկու պետությունները:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանը որոշած Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկին՝ դարձյալ պետք է շեշտենք, որ այն լեգիտիմ և գործող միջազգային-արբիտրաժային փաստաթուղթ է:

Այդ փաստաթուղթն ընդունվել է և դրանից հետո չի վիճարկվել և, առավել ևս, չի չեղարկվել:

Նրա գործողությունը ևս առկախված է, քանի որ բոլշևիկյան Ռուսաստանը զավթել է Հայաստանի Հանրապետության տարածքը և դրա արևելյան հատվածը՝ Արցախը և Գարդմանքը ներառյալ, իսկ հետագայում, իր զավթած մեկ այլ պետության՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքին միավորելով, ստեղծել է Խորհրդային Ադրբեջան անվանմամբ վարչատարածքային կազմավորում, որին հավելել է նաև Նախիջևանը՝ համաձայն իր և քեմալական Թուրքիայի միջև կնքված Մոսկվայի 1921 թ․ մարտի 16-ի ապօրինի ու հանցավոր պայմանագրի:

1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը, 1920 թ. նոյեմբերի 22-ի Վիլսոնի Իրավարար վճիռը և հայ-ադրբեջանական սահմանը որոշած Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը ոչ միայն կազմում են Հայկական հարցի լուծման իրավաքաղաքական փաթեթը և Հայաստանի Հանրապետության տարածքի ու սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական անձնագիրն են, այլև էական, վճռորոշ հանգամանքներ են Հայաստանի և հայության ֆիզիկական անվտանգության համար:

Առանց այս փաստաթղթերի Հայաստանի Հանրապետությունը կվերածվի Խորհրդային Հայաստանի վարչական սահմանների մեջ ծվարած, ոչ մրցունակ, ոչ կենսունակ, իրավազուրկ ու խոցելի մի կազմավորման, զուգահեռաբար ստիպված կլինի հրաժարվել Ցեղասպանության ճանաչման պահանջից և միջազգային պայմանագրերով լեգիտիմացնել Մոսկվայի և Կարսի ապօրինի ու հայակործան պայմանագրերը, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակահատվածում նախ թափանցիկ մի գոտի կդառնա Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար, իսկ այնուհետև կձուլվի Թուրքիայի ու Ադրբեջանի միջև:

Այդ փաստաթղթերն են, որ ոչ միայն զգաստ են պահում ու զսպում են Թուրքիային, այլև Հայաստանը՝ որպես ապագայի պաշար ունեցող գործոն, հետաքրքիր են դարձնում մեր տարածաշրջանում շահեր հետապնդող ԱՄՆ-ի և մեզ հետ համընկնող շահեր ունեցող այլ ուժերի հետ, որոնց համար շատ կարևոր է ունենալ Թուրքիային զսպելու իրավաքաղաքական ծանրակշիռ լծակներ:

Այս փաստաթղթերն անտեսելը, դրանք չընդունելն ու ոչ կենսունակ, առավել ևս՝ ոչ իրավազոր, համարելը հավասարազոր է Հայաստանի իրավաքաղաքական սպանության ձգտման, մի ձգտում, որ մեր թշնամիների, առաջին հերթին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի, երազանքն է:

Այս փաստաթղթերն անտեսելը նաև դուռ ու հնարավորություն է բացում Ադրբեջանի հայատյաց նպատակների առջև՝ հնարավորության դեպքում հարձակվելու մեր վրա, սպանելու, գերեվարելու, տարածքներ պոկելու և այդպիսով մինչև Երևան հասնելու համար:

Այսօր է, որ Ադրբեջանը իբրև թե համաձայնում է խորհրդային վարչական քարտեզներին: Վաղը, երբ ոտքի տեղն ամրացնի, առաջ է գալու և հարկ եղած դեպքում չեղարկելու է ըստ խորհրդային վարչական սահմանների կայացված համաձայնությունները՝ ասելով, որ դրանք ապօրինի են:

Պետք չէ նաև մոռանալ, որ մեր կողմից՝ որպես Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ ներկայանալու շնորհիվ Ադրբեջանին հաջողվել է մեզ արձանագրելու որպես օկուպանտ, ինչի հիմքով նա պատրաստվում է բազմամիլիարդանոց հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ, իսկ դրանց բավարարման դեպքում Հայաստանը արնաքամ կլինի ու կվերանա Ադրբեջանի հորինովի վնասները հատուցելով: Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Խորհրդային Հայաստանը պետություն չի եղել, այլ ընդամենը ԽՍՀՄ վարչատարածքային միավոր, ուստի չէր կարող իրավահաջորդ ունենալ: Սակայն այս պարզունակ չեկիստական կեղծիքը տիրապետող պետական հայեցակարգ է դարձել և պարարտ հող է մեր կործանման համար:

Ամփոփելով՝ հարկ ենք համարում շեշտել, որ 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը, 1920 թ. նոյեմբերի 22-ի Վիլսոնյան Իրավարար վճիռը և հայ-ադրբեջանական սահմանը որոշած Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկի իրավաքաղաքական հիմքի վրա խարսխված 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության ու նրա տարածքի ապազավթման (դեօկուպացիա) վրա հիմնված ազգային ռազմավարության իրագործումը միայն կարող է ապագա և անվտանգություն բերել Հայաստանին ու հայ ազգին:

Որպես միջազգային հարց և քաղաքական խնդիր՝ Հայկական հարցն ունեցել է մի քանի փուլ: Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության ու արժանապատվության հարց՝ այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի:

Ներկա փուլում Հայկական հարցն արդի Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:

Հայկական հարցի լուծումը, այն է՝ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի իրավունքների վերահաստատումն ինքնանպատակ չէ: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր, կա՛մ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքների հաստատումով, կա՛մ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին:

Հայկական հարցի լուծման բուն նպատակը հայոց կենսունակ պետականության ստեղծումն է, անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովման ճանապարհով հայերի՝ որպես մարդկության անբաժանելի և ինքնատիպ հատվածի հարատևման ապահովումը:

Առանց հայկական հարցի լուծման հայոց պետականությունը կմնա քաղաքականապես անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ:

Հարցականի տակ կդրվի հայոց պետականության ինքնին իմաստը, քանի որ այն կունենա զուտ ձևական բնույթ և չի լուծի պետականության հիմնական խնդիրները.

պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովում,

երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծում,

նախորդ երկուսի հենքի վրա, այսինքն՝ ապահով և բարեկեցիկ երկրի մեջ, ազգային ինքնության և մշակույթի զարգացում:

Ընդսմին, Հայկական հարցի լուծումը կենսական կարևորություն ունի ոչ միայն հայոց պետականության, այլև հայ ժողովրդի՝ իր Հայրենիքում որպես հավաքական հանրություն ապրելու ընդհանրական իրավունքի կենսագործման համար:

Հայկական հարցի լուծումը խիստ հրատապ է։

Դրա շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել այսօր Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր հիմնական մարտահրավերները՝ անվտանգային, ժողովրդագրական (առաջին հերթին հայրենադարձության միջոցով), սոցիալ-տնտեսական, և հասնել կենսաապահովման կայուն վիճակի։

Հույժ հրատապ և խիստ կարևոր են Հայաստանի Հանրապետության շարունակական քայլերը՝ հայոց իրավունքներին տեր կանգնելու ուղղությամբ: Պատեհապաշտ հայտարարություններն ու պահանջատիրական քայլերի տևական բացակայությունը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել հետագայում: Հայկական հարցն անտարբերության մատնելու և պահանջատիրության ուղղությամբ քայլեր չձեռնարկելու՝ Հայաստանի Հանրապետության արդեն գրեթե 2 տասնամյակ տևող քաղաքականությունն առաջիկայում Թուրքիային հնարավորություն կտա վկայակոչելու էստոպելի կիրարկումը (այսինքն՝ երբ Հայաստանի Հանրապետությունն իր գործողություններով կամ դրանց բացակայությամբ ցույց է տալիս, որ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ) և դրանով իսկ էապես հակազդելու հայոց հետագա հնարավոր պահանջներին:

Հայկական հարցի լուծումն ունի միայն մեկ ուղի. դա խաղաղ միջոցներով, փոխզիջումների ճանապարհով, հետևողական և տևական աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնելու ուղին է:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է և դեռ զիջելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության և նրա իրավունքները ոտնահարած երկրների միջև եղած հարաբերությունները, տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ և այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական ձևակերպումներ և լուծումներ։ Այդ դաշտում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:

Հայկական հարցի լուծման ամբողջ գործընթացը կարելի է բաժանել երեք հաջորդական և փոխլրացնող փուլերի.

Նախնական փուլ. Հայկական հարցի (չշփոթել Հայոց ցեղասպանության հետ) լուծմանը նպատակամղված փաստաթղթերի հավաքման, հետազոտման ու համադրման փուլ: Այս փուլի վերջնական արդյունքը պետք է լինի Հայկական հարցին (այլ ոչ թե նրա չեզոքացմանն ուղղված թուրքական հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը) վերաբերող և հայոց պահանջատիրությունը հիմնավորող փաստաթղթի ժողովածուների պատրաստումը, այդ ժողովածուների տարաձև և բազմալեզու հրապարակումը: Այս փաստաթղթերի մեջ առաջնահերթությունը պատկանում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճռի և առդիր զեկույցի, ինչպես նաև հարակից պաշտոնական փաստաթղթերի ամբողջական հրապարակմանը:

Զուգահեռաբար որդեգրել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված ազգային ռազմավարություն, որի մեջ առանցքային դարձնել Հայկական հարցի լուծման հիմնական արդյունքի՝ Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքի դեօկուպացիայի հետապնդումը։ Այս ռազմավարության իրագործման համար արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը պետք է ամեն կերպով ձգտեն Հայկական հարցը վերադարձնել դրա լուծման փաստաթղթերն ընդունած և այսօր մեզ հետ համընկնող շահեր ունեցող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արտաքին ռազմավարությունների օրակարգեր։

Հայաստանի Հանրապետության այս արտաքին ռազմավարության գերակայություններից պետք է լինի նաև բավարար միջազգային ճնշման ստեղծումը։ Մենք պետք է միջազգային ճնշմամբ հասնենք այն բանին, որ Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը՝ իրեն վերաբերվող մասով, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի օրինակով դատապարտեն 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թ․ հոկտեմբերի 13-ի Կարսի ապօրինի պայմանագրերը և պարտավորություն ստանձնեն դրանց հետևանքները վերացնելու ուղղությմաբ։

Միջին փուլ. Այս փուլում անհրաժեշտ կլինի ներգրավել միջազգային իրավունքի, դատական վարույթի և ընթացակարգերի հեղինակավոր մասնագետների, փորձառու գործող իրավաբանների: Փուլի վերջնական արդյունքը պետք է լինի իրավագիտության տարբեր ոլորտների խորագետների մասնակցությամբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործի պատրաստումն՝ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության:

Վերջնական փուլ. Դատական հայցի առաջադրման և դատընթացի սկզբնավորման այս փուլում պետք է ապահովել Հայաստանի Հանրապետության՝ որպես հայոց պահանջատիրության հիմնական իրավունքների առաջնային կրողի, լիակատար ընդգրկումը գործընթացի մեջ: Հասնել այն բանին, որ Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքը ոտնահարելու և ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հարցը ներառվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի օրակարգ (տվյալ կառույցի Կանոնակարգի #36 հոդվածի 2-րդ կետի շրջանակում): Փուլի վերջնական արդյունքը պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ՄԱԿ-ի Կանոնակարգի #34 և #35 հոդվածների շրջանակում) Թուրքիայի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարման հետևանքով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների հարցի քննարկումը, ինչպես նաև գործնական քայլերի նախաձեռնումն՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ: Այսինքն՝ միջազգային օրենքի շրջանակում, պարտադրել Թուրքիայի Հանրապետությանը, ինչպես նաև այլ հանձնառու երկրներին, կյանքի կոչելու ստանձնած պարտավորությունները, որոնք մասնավորապես ներառված են Վիլսոնի՝ 22 նոյեմբերի 1920թ. իրավարար վճռի մեջ, և ապահովելու միջազգային օրենքի լիակատար իրագործումը տարածաշրջանում և օրենքի ոտնահարման հետևանքով առաջացած հետևանքների ամբողջական հաղթահարումը:

Հայկական հարցի լուծման ձևախեղումը մեծ վտանգ է պարունակում իր մեջ։ Վերջին 50 տարում Հայկական հարցի լուծումն ընթացել է Հայոց ցեղասպանությունն ընդունել տալու ճանապարհով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել հայոց պետականազուրկ վիճակով և գոնե որոշակի հաջողություններ գրանցելու ձգտումով: Եթե նման քաղաքականությունը որոշակի վերապահումով կարելի է արդարացնել այն ժամանակների և հնարավորությունների համար, ապա 1991թ. հայոց պետականության վերահաստատումից հետո նման քաղաքական հիմնուղին ժամանակավրեպ է և անարդյունավետ: Նմանապես, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դրույթը սոսկ ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայությունների մեջ՝ առանց Հայաստանի Հանրապետության իրավունքների վերականգնման և Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության կողմից տարածքային, նյութական և բարոյական հատուցման զուգորդման, այդպիսի քաղաքականությունն անպտուղ է և մինչև իսկ՝ վտանգավոր: Հարցի նման առաջադրումը ստեղծում է հարցի հնարավոր լուծման պատրանքային վիճակ. այն կլանում է հսկայական մարդկային և նյութական միջոցներ և փոշիացնում է բուն նպատակին հասնելու քաղաքական կամքը: Հայկական հարցի՝ անգամ մասնակի լուծումը, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ընդլայնումը, կամ Արցախի հարցի, մինչևիսկ, կատարելապես հայանպաստ ելքը, էապես չեն փոխելու Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական վիճակը: Հայաստանը մնալու է նույնքան խոցելի և շրջափակելի՝ գոյատևման և զարգացման համար խիստ սահմանափակ հնարավորություններով:

Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել բացառապես Հայկական հարցի լուծման համատեքստում՝ Թուրքիայի կողմից հատուցման օրակարգով։

Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չի զղջացել, քանի դեռ չի դատապարտել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, պատրաստակամություն չի հայտնել չեզոքացնելու դրանցով հասցված վնասների հետևանքները և հատուցելու այդ ամենի համար, Հայաստանի Հանրապետության կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կնշանակի այդ ամենի նկատմամբ համաձայնություն ու այդ ամենի լեգիտիմացում և ազգային ու պետական հեռանկարից գիտակցաբար հրաժարում, այսինքն՝ գիտակցված ինքնասպանություն։

Հայաստանի և Թուրքիայի միջև լեգիտիմ սահմանը գծվել է Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով և կարող է բացվել միայն Թուրքիայի կողմից դա ճանաչելու պայմանով և դրանից հետո։

Ինչ վերաբերվում է Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունների բացմանը, ապա դա հնարավոր և Հայաստանի համար անվտանգ կլինի առվազն այն ժամանակ, երբ Թուրքիան կընդունի իր կատարածը, կզղջա և պատրաստակամություն կհայտնի հատուցման վերաբերյալ։

Ներկայիս Թուրքիայի տնտեսական ու ռազմական ագրեսիվ քաղաքականության պարագայում հաղորդակցության բացման հետևանքով Հայաստանը կարճ ժամանակ անց կկլանվի և կվերածվի Թուրքիայի կցորդի։

Բացի վերը նշվածը, Հայաստանը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ բաց հաղորդակցությանը, ինչի համար նախ անհրաժեշտ է ունենալ ազգային կառավարություն, ապա նաև՝ համապատասխան օրենքներ ու որոշումներ և դրանց կիրառման հնարավորություններ ու կարողություններ։

Նախիջևանի,Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերը Հայկական հարցի մի մասն են և պետք է լուծվեն Հայկական հարցի լուծման, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի համատեքստում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշվել է Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի 1920թ․ փետրվարի 24-ի զեկույց-առաջարկով։ Համաձայն դրա՝ Արցախը և Գարդմանքը Հայաստանի Հանրապետության սահմանից ներս գտնվող և նրա անբաժանելի մասը կազմող տարածքներ են։

Նախիջևանի մասին այդ զեկույցում խոսք չկա, քանի որ Նախիջևանը Ադրբեջանի հետ տարածքով չի առնչվել և չի առնչվում, այն Հայաստանի ներքին տարածք է։

Նույն տրամաբանությամբ, ինչպես Թուրքիայի պարագայում, Ադրբեջանին ևս պետք է բերել միջազգային իրավունքի դաշտ և դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան։

Դրա համար պետք է օգտագործել ամբողջ հնարավոր արտաքին քաղաքական և դիվանագիտական ռեսուրսն ու գործիքարանը՝ նպատակ ունենալով հիմնովին վերանայել հայ–ադրբեջանական հակամարտության և Արցախի հարցի իրավաքաղաքական համատեքստը։ Մինսկի խմբում հայ-ադրբեջանական հակամարտությունը և Արցախի հարցը պետք է այսուհետև դիտարվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հրամայականի տիրույթում։ Ըստ այդմ՝ պետք է վերանայվի Մինսկի խմբի օրակարգը՝ նրա հիմնական խնդիրը դարձնելով Արցախի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերը ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով լուծելը։ Մինչ այդ Մինսկի խումբը պետք է ապահովի Հայկական բանակի վերադարձը 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության պահի դիրքեր, միջազգային խաղաղապահներ տեղակայի Արցախում՝ հայ-ադրբեջանական շփման գծում տարանջատի զորքերը՝ բացառելով հրադադարի խախտումները։

Հայաստանի Հանրապետության արտաքին ռազմավարության գերակայություններից պետք է լինի նաև բավարար միջազգային ճնշման ստեղծումը։ Մենք պետք է միջազգային ճնշմամբ հասնենք այն բանին, որ Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը՝ իրեն վերաբերվող մասով, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի օրինակով դատապարտեն 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թ․ հոկտեմբերի 13-ի Կարսի ապօրինի պայմանագրերը և պարտավորություն ստանձնեն դրանց հետևանքները վերացնելու ուղղությմաբ։

Նախիջևանի պարագայում, եթե Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը, դատապարտեն Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերը և հրաժարվեն դրանցով արձանագրված տարածքային վերաձևումներից ու հետևանքներից (որոնցով Նախիջևանի մարզը տրվեց Ադրբեջանին՝ երրորդ կողմին չհանձնելու պայմանով), ապա հնարավոր կլինի Նախիջևանը Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո վերադարձնել՝ առանց հավելյալ ջանքերի։

Մինչ այս, և առհասարակ, պետք է բացառել խորհրդային վարչական սահմաններով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, առավել ևս՝ սահմանազատումն ու սահմանագծումը։ Սահմանազատումն ու սահմանագծումը կարող են լինել 1920թ․ փետրվարի 24-ի Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի զեկույց առաջարկով սահմանվածի հիման վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ կամ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմամբ։

Ասվածի համատեքստում Հայաստանը պետք է անդրադառնա 2020 թ․ նոյեմբերի 9-ի Ալիև–Փաշինյան-Պուտին եռակողմ հայտարարությանը և ի կատարումն, կամ ի զարգացումն դրա, ընդունված մյուս փաստաթղթերին ու կատարված գործողություններին։

Ըստ այդմ, դրանք ընդունելի են մնալու բացառապես հրադադարին և հումանիտար հարցերին վերաբերվող մասով, իսկ մնացյալ մասով չեղարկվելու են։ Չեղարկվելու են նաև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ու համաձայնությունները, եթե այդպիսիք համապատասխանաբար ընդունվեն կամ ձեռք բերվեն՝ ի խախտումն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված սահմանների և իրավուքների։

Հայաստանը հետամուտ է լինելու Ալիևին՝ որպես պատերազմի հանցագործի, Հաագայի միջազգային քրեական դատարանում պատասխանատվության կանչելուն։ Նիկոլ Փաշինյանը և նրա գործակիցները պատասխանատվության են կանչվելու անցումային արդարադատության շրջանակներում իրականացվելիք քրեական արդարադատության (Հայկական Նյուրնբերգ) ձևաչափով։

Բոլոր դեպքերում՝ Հայաստանի Հանրապետությունը, անկախ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ միջազգային-իրավական դաշտում արձանագրած, կամ չարձանագրած հաջողություններից, պետք է ամեն կերպով հետամուտ լինի դրան՝ հարկ եղած դեպքում այն պաշտպանելով նաև ռազմական միջոցներով։

Աշխարհը հիմնված է շահերի վրա: Պետությունները գործում են ըստ իրենց շահերի: Հայաստանը պաշտոնապես Արևմուտքի թշնամի Ռուսաստանի դաշնակիցն է և, Ռուսաստանի թելադրանքով, գործում է Արևմուտքի դեմ: Միևնույն ժամանակ՝ Արևմուտքը գիտակցում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար իրականում ոչ թե դաշնակից է, այլ՝ թշնամի, որը գաղութացրել է Հայաստանը և իր դաշնակցությունը պարտադրելով՝ Հայաստանը ծառայեցնում է իր շահերին:

Նման երկակի իրավիճակում Արևմուտքը չի կարող բացահայտ կերպով աջակցել Հայաստանին, սակայն անգամ վերջին Արցախյան պատերազմի ժամանակ առաջարկել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն, այդ թվում՝սպառազինություն ու ռազմական տեխնիկա: Հայաստանի դավաճանական ղեկավարությունը, Ռուսաստանի թելադրանքով, չի ընդունել այդ առաջարկությունները:

Բացի դրանից, Արևմուտքն անուղղակի կերպով զսպել է Թուրքիայի լայնածավալ անմիջական մասնակցությունը պատերազմին, ինչն ակնհայտ է դառնում թե պատերազմի օրերի և թե, հատկապես, հետպատերազմյան ժամանակաշրջանի դեպքերը ուժերի հարաբերակցության, իրավիճակի և գործընթացների համադրմամբ վերլուծելիս:

Արևմուտքն այս ամենն արել է երկու նպատակով՝ Հայաստանին տեսնելով որպես իր ապագա դաշնակից, ինչպես նաև հետևելով մարդասիրության քաղաքակրթական չափանիշներին, ինչից զուրկ են թուրքական և ռուսական կայսերական համակարգերը:

Արևմուտքը հետևողականորեն շարունակում է Հայաստանը ռուս-թուրքական փակուղուց դուրս բերելու և իր դաշնակիցը դարձնելու քաղաքականությունը, սակայն արագ ու լիակատար հաջողություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը և հայությունը մասնակցեն իրենց ազատագրմանը, այլ ոչ թե շարունակեն սպասարկել Ռուսաստանի շահը կամ անտարբեր դիտորդի նման վերաբերվեն իրենց ճակատագրին:

Հայաստանը շատ կարևոր աշխարհաքաղաքական դիրք ունի և կարող է դառնալ քաղաքակրթությունների ու տարածաշրջանների միջև կամուրջ-միջնորդ: Աշխարհը թևակոխել է արմատական, դարակազմիկ փոփոխությունների շրջափուլ: Այս փոփոխությունները պայմանավորված են երկու հիմնական գործոններով: Դրանցից առաջինը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունն է՝ համաշխարհային առաջատարի դերի համար, իսկ երկրորդը՝ տնտեսական, ուստի նաև քաղաքական նոր համաշխարհային կառուցվածք թելադրող 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն է, որի հետևանքով աշխարհը բաժանվելու է, ըստ էության, ինքնաբավ տարածաշրջանների (ռեգիոնների): Որպես ուժային կենտրոններ կլինեն այն տերությունները կամ տերությունների խումբը, որոնք կարող են ձևավորել տարածաշրջաններ: Ակնհայտ է, որ տնտեսապես թույլ, տեխնոլոգիապես հետամնաց, նվազ բնակչությամբ, ապագայի ոչ մի գաղափար չունեցող Ռուսաստանը չի կարող տարածաշրջան ձևավորել և ստիպված է լինելու, կամ սպասարկել որևէ այլ ուժային կենտրոնի, կամ կոշտ կերպով դիմակայել համաշխարհային անշրջելի ու անհաղթահարելի գործընթացներին ու մասնատվել: Չինաստանի ծավալումը ձախողելու և Արևմուտքի ազդեցությունը պահպանելու նպատակով, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ինչպես նաև հսկա Հնդկաստանը, շուտով նաև Արևմուտքի հետ ունեցած իր խնդիրները լուծող Իրանը, ստեղծում են Հնդկաստանից դեպի Եվրոպա (հարավ-հյուսիս) միջանցք, որպես այլընտրանք Չինաստանի ծրագրած «Մեկ ուղի-մեկ գոտի» անվամբ` Չինաստանից դեպի Եվրոպա (արևելք-արևմուտք) միջանցքին։ Այլտընտրանքային այս միջանցքի վրա Հայաստանը և Վրաստանը դառնում են կենսականորեն կարևոր կամուրջ: Հայաստանը, մաս կազմելով Հարավ-Հյուսիս միջանցքին, դառնալու է կամուրջ և միջնորդ թե ՛ քաղաքակրթական, և թե ՛ տարածաշրջանային առումներով, ինչի շնորհիվ այդ միջանցքից օգտվող բոլոր երկրների և ուժերի համար ձեռք է բերում կենսական կարևորություն: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերին, ապա դրանք կարճ ժամանակահատվածում էապես թուլանալու են՝ հիմնականում հենց նույն Ռուսաստանի հետ կապված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսակյան զարգացումների պատճառով: Մեր հիմնական տնտեսական գործընկերներն են դառնալու Հնդկաստանը, Իրանը, Վրաստանը և Արևմուտքը:

Հայաստանի ռազմական կարողություններն իսկապես շատ փոքր են: Այո, պետք է ընդունենք, որ ռազմական ճանապարհով չենք կարող ապահովել մեր անվտանգությունը:

Երբ Հայաստանը դառնա ինքնուրույն պետություն և ունենա իրական դաշնակիցներ, կարճ ժամանակ անց նույնիսկ իր ուժերով կկարողանա զսպել թշնամիներին:

Ռուսաստանի հույսին չենք կարող մնալ: Ռուսաստանի շահերը հակասում են մեր շահերին: Վերջապես պետք է հասկանանք, որ Հայաստանը Ռուսաստանի ու Թուրքիայի համար ընդամենը մանրադրամ է, որ նրանք օգտագործում են իրենց առևտրի մեջ:

Հիմա այն ժամանակն է, երբ Ռուսաստանը թուլանում է և, փուլ առ փուլ նահանջելով, հեռանում է մեր տարածաշրջանից:

Ռուսաստանն արդեն երկու անգամ հեռացել է՝ 1918-ին և 1990-ականների առաջին կեսին: Սա երրորդ և վերջին անգամն է լինելու:

Եվ քանի որ Ռուսաստանը Արևմուտքին համարում է որպես իր հիմնական թշնամի, ուստի գերադասում է սկզբում մեր տարածաշրջանը կիսել Թուրքիայի հետ, իսկ եթե այդ կեսն էլ չկարողանա պահել, ապա պատրաստ է ամբողջը հանձնել Թուրքիային, միայն թե Արևմուտքը ոտք չդնի մեր տարածաշրջան:

Մնում է մեկ ելք:

Գտնել քաղաքական ճանապարհ մեր անվտանգության ապահովման համարմ ինչպե նաև այնպիսի գերուժ, որի շահերը համընկնում են մեր շահերի հետ և որը կարող է ապահովել մեր անվտանգությունը՝ նրա հետ դաշնակցելու պարագայում:

Աշխարհում ԱՄՆ-ից բացի չկա մեկ ուրիշ այդպիսի գերուժ, որի շահերը հակասում են թե՛ Թուրքիայի, և թե՛ Ռուսաստանի հզորացման ու ծավալման նպատակներին և որը կարող է զսպել նրանց:

Բայց նույնիսկ գերուժ ԱՄՆ-ն չի կարող մեր անվտանգությունն արդյունավետ ձևով ապահովել, եթե մենք մնանք որպես մեր թշնամի Ռուսաստանի ձևական դաշնակից, գործենք հօգուտ Հայաստանը վերացնելու ռուս-թուրքական ծրագրի և հանդես գանք ԱՄՆ շահերի դեմ:

Ցավոք սրտի, այսպես շարունակելու դեպքում կգա այն օրը, երբ ԱՄՆ-ն էլ կհոգնի ինքնասպանություն գործող Հայաստանից և այլ ձևեր ու այլ դաշնակիցներ կգտնի՝ իր շահերը սպասարկելու համար:

Եվ հավանական թեկնածու կարող է լինել հենց Ադրբեջանը:

Մենք՝ հայերս, եկել ու կանգնել ենք մեծ ընտրության առաջ: Կամ մենք կհրաժարվենք ռուս-թուրքական գաղութի հպատակ բնակիչներ լինելու դարավոր սովորույթից և կդառնանք ինքնիշխան Հայաստանի քաղաքացիներ, կամ, կարճ ժամանակ հետո, կվերանանք նաև մեր Հայրենիքի այս վերջին կտորի վրա:

Եթե չենք ուզում դիտորդի դերում հետևել, թե ինչպես է Ռուսաստանը մեզ վաճառում Թուրքիային ու Ադրբեջանին և հեռանում, եթե չենք ուզում իսկապես անհետանալ պատմության էջերից, պետք է օր առաջ բռնենք ԱՄՆ-ի և, ըստ էության, ամբողջ Արևմուտքի մեկնած ձեռքը և ստանանք այն աջակցությունը, որ նրանք առաջարկում են մեզ:

ԱՄՆ-ի օրենսդրությամբ նախատեսված է ԱՄՆ-ի «Ոչ ՆԱՏՕ անդամ Հիմնական Դաշնակցի» կարգավիճակ։ Այն չի ենթադրում ՆԱՏՕ-ի անդամակցություն, բայց, ըստ էության, տալիս է անվտանգության ապահովման նույն հնարավորությունները: Այդ կարգավիճակը հնարավոր է ձեռք բերել շատ արագ և հեշտ կերպով, քանի որ չի պահանջում համապատասխանության որևէ չափանիշ:

Դառնալով ԱՄՆ-ի «Ոչ ՆԱՏՕ անդամ Հիմնական դաշնակից», Հայաստանը ոչ միայն կստանա ԱՄՆ-ի հեռակա աջակցությունը Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու ձևով, այլև ԱՄՆ-ի՝ ֆինանսական, մասնագիտական և ռազմատեխնիկական օգնության շնորհիվ, կկարողանա կարճ ժամանակահատվածում ստեղծել Ազգ-բանակ ու պաշտպանել ոչ միայն իր, այլև դաշնակից ԱՄՆ-ի շահերը:

Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ որպես Հնդկաստանը Եվրոպային կապող Հարավ-Հյուսիս միջանցքի անփոխարինելի մաս, Հայկական գործոնի հսկայական ներուժը, այդ թվում՝ տարածաշրջանի քաղաքակրթությունները կամրջելու կարողությունը, Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական լծակները, առաջին հերթին Սևրի պայմանագրով ու Վիլսոնի Իրավարար վճռով սահմանված իրավունքները, Հայաստանը և հայությանը դարձնում են ԱՄՆ-ի համար շատ թանկ ու կարևոր:

Ուստի ԱՄՆ-ն խիստ շահագրգռված է լինելու Հայաստանին ընդունելու որպես ԱՄՆ-ի «Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից» և բոլոր միջոցներով ապահովելու նրա անվտանգությունը:

ԱՄՆ-ը, ի տարբերություն Ռուսաստանի, ոչ թե վաճառում է իր դաշնակիցներին, այլ ըստ ամենայնի օգնում է նրանց:

Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հույսին մնալը և ԱՄՆ-ի մեկնած ձեռքը չբռնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ կամավոր ինքնասպանություն:

Առհասարակ պետությունները դաշնակից կամ թշնամի են դառնում ըստ շահերի:

Իրենց հերթին՝ պետությունների կենսական պահանջմունքներից բխող շահերը հնարավոր է ապահովել որոշակի հանգամանքներում:

Երբ հանգամանքները փոփոխվում են, փոփոխվում են նաև այն լծակները, որոնց միջոցով պետություններն ապահովում են իրենց շահերը:

Պետությունների համար այդպիսի լծակներ են նաև ուրիշ պետությունների հետ հարաբերությունները, առաջին հերթին՝ դաշինքները:

Թուրքիան Արևմուտքին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, անհրաժեշտ է որպես լծակ ընդդեմ Ռուսական կայսրության՝ նրան զսպելու և հակակշռելու համար, եթե Ռուսաստանը հզոր է և վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար:

1-ին համաշխարհային պատերազմից հետո, երբ Ռուսաստանը թուլացած էր ու քայքայված, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ի կատար էին ածում Օսմանյան կայսրությունը մասնատելու իրենց ծրագիրը:

Եվ եթե արդեն Խորհրդային Ռուսաստանը չհզորանար ու քեմալական շարժմանն ամեն կերպով չօգներ, չփրկեր ու հնարավորություն չստեղծեր ձևավորելու այսօրվա Թուրքիան, ապա Սևրի պայմանագիրն ու Վիլսոնյան Իրավարար վճիռն ամբողջությամբ ի կատար կածվեին և ներկայիս Թուրքիան չէր լինի:

Քեմալական Թուրքիան, Խորհրդային Ռուսաստանի վճռորոշ օգնությամբ ձևավորվելուց հետո, երես թեքեց նրանից ու իրեն մատուցեց Արևմուտքին՝ ընդդեմ բոլշևիկյան անհեթեթ ծավալապաշտության, որը Ռուսաստանը ձգտում էր տարածել համաշխարհային հեղափոխության միջոցով։

Թուրքիան շատ ավելի պիտանի դարձավ Արևմուտքի համար երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ԽՍՀՄ-ը զավթեց Եվրոպայի կեսը և վերածվեց համաշխարհային գերուժի:

Այդ ժամանակ Թուրքիան դարձավ նորաստեղծ ՆԱՏՕ-ի անդամ և լուրջ դեր խաղաց ԽՍՀՄ-ին զսպելու առումով:

ԽՍՀՄ-ի լուծարումից, Արևելյան Եվրոպայի ազատագրումից և Սառը պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-ի և Արևմուտքի համար Թուրքիան սկսեց անշեղորեն կորցնել իր նշանակությունը:

Ներկայումս Թուրքիան անթաքույց կերպով ձգտում է իր ազդեցության ընդարձակմանը և այդ նպատակով փաստացի դաշնակցում է ԱՄՆ-ի ռազմավարական հակառակորդ Չինաստանի հետ և իրավիճակային-մարտավարական դաշինք է կազմել Չինաստանին զսպելու գործում ԱՄՆ-ի ռազմավարության համար էական վտանգ ներկայացնող Ռուսաստանի հետ՝ ամեն կերպ ձգտելով խափանել ԱՄՆ-ի ազդեցության մեծացումը իր և Ռուսաստանի ազդեցության գոտիներում: Զուգահեռաբար Թուրքիան սպառնում է Հունաստանին և Կիպրոսին։

Սա է պատճառը, որ Թուրքիան, մնալով որպես ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ի ձևական դաշնակից, իրականում դարձել է նրա մրցակիցն ու հակառակորդը և, այսպես շարունակելու դեպքում, կվերածվի թշնամու: Իսկ Թուրքիան չի կարող չշարունակել, քանի որ հակառակ պարագայում ստիպված կլինի հաշտվել իր դերի ու նշանակության արագընթաց նվազման հետ: Դա էլ ի վերջո հանգեցնելու է առաջին աշխարհամարտի արդյունքների, այն է՝ Սևրի պայմանագրի ու Վիլսոնյան իրավարար վճռով սահմանվածի, տրամաբանությամբ Թուրքիան մասնատելուն։

ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ ի հակակշիռ արևելքից արևմուտք ձգվող և Չինաստանի համաշխարհային առաջատարությունը հաստատելու նպատակ հետապնդող «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծին, մշակվել և կյանքի է կոչվում Հնդկաստանը Իրանի և մեր տարածաշրջանի վրայով Եվրոպային միացնող Հարավ-Հյուսիս նույնաբնույթ ճանապարհը, իսկ Թուրքիան ընկնում է դրանով գծվող տիրույթից ներս: Բնականաբար, ԱՄՆ-ն և Արևմուտքի մյուս ուժերը չեն կարող վստահել, որ հզորացող ու ագրեսիվ Թուրքիան՝ ներկայիս մեծ տարածքով ու արագ աճող մեծաքանակ բնակչությամբ, նույն կերպով մնա ու գործի իր այս կենսական տիրույթում:

Ասվածից հետևում է, որ Թուրքիան այևս չի կարող լինել ԱՄՆ-ի դաշնակից, արդեն նրա հակառակորդն է և շուտով կդառնա նրա թշնամին:

Այլ հարց է, որ կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը դեռևս մասամբ ձեռնտու է ԱՄՆ-ին, բայց այդ հանգամանքը չի կարելի շփոթել իրական ռազմավարական դաշնակցության հետ: Ռազմավարական առումով ամեն ինչ հակառակն է: Ռուսաստանը դատապարտված է Արևմուտքի հետ հակամարտության մեջ հերթական ու վերջին քաղաքակրթական պարտության, որից հետո Թուրքիան միայն բեռ ու պրոբլեմ կդառնա Արևմուտքի համար:

Մենք արդեն տեսնում ենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ, զսպում է նրա ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչի համար օգտագործում է ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, նույնիսկ, այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգը, որը ծրագրել են Ռուսաստանն ու Թուրքիան, սակայն ԱՄՆ-ի շնորհիվ փաստացի դեռևս չեն կարողանում կիրառել՝ ըստ իրենց նախատեսածի:

Այսպիսով, ներկայումս Թուրքիան միայն ձևական դաշնակից է ԱՄՆ-ի համար, ԱՄՆ-ը այդ ձևական հանգամանքից առայժմ չի հրաժարվում, քանի որ նա դեռևս կարճ ժամանակով անհրաժեշտ է Ռուսաստանի հետ իր մրցակցության մեջ, ինչպես նաև այն պատճառով, որ որևէ անդամի ՆԱՏՕ-ից դուրս հանելու ընթացակարգ գոյություն չունի: ՆԱՏՕ-ում Թուրքիայի մնալ-չմնալու հարցը թերևս կլուծվի ավելի մեծ համատեքստում, որի տարբերակները դիտարկվում են:

Չմոռանանք նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը, որի մեջ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին և ոչ ՆԱՏՕ-ի անդամ Կիպրոսին պաշտպանում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։

Հակառակ Թուրքիային՝ Հայաստանը մեծ հեռանկար ունի Հարավ-Հյուսիս ուղու համատեքստում, ինչպես նաև ամբողջ Մերձավոր Արևելքում իր շահերին համահունչ ԱՄՆ-ի ռազմավարական շահերի ապահովման առումով, ինչի համար որպես Թուրքիային զսպելու ունիվերսալ գործիքներ շատ կարևոր են Սևրի պայմանագիրը և Վիլսոնյան Իրավարար վճիռը:

Հայաստանը տարածքային խնդիրներ ունի իր հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ինչպես նաև չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին, ուստի չի կարող դառնալ ՆԱՏՕ անդամ: Սակայն Հայաստանն ունի այսօր և այստեղ իր անվտանգությունն ապահովելու հրամայական, ուստի Բևեռը, ստանձնելով Հայաստանի կառավարումը, անմիջապես դիմելու է ԱՄՆ-ին՝ մեր անվտանգության ապահովմանն ուղղված հրատապ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև գերկարճ ժամանակահատվածում Հայաստանը ԱՄՆ-ի «Ոչ ՆԱՏՕ անդամ Հիմնական Դաշնակից» դարձնելու խնդրանքով:

Ոչ, ընդհակառակը:

Պետք է կարողանանք հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմը սկսվել է Սարդարապատից, առաջին փուլում ավարտվել է 1920-1921 թ. ռուս-թուրքական բռնազավթմամբ, ապա վերսկսվել է 1988-1994 թթ., այնուհետև եղել է ժամանակավոր հրադադար, հետո նորից տաք փուլ է եղել 2020-ին, իսկ հիմա դարձյալ ընդամենը հրադադար է, սակայն հարմար պահին նորից կլինի տաք պատերազմ:

Քանի դեռ այս պարզ ճշմարտությունը չենք հասկացել, պատերազմը կշարունակվի մինչև Հայաստանի Հանրապետության վերացումը: Էական չէ՝ տաք թե քողարկված պատերազմով:

Ով չի հասկանում, որ փոքրիկ ու թույլ Հայաստանը չի կարող գոյատևել, եթե Ռուսաստանը նրա ձեռքերը ոլորել է, Ադրբեջանը հարվածներ է հասցնում, իսկ Թուրքիան թե՛ օգնում է նրան, և թե՛ պատրաստվում է կլանել մեզ:

Միակ լուծումը և փրկությունը ռուս-թուրքական մահացու փակուղուց դուրս գալու մեջ է:

Բևեռը հենց այդ ճանապարհն է առաջարկում:

Այն է՝ որդեգրել 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված ազգային ռազմավարություն, դատապարտել Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերը, ասպարեզ բերել 1918-20 թթ. Սևրի պայմանագիրն ու Վիլսոյնան Իրավարար վճիռը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանը որոշած Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի 1924 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը, դուրս գալ Ռուսաստանի շուրջ ստեղծված ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կեղծ կառույցներից, Հայաստանի անվտանգության ապահովման համար անմիջապես դիմել Արևմուտքին, ԱՄՆ-ին՝ խնդրելով սկզբի համար անհրաժեշտ հրատապ քայլերի կատարում, Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայում, իսկ կարճ ժամանակահատվածում նաև ԱՄՆ-ի «Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի» կարգավիճակ:

Միայն այս ճանապարհով մենք կկարողանանք ազատվել օկուպանտի պիտակից, մեր դեմ Ադրբեջանի նախատեսած բազմամիլիարդանոց հայցերից, մեզ հետ ուժի դիրքերից վարվելու նրա քմահաճույքներից և, ընդհակառակը՝ Ադրբեջանին բացահայտել՝ որպես օկուպանտի, նրան ներկայացնել փոխհատուցման հայցեր, նրա ղեկավարությանը քարշ տալ Հաագայի միջազգային քրեական դատարան՝ իրենց կատարած պատերազմական հանցագործությունների համար և, ըստ այդմ, ապահովել մեր անվտանգությունը Ռուսաստանի արյունաքամող կոշտ ազդեցությունից և Ադրբեջանի ու Թուրքիայի հայաստանակործան ծրագրերից:

Եթե Ռուսաստանը չլիներ, մենք ԽՍՀՄ լուծարումից հետո՝ 1990-ականներին, ամբողջությամբ կջախջախեինք ու կապիտուլյացիայի կենթարկեինք Ադրբեջանին: Զուգահեռաբար՝ կորդեգրեինք 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված ազգային ռազմավարություն, կդատապարտեինք Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերը, ասպարեզ կբերեինք 1920 թ. Սևրի պայմանագիրն ու Վիլսոյնան Իրավարար վճիռը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանը որոշած Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը: Եվ, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպացվել էր և նրա տարածքները, այդ թվում՝ Արցախը, բռնակցվել էին, միանգամայն լեգիտիմ միջազգային-իրավական հիմքերով կազատագրեինք Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը ու դրանք կներառեինք Հայաստանի Հանրապետության կազմում:

Այս ամենը մենք կարող էինք անել, քանի որ Ռուսաստանը չէր վերագաղութացնի Հայաստանը, մենք կունենայինք ոչ թե ռուսական գործակալներից ու ստրկամիտ թալանչիներից կազմված գաղութային ադմինիստրացիա, այլ իրապես ազգային կառավարություն, որը կհզորացներ մեր երկիրը, արտագաղթ թույլ չէր տա, կհամախմբեր համայն հայությանը և կկազմակերպեր մեծ հայրենադարձություն, մենք կլինեինք Ադրբեջանից տասնապատիկ ուժեղ և նույնիսկ ազդեցություն կունենայինք Ադրբեջանի վրա: Ամենայն հավանականությամբ, որպես այդպիսին Ադրբեջան չէր էլ լինի, քանի որ նրա տարածքի մեծ մասի վրա կկազմավորվեին բնիկ ժողովուրդների պետություններ:

Բայց, քանի որ Ռուսաստանը կար և կա ու գաղութացրել է Հայաստանը, զրկել է մեզ վերը նշված հնարավորություններից, մեզ վերածել է թույլ ու քայքայված մի օրգանիզմի, արդեն կարողանում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված նորից կիսել ու բաժանել Հայաստանը:

Ռուսաստանն ու Թուրքիան մեր գլխին լավ և վատ ոստիկանի խաղն են խաղում արդեն ավելի քան երկու հարյուր տարի:

Դրա հետևանքով հայերը բնաջնջվել կամ հեռացել են մեր Հայրենիքի մեծ մասից, սակայն նույնիսկ ներկայիս վերջին կտորի վրա մնացած փոքրիկ Հայաստանը խանգարում է այս թշնամի կայսրություններին, և նրանք որոշել են մեզ ջնջել պատմության էջերից:

Եթե մենք, կույր ու հիմարի նման, միայն այսօրը տեսնենք, ապա մեր թշնամիները կհաջողեն ու կվերացնեն հային ու Հայաստանը:

Հայաստանում գտնվող ռուսական զորքերի նպատակը Ռուսաստանի շահերի պաշտպանությունն է, այդ թվում՝ Հայաստանի շահերի հաշվին և դրանց դեմ:

Ռուսաստանի և Հայաստանի շահերը հակասում են իրար, մենք չենք կարող դաշնակից լինել:

Ռուսաստանը Թուրքիայի հետ կնքած Մոսկվայի ապօրինի պայմանագրով, ըստ էության, ընդունել է, որ թշնամի է Հայաստանին, ինչպես Թուրքիան:

Ռուսական զորքերը Հայաստանը գաղութացնող զավթիչ զորքեր են, որ անհրաժեշտ պահին ոլորելու են մեր ձեռքերը (ինչպես արեցին 44-օրյա պատերազմի ժամանակ) և հարվածելու են մեզ թիկունքից: Այս վերջինը կլինի այն դեպքում, եթե մենք շարունակենք մեզ համարել Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ և չհրաժարվենք մեր վզին փաթաթած ռուս-թուրքական կեղծ երկընտրանքից, սակայն այդ կարգավիճակով փորձենք քայլեր կատարել ռուս-թուրքական մահացու աքցանից դուրս գալու ուղղությամբ: Այսինքն՝ եթե դա անենք առանց 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը հռչակելու, առանց Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերը դատապարտելու և Սևրի պայմանագիրն ու Վիլսոյնան Իրավարար Վճիռը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանը որոշած Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը նորից ասպարեզ բերելու, առանց ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ դաշինք կազմելու:

Բացի դրանից, ռուսական զորքերն, առանց մեզ հարցնելու, շուտով դուրս են գալու Հայաստանից: Դա տեղի է ունենալու այն պատճառով, որ Ռուսաստանը թուլացել է, վերածվել է գաղափարապես սնանկ, տնտեսապես ու տեխնոլոգիապես հետամնաց, արդեն նաև ռազմական առումով Արևմուտքին զգալի չափով զիջող մի կայսրության, որը, փոխարենը հաշտվելու իրականության հետ, ձեռնոց է նետել կոլեկտիվ Արևմուտքին: Արդյունքը պարզ է. եթե ավելի քան տասը անգամ հզոր ԽՍՀՄ-ը չդիմացավ Արևմուտքին ու կործանվեց, ապա նրա մնացորդ Ռուսաստանը ոչ մի շանս չունի:

Ռուսաստանը փորձում է մեր տարածաշրջանից իր դուրս գալու հետևանքները (տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի և Արևմուտքի գերակայության հաստատում և հետագայում Ռուսաստանի վերադարձի բացառում) ձախողելու կամ գոնե հետաձգելու համար տարածաշրջանը նախ կիսել Թուրքիայի հետ, ապա, երբ էլ ավելի կթուլանա, ամբողջությամբ հանձնել նրան:

«Եթե Ռուսաստանը չլինի, ապա Թուրքիան մեզ կոչնչացնի» թեզն անհիմն է և անհեթեթ: Դա հորինել են նույն Ռուսաստանը և Թուրքիան՝ մեզ վախի ազդեցությամբ իրենց առևտրում մանրադրամի պես օգտագործելու և վերացնելու համար:

Հարևան կայսրությունները միշտ էլ թշնամի են և չեն կարող այլ վարքագիծ դրսևորել փոքր երկրների նկատմամբ, քան զավթումն ու յուրացումը: Դրանց ձևերը կարող են փոխվել, բայց բովանդակությունը՝ ոչ:

Սա է առաջնային պատճառը, որ Բևեռը համախմբում է ժողովրդին՝ հնարավորինս շուտ ազգային կառավարություն ստեղծելու նպատակի շուրջ: Մենք պետք է կարողանանք կանխել Ռուսաստանին կցվելու և ապա Թուրքիայի բաժին դառնալու աղետալի հեռանկարը: Դա հնարավոր է անել՝ ի դեմս ԱՄՆ-ի ու ամբողջ Արևմուտքի, իրական դաշնակիցներ ձեռք բերելու միջոցով, ինչի շնորհիվ կապահովենք մեր ռազմական անվտանգությունը:

  1. իրատեսական ամբողջական ծրագիր,
  2. հայության չափանիշներով ամենամեծ գաղափարական կազմակերպվածք
  3. թիմային ու վերկուսակցական սկզբունքներով գործող ղեկավարություն:

Այս երեք առավելությունները բխում են հետևալ միակ ու ճիշտ մեկնակետից․ երեսուն տարի առաջ ԽՍՀՄ լուծարմամբ անկախության վերականգնումից հետո ազգային պետություն չի ստեղծվել, այլ ընդամենը պետական կառավարման մի կիսագաղութային համակարգ, որը գործում է Մոսկվայի թելադրանքով և Հայաստանի ու հայության շահերի հաշվին սպասարկում է Ռուսաստանի շահերը, ուստի հարկավոր է եղածն ապամոնտաժել և ստեղծել պետական կառավարման միանգամայն նոր համակարգ, ինքնիշխան պետություն, որը կլինի էությամբ ազգային, բնույթով՝ ժողովրդավարական և ուրիշների հետ մրցակցության մեջ՝ կենսունակ:

Մյուսները, ցավոք սրտի, այս պարզ իրողությունից մասամբ կամ ամբողջությամբ խուսափում են, ուստի առաջադրում են կիսատ կամ անհեթեթ նպատակներ։ Բացի դրանից, նրանք գործում են կուսակցական ու միանձնյա ղեկավարման սկզբունքներով:

Քանի դեռ Հայաստանը գաղութացված է, հիմնական նպատակը պետք է լինի նրա ազատագրումը, ուստի քաղաքական ուժերը ոչ թե պետք է կուսակցական խաղերով զբաղեցնեն ժողովրդին, այլ պետք է մի կողմ դնեն իրենց կուսակցական դրոշները և վերկուսակցական տրամաբանությամբ միավորվեն ազգային-ազատագրական պայքարի ծրագրի շուրջ, որն ամբողջական տեսքով ներկայացրել է Բևեռը և ակնկալում է իրենց ազգային համարող բոլոր ուժերի համախմբումը:

Անկախ այդ հանգամանքից, Բևեռն ունի բավարար ներուժ թե՛ ազգային-ազատագրական պայքարն առաջնորդելու, և թե՛ հաղթանակից հետո ազգային անցումային կառավարություն կազմելու և իր ծրագիրն իրականացնելու համար։

Անցումային ժամանակավոր կառավարությունը պետք է իրականացնի հետևյալ քայլերը.

Կառավարման համակարգի ոլորտում՝

ձևավորել սեղմ կազմով (5-7 նախարար) ազգային անցումային կառավարություն, հաստատել անցումային ծրագիրը և ձեռնամուխ լինել դրա իրագործմանը, հեռացնել հակապետական և կոռուպցիոն դրսևորումներով հայտնի դարձած պաշտոնյաներին՝ ավելի խորքային ուշադրություն դարձնելով ուժային և դատաիրավական մարմիններին, համախմբել և համապատասխան պաշտոններին նշանակել առողջ ու բանիմաց ազգային կառավարիչների՝ նկատի ունենալով պետական կառավարման համակարգի, մասնավոր ու հասարակական կազմակերպությունների և Սփյուռքի լավագույն մասնագետներին, ինչպես նաև որոշակի սկզբունքների հիման վրա նաև օտար մասնագետներին, դադարեցնել հանիրավի զանգվածային պարգևատրումների ձևով դրսևորվող կոռուպցիան, օպտիմալացնել պետական կառավարման ապարատը և սկսել դուրս մնացող կադրերի փոխհատուցման, վերապատրաստման ու աշխատանքի տեղավորման գործընթաց: Արտաքին քաղաքական ոլորտում՝

համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Արևմուտքի այլ երկրների հետ, հայտարարել Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ դաշնակցելու մասին: Պայմանավորվածությունները պետք է նախատեսեն նաև Արցախում՝ Արևմտյան տերությունների խաղաղապահների տեղակայումը և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ պահվածքը զսպելու մասին՝ ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունն ու անհրաժեշտ քայլերը:

Իրավական ոլորտում՝

ժողովրդի և պետության դեմ ընդունված անիրավ օրենքների չեղարկում, տույժերի ու տուգանքների համաներում, քրեական հետապնդման տակ գտնվողների և դատապարտյալների մեծ համաներում՝ բացառելով միայն ազգային շահերի և մարդու կյանքի դեմ ուղղված ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի մասը՝ զուգահեռաբար սկսելով դրանց վերաբերյալ գործերի վերանայման գործընթաց, ընդունել ազգային հարստության վերատիրացման և բնության պահպանության համար անհրաժեշտ օրինագծեր, տալ անցյալի իրավաքաղաքական գնահատական, անցյալի իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ՝ մշակել և ընդունել նոր Սահմանադրություն, անցյալի իրավաքաղաքական գնահատականի հիման վրա կազմակերպել ամբողջական ու համապարփակ անցումային արդարադատություն, այդ թվում՝ քրեական արդարադատություն (առաջին հերթին պատասխանատվության կանչելով նախկին ու ներկա դավաճաններին ու կեղեքիչներին), լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական ու գործակալական, ինչպես նաև որպես հետևանք՝ բոլոր չորս ռեժիմների և դրանց մաս կազմած կուսակցությունների ղեկավարների հանրային գործունեության արգելում, նոր Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում և, դրանց հիման վրա, արտահերթ ընտրությունների անցկացում:

Տնտեսական ոլորտում՝

ազգային վերահսկողություն հաստատել բոլոր ռազմավարական օբյեկտների ու ենթակառուցվածքների, ինչպես նաև օլիգարխիկ կապիտալի նկատմամբ, այդ թվում՝ բացահայտել երկաթուղու, հանքարդյունաբերության, գնումների և այլ կարևոր բնագավառներում ստեղծված կոռուպցիոն մեխանիզմներն ու չարաշահումները, միջոցներ ձեռնարկել հասցված վնասը վերականգնելու և հետագայում կոռուպցիան ու չարաշահումները բացառելու համար, նվազեցնել բանկային տոկոսադրույքները, մշակել և մեկնարկել գյուղացիության, միկրո, մանր ու միջին ձեռնարկատերերի վարկերի վերակառուցման ու պետության աջակցությամբ մարման ծրագիր, հարկերից ազատել միկրո և մանր բիզնեսը, միջին բիզնեսին տալ երկամյա հարկային արձակուրդ, հավասար ու արդար պայմաններ ստեղծել ձեռնարկատիրության համար, քայլեր ձեռնարկել Հարավ-Հյուսիս միջանցքի հիմնական ուղու մաս դառնալու ուղղությամբ, քայլեր ձեռնարկել ներդրումային, առհասարակ՝ բարենպաստ բիզնես միջավայր, ձևավորելու համար, Հարավ-Հյուսիս միջանցքի մաս դառնալու և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հենքի վրա քայլեր ձեռնարկել բազմամիլիարդանոց ներդրումներ ապահովելու համար, համախմբել համահայկական ֆինանսատնտեսական ներուժը և ուղղորդել տնտեսության զարգացման հուն, որոշել Հայաստանի համար տնտեսության հեռանկարային բնագավառներն ու ուղղությունները՝ ներառյալ՝ պաշտպանական արդյունաբերությունը, և ամեն կերպ խթանել դրանց զարգացումը:

Պաշտպանական ոլորտում՝

ձեռնամուխ լինել Ազգ-բանակ պաշտպանական կազմակերպվածքի ստեղծմանը՝ առաջնահերթորեն կատարելով պաշտպանական համակարգի կառուցվածքի և Զինված ուժերի հրամանատարական կազմի փոփոխություններ, միջոցներ հայթայթելով սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու, տարածքի սարքավորման, այդ թվում՝ դիրքային համակարգի և կարևոր օբյեկտների բունկերացման համար, ինչպես նաև հասարակությանը զանգվածաբար պատրաստելով պաշտպանության և բոլորին հատկացնելով զենք ու զինամթերք, ըստ թշնամուց սպասվող սպառնալիքի և ռելիեֆի գոտիականացնել երկրի տարածքը՝ թշնամու հետ շփման մեջ գտնվող լեռնային գոտու համար սահմանելով հարկային ու վարկային արտոնությունների ռեժիմ:

Բևեռը կուսակցություն չէ, այլ վերկուսակցական շարժում: Եվ նրա ծրագիրը կուսակցական ծրագիր չէ, այլ նպատակ ունի պայմաններ ու նախադրյալներ ստեղծելու ազգային, ժողովրդավարական ու կենսունակ ինքնիշխան պետության, այդ թվում՝ քաղաքական ինստիտուտների, քաղաքական դաշտի և կուսակցությունների կայացման համար:

Հայաստանի պետական կառավարման համակարգը միայն արտաքուստ է նման պետության, իրականում այն կիսագաղութային համակարգ է, որտեղ ոչ մի ինստիտուտ կայացած չէ և չի գործում, այդ թվում՝ կուսակցությունները:

Ինչպես մինչև տան հիմքերը դնելը իմաստ չունի խոսել նրա կահավորման մասին, կամ մինչ խաղի կանոնները որոշելը իմաստ չունի խոսել խաղի այս կամ այն մարտավարությունն ընտրելու մասին, այնպես էլ անիմաստ է խոսել այս կամ այն գաղափարական-քաղաքական հոսանքին հարելու մասին, քանի դեռ չկա պետություն:

Բևեռում համախմբված են գաղափարական-քաղաքական ամենատարբեր հայացքներ ու պատկերացումներ ունեցող անձինք ու շրջանակներ, սակայն նրանք առաջնահերթորեն ուզում են պայմաններ ու նախադրյալներ ստեղծել իրենց գաղափարների իրականացման համար, ապա նոր միայն կյանքի կոչել դրանք:

Քանի դեռ Հայաստանը գաղութացված է և պետության հիմքերը կայացած չեն, բոլոր իզմերը պետք է երկրորդ պլան մղվեն և բոլոր ջանքերը պետք է ուղղվեն ազգային-ազատագրական պայքարի հաղթանակին ու պետության հիմքերի կայացմանը:

Բևեռի ծրագրում համակարգային կերպով տրված են սոցիալական-տնտեսական արմատական փոփոխությունների վերաբերյալ հարցերի պատասխանները:

Սակայն մենք քիչ ենք խոսում այդ խնդիրների մասին և հիմնականում խոսում ենք անվտանգության ու արտաքին քաղաքականության վերաբերյալ այն պարզ պատճառով, որ Հայաստանը Ռուսաստանի կիսագաղութ է և մինչև չազատագրվի, մինչև, իրապես անկախ պետություն դառնալով, իր ճակատագիրը իր ձեռքը չվերցնի, չի կարող լուծել այդ բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները, քանի որ դրանք գաղութացման հետևանքներ են:

Չնայած այս հանգամանքին՝ մենք այսուհետև ավելի շատ ենք խոսելու սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու մեր պատկերացումների մասին: Մեզ հաջողվել է զգալի չափով մեր ժողովրդի մեջ տարածել Ռուսաստանից անկախ և ռուս-թուրքական մահացու փակուղուց դուրս՝ ազգային-ժողովրդավարական ինքնիշխան ու կենսունակ պետություն ստեղծելու գաղափարը, ուստի ժամանակն է նաև խոսելու այդ պետության սոցիալ-տնտեսական բովանդակության մասին:

Այո: Ներկայումս առկա զանգվածային գործազրկությունը և շատ ցածր աշխատավարձերը հետևանք են ռուսական գաղութատիրության:

Ռուսաստանը հատուկ քաղաքականությամբ ամեն ինչ անում է, որ Հայաստանի տնտեսությունը չզարգանա, Հայաստանը չունենա արդյունաբերություն, չներգրավվի միջազգային տարածաշրջանային ծրագրերի մեջ, մարդիկ հուսահատվեն ու հեռանան երկրից: Բևեռի հաղթանակը լինելու է ժողովրդի հաղթանակը և Հայաստանի հաղթանակը:

Ռուսական գաղութատիրությունից և նրա՝ հակահայ կեղեքիչ քաղաքականությունը սպասարկող հայաստանյան կիսագաղութային համակարգից ազատվելուց հետո, երկիրն ու տնտեսությունը ազատվելու են բոլոր կապանքներից, արհեստական խոչընդոտներից, կոռուպցիայից, օլիգարխիայից:

Հայաստանը մաս է կազմելու Հարավ-Հյուսիս միջանցքի հսկա նախագծին, Հայաստան են գալու բազմամիլիարդանոց ներդրումներ և իրականացվելու են տարածաշրջանային մասշտաբի տնտեսական նախագծեր:

Այս և այլ անհրաժեշտ քայլերի շնորհիվ Հայաստանում ոչ միայն վերանալու է գործազրկությունը, այլև առաջանալու է աշխատուժի կարիք, ինչի շնորհիվ հնարավորություն է առաջանալու կազմակերպել մի կտոր հացի համար ստիպված արտագաղթած հարյուր հազարավոր հայերի հայրենադարձությունը:

Երկու բան․

տասը հազար մարդու առկայությունն օգտագործելու ենք ավելի շատ մարդ համախմբելու համար և սկսելու ենք ակտիվ քայլեր, այդ թվում՝ քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններ:

Դրա շնորհիվ կառաջանա ժողովրդային լայն դիմադրություն և ի վերջո ժողովուրդն իր կամքը կպարտադրի գործող ռեժիմին, կհեռացնի նրան ու կձևավորի ազգային անցումային կառավարություն:

Զուգահեռաբար՝ Արևմուտքի կողմից կառաջանա գործնական հետաքրքրություն մեր ազգային-ազատագրական շարժման նկատմամբ, որին կհետևի նաև աջակցությունը, այդ թվում՝ մեր օրակարգին։

Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդն ուզում է ապրել և ուզում է ապրել ազատ ու արժանապատիվ երկրում:

Մենք հիմա արդեն հազարավոր ակտիվ աջակիցներ ունենք, իսկ համակիրների քանակը տասնյակ հազարավոր է:

Հաջորդ իսկ փուլային քայլով մենք ունենալու ենք տասնյակ հազարավոր աջակիցներ և հարյուր հազարավոր համակիրներ: Հիմա մենք բոլոր ջանքերն ուղղել ենք մեր ժողովրդի լայն շերտերին հասնելու գործին:

Բևեռը ստեղծվել է՝ որպես միավորման վերկուսակցական հարթակ և, արդեն իսկ, միավորում է տասնյակ գործիչների, հարյուրավոր մտավորականների ու բարձրակարգ մասնագետների և մի քանի հազարի հասնող ակտիվ աջակիցների:

Մենք միշտ պատրաստ ենք ու բաց ենք միավորման համար, սակայն միավորումը ինքնանպատակ չէ:

Մարդիկ և ուժերը միանում են գաղափարի ու ծրագրի շուրջ, այլ տարբերակ չի կարող լինել:

Մեր ծրագիրը նպատակ ունի ներկա կիսագաղութային համակարգի փոխարեն ստեղծելու ազգային, ժողովրդավարական և կենսունակ ինքնիշխան պետություն, իսկ դրա համար հարկավոր է կատարել որոշակի գործողություններ։

Ուստի մենք կարող ենք միավորվել այն ուժերի ու գործիչների հետ, որոնք պետության ղեկը վերցնելու դեպքում պատրաստ են կատարելու այդ որոշակի գործողությունները։

Այդ որոշակի գործողությունները կատարելու մտադրություն ունեցող եւ չունեցող ուժերը և գործիչները, բնականաբար, հակառակորդներ են և ոչ մի պարագայում չեն կարող միավորվել:

Մեր ռեսուրսը մեր ժողովուրդն է, մեր ծրագիրը և մեր քաղաքական թիմը:

Մենք կունենանք նաև Արևմուտքի աջակցությունը, երբ գետնի վրա բազմահազար ժողովուրդ ոտքի կելնի ու կսկսի պայքարել:

Ազգային-ազատագրական պայքար մղող ժողովուրդը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է և արդեն կարող է դաշնակիցներ ունենալ:

Այն պահից սկսած, երբ բազմահազար ժողովուրդ ոտքի կելնի, ոստիկանության ուժերը, ռուսական գործակալներն ու ներքին դավաճանները անզոր կլինեն:

Իսկ արտաքին թշնամուն կզսպի մեր ժողովրդի պայքարի մղումը և դաշնակից Արևմուտքը:

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի ուժեր կանչելուն, ապա ուզում ենք հիշեցնել, որ Արցախյան շարժման ժամանակ, ամենահզոր ու հրեշավոր ԽՍՀՄ-ի օրոք, շատ ավելի մեծ և անսահման լիազորություններ ունեցող ուժեր էին բերվել Հայաստան, բայց մեր ժողովրդի գրագետ դիմադրության շնորհիվ դրանք ոչ մի արդյունքի չհասան ու որոշ ժամանակ անց հեռացան:

Անշուշտ, այս պարագայում ևս էական է լինելու Արևմուտքի աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի արագացող թուլացումը:

Այն պահին, երբ վճռական գործողությունները կլինեն նպատակահարմար և հնարավոր:

Բոլոր դեպքերում, վճռական գործողությունների դիմելու հիմնական պայմանը համախմբված բազմահազար ժողովրդի առկայությունն է:

Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ իսկապես փակուղային վիճակ էր առաջացել և զինված ապստամբությունն անհրաժեշտ էր:

Ներկայումս կիսագաղութային կառավարման համակարգն անհամեմատ ավելի թույլ է և ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդու ոտքի ելնելու պարագայում ծնկի է գալու ժողովրդի առաջ:

Մենք բացարձակապես տարբեր բան ենք առաջարկում: Նախկինում միշտ առաջարկել են պայքարել հանուն իշխանափոխության, առաջարկել են մեկին հանել և մյուսին բերել որպես ղեկավար:

Մենք բացատրում ենք, որ չենք պայքարում ղեկավար կամ իշխանություն փոխելու համար, որովհետև ոչ մի նշանակություն չունի, թե ով է օտարին ծառայող հակապետական, հակահայկական ու հակամարդկային գաղութային վարչակազմի ղեկավարը:

Մենք ասում ենք, որ պետք է փոխել ամբողջ հակահայ ու հակամարդ համակարգը և դրա փոխարեն ստեղծել ազգային համակարգ:

Եվ, դա անելու համար նախատեսում ենք անցումային փուլ, մի կարճ ժամանակահատված, որի ընթացքում պետք է մաքրվի անցյալի կեղտը և դրվի նոր համակարգի հիմքը:

Ազգային-ազատագրական պայքարը ավարտվում է միայն հաղթանակով: Այն, ինչ ուրիշներն անվանում են պարտություն, մեր պարագայում ընդամենը ժամանակավոր անհաջողություն է: Հայ ազգը հավերժ է և չի կարող պարտվել:

Ինչ վերաբերվում է ներկա ժամանակաշրջանին, ապա ներկայումս մեր հաղթանակի համար առաջացել են շատ նպաստավոր պայմաններ։

Թշնամի Ռուսաստանը և նրան ենթակա կիսագաղութային համակարգը, որը կառավարում է Հայաստանը, թուլացած են և օրեցօր է՛լ ավելի են թուլանում, մինչդեռ ապագա դաշնակից Արևմուտքը ավելի ու ավելի է կարևորում Հայաստանը, իսկ հայ ժողովուրդը շարունակաբար համախմբվում է ազգային-ազատագրական պայքարի մեջ:

Իրավիճակը և զարգացումները մեր օգտին են, մենք պարտավոր ենք հաղթել և հաղթելու ենք:

Ոչ, նույնը չեն:

Բևեռը վերկուսակցական շարժում է, որը միավորում է անհատ քաղաքական գործիչներին, Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանում ու արտերկրում բնակվող հայերին:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության և նույնանուն շարժման բոլոր, կամ գրեթե բոլոր անդամներն ու աջակիցներն անհատապես նաև Բևեռի անդամներ ու աջակիցներ են, սակայն Բևեռին անդամակցում, աջակցում կամ համակրում են նաև հազարավոր մարդիկ, որ ուրիշ քաղաքական ուժերի անդամներ կամ աջակիցներ են:

Բևեռն իր կազմակերպվածքի շրջանակներում գտնվող կուսակցությունները, այդ թվում՝ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը և 2021 թ. հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու համար ստեղծված Ազգային-ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը, կիրառում է ընդամենը որպես քաղաքական գործիքներ՝ համակարգի հետ պաշտոնական հարաբերություններում օգտագործելու նպատակով:

Մեզ ֆինանսավորում է հայ ժողովուրդը: Որևէ օտար պետությունից, կազմակերպությունից կամ անհատից գումար չենք ստանում:

Սասնա Ծռեր խմբավորման անդամները ժամանակին միավորվել էին գաղութային համակարգի դեմ ապստամբելու համար՝ չարաբաստիկ Լավրովի պլանը ձախողելու, Արցախը և Հայաստանի ինքնիշխանությունը փրկելու նպատակով:

Նրանք, ըստ էության, կատարեցին իրենց առաքելությունը, քանի որ նրանց ընդվզումն առնվազն չորս տարով հետաձգեց աղետը:

Խմբավորման ապստամբների գերակշիռ մասը 2018 թ-ին ակտիվ կերպով մասնակցեց Սասնա Ծռեր համահայկական կուսակցության և նույնանուն շարժման ձևավորման գործին։ Այսօր նրանք նաև Բևեռի անդամներ ու աջակիցներ են:

Նրանցից մի քանիսը, Բևեռին աջակցելով հանդերձ, չեն զբաղվում ամենօրյա ակտիվ քաղաքական գործունեությամբ, այդ ասպարեզը վստահել են իրենց ընկերներին և հիմնականում զբաղվում են իրենց աշխատանքով ու առօրյա հոգսերով:

Խմբավորման երկու անդամ մաս չեն կազմում Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանն ու նույնանուն շարժմանը, ինչպես նաև Բևեռին: Դա իրենց իրավունքն է, որը պարտավոր ենք հարգել:

Բևեռի անդամների և աջակիցների մեծ մասն այս կամ այն կերպով մասնակցել է պատերազմին:

Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կոչով կամավորագրվել էր ավելի քան 1500 մարդ, սակայն շաբաթներ շարունակ համապատասխան պետական կառույցները ընթացք չէին տալիս նրանցից ստորաբաժանումներ կազմելու, վարժեցնելու և ռազմաճակատ ուղարկելու գործին:

Նման վերաբերմունքի պատճառը բացահայտեց Նիկոլ Փաշինյանը՝ 2020 թ․ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, իրենք մտավախություն ունեին, որ մեր կամավորական ստորաբաժանումները կարող են չենթարկվել, դուրս գալ վերահսկողությունից և պատժիչ գործողություններ իրականացնել:

Այդ ժամանակ զարմանալի և վրդովեցուցիչ էր նման վերաբերմունքը, սակայն պատերազմի դավադրական պարտությունից ու կապիտուլյացիայից հետո ակնհայտ դարձավ, թե ինչի համար էին մտահոգվում: Իսկապես, նման կազմակերպված կամավորական ուժը կարող էր կանխել ու խափանել ռազմաճակատում գետնի վրա կատարվող դավաճանական գործողությունները:

Տեսնելով, որ ռազմաճակատ մեկնումը ձգձգվում է, մեր կամավորների երկու երրորդը տարբեր ճանապարհներով՝ անհատապես կամ փոքր խմբերով, գնաց պատերազմ: Դրանցից կարելի է ընդգծել Սասնա Ծռեր խմբավորման շտաբի պետ Մխիթար Ավետիսյանի հրամանատարությամբ ստեղծված հակատանկային ստորաբաժանումը, որի կազմում կային նաև խմբավորման մի քանի այլ անդամներ:

Զուգահեռաբար՝ Ժիրայր Սեֆիլյանն անձամբ մի քանի անգամ առաջարկել է իր ծառայությունները թե՛ որպես խորհրդատու, և թե՛ որպես հրամանատար՝ որևէ լուրջ պատասխանատվություն ստանձնելու նպատակով, սակայն այդ առաջարկություններին ընթացք չի տրվել:

Այդուհանդերձ, ի վերջո օրեր անց դեռևս ռազմաճակատ չմեկնած մեր կամավորներին վարժանքների համար տրամադրվեց Նուբարաշենի զորավարժարանը, սակայն ընդամենը մեկ անգամ եղան հրահանգիչների հսկողությամբ պարապմունքներ, մնացած ընթացքում ստիպված էինք հաղթահարել ամեն չնչին առիթով ստեղծվող տարատեսակ խոչընդոտները և փաստորեն զինվորական փորձ ունեցող կամավորների ուժերով տարրական գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մյուսներին:

Այդ ընթացքում պատերազմի բնույթը փոխվում էր, շատ հատվածներում մեր ճակատային գիծը ճեղքելուց հետո թշնամին սկսել էր հատուկ պատրաստված օպերատիվ-մարտավարական խմբերով թափանցել թիկունք, առանձին գործողություններ կատարել, ինչը ենթադրում էր նաև մեր կողմից նմանատիպ կազմակերպվածք ու մարտավարություն ունեցող ստորաբաժանումների միջոցով հակադարձ գործողություններ:

Ժողովրդի մեջ, այդ թվում՝ մեր շարքերում, պատերազմի հետագա ընթացքի վերաբերյալ պատկերացումն այն էր, որ թշնամին հասել է լեռնային ու անտառապատ տարածքներին, ուստի պատերազմը փոփոխական հաջողություններով ձգձգվելու է, մենք կարողանալու ենք վերակազմակերպվել և, թշնամուն մաշեցնելուց հետո, անցնել հակահարձակման:

Ուստի մեր կամավորների վարժանքները կազմակերպում էինք ըստ այդ տրամաբանության:

Չարաբաստիկ ու դավադիր կապիտուլյացիայից երկու օր առաջ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նոյեմբերի 12-ին զենք, զինամթերք ու հանդերձանք ստանալու և ռազմաճակատ մեկնելու մասին, սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Մենք ծայրահեղ ծանր, շատ արտակարգ վիճակում ենք: Եթե այս վիճակը շարունակվի, մենք ամբողջությամբ կկորցնենք Արցախը, ապա Սյունիքը և ամբողջ Հայաստանի

Հանրապետությունը, ինչը կուղեկցվի ցեղասպանական գործողություններով:

Նման արտակարգ վիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է կատարել արտակարգ քայլեր:

Հակառակ պարագայում կվերանանք:

Արտաքին ու ներքին թշնամիներին, ցավոք սրտի, հաջողվել է մեր հասարակությանը ներարկել կեղծ ու պատրանքային պատկերացումներ, այդ պատճառով Բևեռի տեսակետները զգալի քանակի մարդկանց համար ընկալվում են՝ որպես ծայրահեղական ու արմատական:

Թե՛ հանրային և, թե՛ կեղծ ընդդիմությանը պատկանող ամբողջ քարոզչամեքենան՝ իր ծախու լրատվամիջոցներով, քաղաքագետներով, վերլուծաբաններով, քաղաքական գործիչներով, լծված է մեր ժողովրդին մոլորեցնելու և կրեմլի շահերին հպատակեցնելու գործին:

Նրանք ստեղծել են արհեստական պատկերացում, թե ճշմարտությունը ծայրահեղականություն է և արմատականություն:

Մենք քարոզչական հիբրիդային պատերազմի մեջ ենք՝ ընդդեմ հարյուրապատիկ մեծ ուժեր ունեցող թշնամիների, և միայն ճշմարիտ լինելն է մեզ օգնում՝ դիմակայելու և երբեմն նույնիսկ ճեղքելու նրանց հակապետական ու հակահայկական ճակատի գիծը:

Հայաստանում երբեք ընտրություն չի եղել և չի կարող լինել, քանի դեռ գաղութացված ենք:

Բևեռն ընտրություններին մասնակցել է գլխավորապես մեր դեմ կազմակերպված տեղեկութային շրջափակումը ճեղքելու ու ժողովրդին հայտնի դառնալու համար։ Պետք է ասել, որ Բևեռն զգալի չափով հաջողեց այդ գործում:

Վերջին, ինչպես նաև բոլոր նախկին, ընտրությունները կազմակերպել է Մոսկվան և, ինչպես նախկինում, այս անգամ էլ ստացավ իր համար ցանկալի ու հպատակ խորհրդարան:

Մենք այս կազինո համակարգին հաղթելու միամտություն չունենք և մեր քարոզչական-բացատրական աշխատանքի նպատակներից մեկն էլ այն է, որ մեր ժողովուրդը ևս տեսնի այդ իրականությունն ու վերջապես համոզվի, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ Մոսկվայի կամքին հակառակ արդյունքի հասնել:

Ժողովրդի մոբիլիզացիան մենք կազմակերպում ենք Մոսկվայի վերահսկողությունից և Մուկուչյանի թվանկարչությունից դուրս՝ իրական կյանքում և գետնի վրա, որտեղ վերջին խոսքը ժողովրդինն է:

Բացի այդ, եթե թեկուզ չափահաս քաղաքացիների 1.5%-ը, այսինքն՝ ավելի քան 20.000 մարդ, դուրս գա հրապարակ, ապա ռեժիմն այլևս չի կարողանալու կասեցնել մեր ընթացքը և ստիպված կլինի ենթարկվել ժողովրդի կամքին ու հեռանալ:

Ժողովուրդը պետք է հավատա ինքն իրեն և գաղափարին ու ծրագրին: Իսկ Բևեռի ղեկավար կազմին պետք է հետևի ու վերահսկի:

Բացի այդ, մենք նախատեսում ենք ազգային անցումային կառավարութուն ստեղծելուց հետո առաջին իսկ օրերին կատարել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն իշխանության յուրացումը և ժողովրդին կտան վերահսկողության լծակներ:

Մենք պարբերաբար առիթ ենք ունենում ասելու, որ մենք կուսակցություն չենք, այլ ազգային-ազատագրական շարժում, ուստի երկու հիմնական պատճառով չենք կարող ունենալ դասական կուսակցական կառուցվածք ու կառավարում․

նախ՝ մենք գործում ենք համակարգի հալածանքի, խափանանարության և շրջափակման պայմաններում: Ապա՝ մենք պետք է գաղափարական ու կազմակերպվածքային առումներով լինենք հնարավորինս բաց ու ներառական, քանի որ պետք է կարողանանք բավարար ռեսուրս կուտակել՝ մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

Այդուհանդերձ, մենք մշտապես ձգտում ենք մեծացնել մեր արդյունավետությունը կառավարման ու կարգապահության առումներով, ինչպես նաև ապահովել ժողովրդավարության ու հետադարձ կապի հնարավոր մեխանիզմների ձևավորումն ու մշտական կատարելագործումը, որպեսզի կարողանանք հավատարիմ մնալ մեր առաքելությանը:

Համակարգի համար անխոցելի լինելու հրամայականով Բևեռի կառավարման մարմինը՝ խորհուրդը, ստեղծվել է ինքնաձևավորման ձևաչափով:

Խորհրդի ձեռքում կենտրոնացած մեծ լծակները հակակշռելու ու հավասարակշռելու նպատակով կիրառվում են հետադարձ կապի մեխանիզմներ, այդ թվում՝ ակտիվի պարբերական ժողովներ։ Առանձին աջակիցներից, աջակիցների խմբերից ու տարածքային կառույցներից ստացվող առաջարկություններն ու դիտողությունները դիտարկվում են խորհրդի նիստերում որոշումներ կայացնելիս։ Կոնկրետ հարցերում կարծիքների ու տեսակետների պարզաբանման, պրոբլեմների լուծման և այլ նպատակներով խորուրդը դիմում է ակտիվին և հայցում է նրա տեսակետները:

Զուգահեռաբար, նույն նպատակով խորհրդի անդամները մասնակցում են տարածքային կառույցների հրավիրած քննարկումներին:

Բացի այդ, խորհուրդը նախատեսում է իրեն կից ստեղծել խորհրդակցական ձևաչափեր՝ հասարակական ու մտավորական գործիչներից կազմված Մեծ խորհուրդ, տարբեր հանձնախմբեր, ինչի մասին արդեն եղել են խորհրդի պաշտոնական հայտարարություններ:

Պետք է զարմանանք, եթե կիսագաղութային բռնապետական համակարգի դեմ պայքարող ամենակազմակերպված ու մեծաքանակ ուժի մեջ չլինեն ներդրված մարդիկ:

Առհասարակ՝ չկա որևէ լուրջ կառույց՝ պետական թե հասարակական, որտեղ նման մարդիկ չլինեն:

Հենց այդ պատճառով մենք կիրառում ենք տարիներ շարունակ փորձարկված մի կառավարման մեխանիզմ՝ «առաջնորդող թիմ – շարժման անդամներ, աջակիցներ ու համակիրներ» կառուցվածքով, որի պարագայում հակառակորդ կիսագաղութային համակարգը չի կարողանում հասնել որոշում կայացնելու լծակներին և քանդել մեր կառույցը:

Բացի այդ, մենք գործում ենք բաց ու ազնիվ կերպով, ասում ենք թեկուզ ցավոտ ճշմարտությունը, ինչի շնորհիվ հակառակորդ համակարգի համար մնում ենք անխոցելի:

Անկախ այս ամենից, մեր ուժի և անխոցելիության հիմնական աղբյուրը մեր ժողովուրդն է, մենք հենվում ենք ժողովրդի վրա և ստանում ենք նրա աջակցությունն ու պաշտպանությունը, իսկ դրա դեմ հակառակորդ համակարգն անզոր է:

Մեզ հակառուսական է անվանում հենց ռուսական քարոզչությունը: Նրա համար հակառուսական են բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն որպես պարարտանյութ օգտագործվելու հանուն Ռուսաստանի կայսերական շահերի:

Բնականաբար, Բևեռին պետք է նման պիտակ կպցնեին, քանի որ Բևեռը ձգտում է կերտել Ռուսաստանից փաստացի անկախ ազգային-ժողովրդավարական պետություն, որն այսուհետև չի լինելու գործիք ու միջոց Ռուսաստանի շահերի սպասարկման համար:

Բևեռին այդպես են անվանում նաև Հայաստանի նախկին ու ներկա գաղութային ադմինիստրացիաների ներկայացուցիչները, նրանց ծախու լրատվամիջոցները, քաղաքագետներն ու վերլուծաբանները:

Իրականում Բևեռը պայքարում է Կրեմլի, Ռուսաստանի կայսերական ռեժիմի դեմ, ինչը օրինաչափ է ու անհրաժեշտ՝ հանուն Հայաստանի ու հայ ազգի գոյության:

Բևեռը ողջունում է Ռուսաստանի ժողովրդի այն ներկայացուցիչների գործունեությունը, որոնք պայքարում են հանուն ոչ կայսերական, հանուն ժողովրդավար Ռուսաստանի:

Բայց, քանի դեռ Ռուսաստանում իշխում է չարիքի կայսերական ռեժիմը, ամեն հայ ու Հայաստանի քաղաքացի պետք է թշնամի լինի այդ ռեժիմին:

Բոլոր նրանք, ովքեր չարիքի այդ ռեժիմը նույնացնում են Ռուսաստանի հետ, վիրավորում են Ռուսաստանի ժողովրդին:

Առհասարակ երիտասարդներն ակտիվ չեն քաղաքական գործընթացներում:

Սա ցավալի փաստ է և շատ վտանգավոր երևույթ ազգային հեռանկարի տեսակետից:

Որոշ գաղութահամակարգային ուժերի շարքերում երիտասարդների առկայությունը ամենևին էլ չի վկայում այդ երիտասարդների գաղափարականության և անկեղծ քաղաքական ակտիվության մասին: Նրանց մեծ մասը կարիերիստներ են, որ ձգտում են ծվարել հակահայ ու հակամարդ համակարգի թևերի տակ ու ազգային շահերի հաշվին ճանապարհ հարթել իրենց համար:

Ի դեպ, նաև հենց այս հանգամանքն է ազնիվ երիտասարդներին զգալի չափով հեռու պահում քաղաքականությունից: Խորշելով քաղաքական կերպարի մեջ մտած կարիերիստներից, նրանք խորշում են նաև քաղաքականությունից:

Պետք է նշել նաև, որ գաղութային համակարգի քարոզչությունը քաղաքականությունը ներկայացնում է՝ որպես կեղտոտ զբաղմունք, որպեսզի հնարավորինս սահմանափակի ու վերահսկի ազգի քաղաքական կայացումն ու ակտիվությունը:

Պակաս ազդեցություն չունի նաև հալածանքը, որ համակարգը կիրառում է իր դեմ պայքարող երիտասարդության նկատմամբ՝ ստիպելով նրան ընտրություն կատարելու տարրական անձնական կարիքները բավարարելու հնարավորության, երբեմն նույնիսկ կյանքի ու ազատության և պայքարին մաս կազմելու միջև:

Եվ, վերջապես, շատ մեծ բացասական դեր ունի Բևեռի մասին հանրության մեծ մասի շրջանում անտեղյակությունը կամ կեղծ, վարկաբեկիչ կարծրատիպերի առկայությունը, որոնք ամենօրյա ռեժիմով մատակարարում է համակարգն իր լրատվամիջոցների և հաստիքային ու արտահաստիքային գործակալների միջոցով:

Չնայած այս ամենին, Բևեռի անդամների, աջակիցների ու համակիրների թվում երիտասարդների քանակը հատկապես վերջին շրջանում կայուն կերպով աճում է:

Հեռու չէ այն ժամանակը, երբ Բևեռը դառնալու է ազնիվ ու քաղաքականապես հասուն երիտասարդության հիմնական մասի քաղաքական միջավայրն ու դպրոցը:

Առաջնագիծը պահելու համար անհրաժեշտ են լիազորություններ, լծակներ, ուժեր ու միջոցներ, այդ թվում՝ զենք ու զինամթերք:

Բևեռը քաղաքական ուժ է, այլ ոչ թե պետական համակարգ, կամ գոնե ռազմական կազմակերպություն, ուստի թվարկվածից ոչինչ չունի:

Քաղաքական ուժերի առաքելությունն է ժողովրդին համախմբել իր գաղափարների շուրջը, ստանձնել պետության կառավարումը և կյանքի կոչել այդ գաղափարները, որոնք պետք է ներառեն նաև Հայրենիքի պաշտպանությունը:

Քանի դեռ տվյալ քաղաքական ուժը չունի կառավարման լծակներ, նրա գործը քաղաքական պայքարն է, այդ թվում՝ հանրահավաքների ձևով:

Քաղաքական ուժին նման անհեթեթ ու կեղծ պահանջ ներկայացնելը նրա դեմ կիրառվող սև քարոզչություն է կամ մոլորության հետևանք:

Հատկանշական է, որ ուրիշ քաղաքական ուժերին նման պահանջ չի ներկայացվում:

Ասվածից հետևում է, որ Բևեռին առաջնագիծ գնալու պահանջ ներկայացնելը նրա դեմ հատուկ ուղղորդված գործունեության արտահայտություն է, որը պետք է դատապարտել:

Սերժ Սարգսյանը անկախ պետության ղեկավար չէր, այլ ընդամենը Մոսկվայի ենթակայության տակ գործող հայաստանյան գաղութային ադմինսիտրացիայի ղեկավար:

Նրա ենթակայության տակ չկային հատուկ ծառայություններ կամ առհասարակ ուժային մարմիններ, որոնք չվերահսկվեին Մոսկվայի կողմից:

Սերժ Սարգսյանը նույնիսկ ամենամեծ ցանկության պարագայում չէր կարող Մոսկվայից գաղտնի նման գործողություն կազմակերպել, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն իրականում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության գավառական ստորաբաժանում է:

Գաղութային ադմինիստրացիայի, այդ թվում՝ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի գործունեությունն ու նույնիսկ առօրյան խիստ հսկողության տակ էին:

Առաջ անցնելով ասենք, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանի պարագայում ավելի վատ է վիճակը:

Ասվածից հետևում է, որ Սերժ Սարգսյանը նման բան կարող էր կազմակերպել միայն Մոսկվայի գիտությամբ ու համաձայնությամբ:

Իսկ Մոսկվան, բացառված է, որ համաձայն լիներ իր համար կենսական նշանակություն ունեցող այսպես կոչված Լավրովյան պլանը խափանելուն, կամ թեկուզ՝ հետաձգելուն:

Մոսկվան հասկանում էր համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումների միտումները, հասկանում էր, որ քիչ ժամանակ է մնացել մեր տարածաշրջանի ճարտարապետությունը վերաձևելու և, թեկուզ ժամանակավորապես, Արևմուտքի անխուսափելի գալուստը խափանելու համար:

Սասնա Ծռերի ապստամբությունը ձախողեց Լավրովյան պլանը 2016-ին և չորս տարով հետաձգեց նրա իրագործումը: Եթե ներկայիս դավաճանական ռեժիմի փոխարեն փոքր-ինչ ազգային կառավարություն ունենայինք, ապա կարող էինք հաղթահարել ԱՄՆ-ն մեկուսացման տանող թրամփյան կործանարար քաղաքականության շրջափուլը և խուսափել 2020-ի պատերազմից:

Հանուն ճշմարտության պետք է ընդունել, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը գործեցին ոսկերչական ճշգրտությամբ և վերջին պահին կարողացան կազմակերպել 44-օրյա դավադիր պատարազմը:

Սակայն արդեն բայդենյան շրջանում ԱՄՆ-ը ոչ միայն վերադարձել է՝ որպես համաշխարհային քաղաքականության առաջատար, այլև իր ակտիվ նախաձեռնողական նախագծերով ու քայլերով սկիզբ է դրել աշխարհի կերպափոխման մի գործընթացի, որի ընթացքը դեմ է բռնապետական ու գաղութային ռեժիմներին, իսկ ավարտը լինելու է առնվազն նրանց մղումը լուսանցք:

Այսպիսով՝ Սասնա Ծռերի ապստամբությունը բացառապես հայկական և ինքնուրույն ընդվզում էր:

2016-ին և 2020-ի պատերազմից հետո միանգամայն տարբեր իրավիճակներ էին:

Եթե 2016-ին ապստամբելը տվյալ պահին խափանեց, ապա նաև հետաձգեց Արցախի և ՀՀ ինքնիշխանության կորուստը, ապա 2020-ի պատերազմից հետո ապստամբությունը կատարյալ քաոս կառաջացներ, կարձակեր մեր թշնամիների ձեռքերը, ինչի հետևանքով կարող էինք ընդհանրապես կորցնել պետականությունը:

Նիկոլ Փաշինյանն իր նախորդների նման և, դեռ նրանցից առավել, Մոսկվայի ձեռքին խաղալիք է և կատարում է նրա հայաստանակործան հրամանները:

Նա, Մոսկվայի թելադրանքով, հանձնում է Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը, ուրանում է մեր բոլոր ազգային-պետական իրավունքները, Ցեղասպանության զոհերի հիշատակը, սպասարկում է Հայաստանը՝ Ռուսաստանի հեռանալուց հետո Թուրքիայի ու Ադրբեջանի հպատակության տակ դնելու հրեշավոր դավաճանական ծրագիրը:

Օգնել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է օգնել Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ կարողանան խժռել մեր երկիրը:

Հարցը պետք է վերաբերվի առնվազն ոչ թշնամի ուժային կենտրոններին, քանի որ թշնամիները ձգտում են զավթել ու գաղութացնել, ուստի իրենց զավթած երկրում ղեկը տալիս են իրենց խամաճիկներին:

Իսկ առհասարակ, որքան էլ մեծ է ուժային կենտրոնների դերը, ամեն երկրում իշխանությունը պատկանում է տվյալ ժողովրդին:

Բոլոր ուժային կենտրոնները, որոնք համընկնող շահեր ունեն տվյալ երկրի հետ, դեմ չեն, որ այն լինի ուժեղ ու կենսունակ:

Ասվածից հետևում է, որ նրանք չեն խանգարելու, եթե հայ ժողովուրդը որոշի ունենալ ազգային կառավարություն և ուժեղ պետություն: