ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության 10-րդ տարեդարձի կապակցությամբ

2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» արդարահատույց խումբն ապստամբեց Հայաստանի ինքնիշխանության կազմաքանդման, պետականության կորստի և ազգային աղետի սպառնալիքի դեմ։

Այդ գործողությունը հուժկու ահազանգ էր՝ ուղղված ոչ միայն ժամանակի իշխանություններին, այլև ամբողջ հայ ժողովրդին։ Տասը տարի անց Հայաստանի Հանրապետության և նրա անբաժանելի մասը հանդիսացող Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական զարգացումները դաժանորեն հաստատեցին այն ժամանակ հնչեցված նախազգուշացումների ճշմարտացիությունն ու հրատապությունը։
«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունն անմիջականորեն ուղղված էր ժամանակի վարչախմբի՝ իրեն կուսակցություն հռչակած մարդկանց մի խմբի կողմից իշխանության զավթման, պետական կառույցի յուրացման, այն է պետական հաստատությունները մեկ քաղաքական խմբավորման շահերին ծառայեցնելու դեմ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի գնահատմամբ՝ ռուս-թուրքական այն ծրագիրը, որի դեմ ընդվզեցին «Սասնա Ծռեր»-ի անդամները, անցած տարիներին հետևողականորեն կյանքի կոչվեց Հայաստանի իրար հաջորդած իշխանությունների հանցավոր անգործության, քաղաքական հպատակության և ազգային շահերի շարունակական ստորադասման հետևանքով։

Արցախի ամբողջական հայաթափումից և Ադրբեջանի կողմից բռնազավթումից հետո և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պետականության պահպանման գոյաբանական մարտահրավերի առջև։ Ռուսական ազդեցության նահանջի պայմաններում գործող իշխանությունները, նախկին կախվածության համակարգից ազատագրվելու և ինքնիշխան պետություն կառուցելու փոխարեն, Հայաստանը ներքաշում են թուրք-ադրբեջանական պահանջների սպասարկման մեկ այլ՝ ոչ պակաս կործանարար համակարգի մեջ։

Բևեռի համոզմամբ՝ գործող վարչախմբի քաղաքականությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնությունը։ Իշխանության պահպանման նպատակով հանրությանը պարտադրվում են պատմական հիշողության վերանայման, ազգային նպատակներից հրաժարման, Սահմանադրության վերաձևման և Հայաստանի ինքնիշխան իրավունքների աստիճանական սահմանափակման օրակարգեր։

Վերջին ընտրական գործընթացները ևս, Բևեռի գնահատմամբ, չեն արտահայտել ժողովրդի ազատ և լիարժեք կամքը։ Դրանք ծառայեցվել են իշխանության վերարտադրությանը, պետական հաստատությունների վերջնական յուրացմանը և հակապետական քաղաքական ընթացքին արտաքին օրինականության պատրանք հաղորդելուն։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարում է, որ վերջին ընտրական գործընթացում պետական վարչական, իրավապահ և տեղեկատվական լծակների օգտագործմամբ գործող վարչախումբը վերարտադրել է իր իշխանությունը և յուրացրել ժողովրդի՝ իշխանություն ձևավորելու իրավունքը։ Հետևաբար իրեն կուսակցություն կոչող մի խումբ մարդկանց կողմից իշխանության զավթման խնդիրը ոչ միայն 2016 թ. իրադարձությունների գնահատման հարց է, այլև այսօրվա հրատապ քաղաքական և սահմանադրական մարտահրավեր։

Հայ ժողովրդի պատմությունը բազմիցս ապացուցել է, որ արտաքին սպառնալիքները առավել կործանարար են դառնում ներքին դավաճանության, քաղաքական կամազրկման և հասարակության մեջ վախի մթնոլորտի տարածման պայմաններում։ Այսօր ժողովրդին պարտադրվող միակողմանի զիջումների քաղաքականությունը ներկայացվում է իբրև «խաղաղություն», մինչդեռ իրականում այն վերածվել է նոր պարտությունների, իրավունքների սահմանափակման և պետականության հետևողական քայքայման արդարացման միջոցի։

Միաժամանակ քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և պետական ճնշման թիրախ են դառնում այն անձինք ու ուժերը, որոնք ունակ են բացահայտելու իշխանությունների վարած քաղաքականության վտանգավոր հետևանքները և ձևավորելու իրական այլընտրանք։ Ազգային-ժողովրդավարական Բևեռը դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի բոլոր դրսևորումները և պահանջում է արդար դատաքննության, մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների անվերապահ ապահովում։

Բևեռն անընդունելի է համարում «Սասնա Ծռեր»-ի անդամների նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներն ու նրանց ազատության սահմանափակումը։ Արդարադատությունը չի կարող ծառայել իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու և հանրային դիմադրությունը ճնշելու նպատակին։

Տասը տարի առաջ «Սասնա Ծռեր» ի ապստամբությունը ժամանակավորապես խափանեց պետականության կորստին տանող ծրագիրը և Հայաստանին հնարավորություն տվեց կանխելու մոտեցող աղետը։ Այդ պատմական հնարավորությունը, սակայն, մսխվեց։ 2018 թ. իշխանափոխությունից հետո իշխանության եկած ուժերը ոչ միայն չկասեցրին նախկինում սկսված կործանարար ընթացքը, այլև այն հասցրին Արցախի կորստի, ազգային նոր աղետի և Հայաստանի պետականության անմիջական վտանգման հանգրվանին։

Այսօր լռությունը նշանակում է հաշտվել պետականության աստիճանական կազմաքանդման հետ, նշանակում է լինել դասալիք։ Քաղաքացիների խաղաղ, օրինական, հետևողական և համազգային դիմադրությունը դարձել է Հայաստանի Հանրապետության պահպանման, ժողովրդի ինքնիշխանության վերականգնման և ազգային արժանապատվության պաշտպանության հրամայական։

«Սասնա Ծռեր»-ի ապստամբության տասներորդ տարեդարձի կապակցությամբ Ազգային-ժողովրդավարական Բևեռը վերահաստատում է իր անկոտրում կամքն ու հանձնառությունը՝ ժողովրդին վերադարձնելու իշխանություն ձևավորելու իր անօտարելի իրավունքը, կասեցնելու հակապետական ընթացքը և կառուցելու իսկապես անկախ, անվտանգ, արժանապատիվ ու հուսալի դաշնակիցներ ունեցող Հայաստան։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մերժել վախը, անտարբերությունն ու պարտվողականությունը և ակտիվորեն մասնակցել երկրի ապագան որոշող հանրային ու քաղաքական գործընթացներին՝ գործելով խաղաղ, օրինական, իրավաչափ և ժողովրդավարական բոլոր միջոցներով։
Տասը տարի առաջ հնչեցված ահազանգը չի լռել։ Այն այսօր առավել քան երբևէ արդիական է և պետք է դառնա ազգային սթափեցման, համախմբման ու պետական վերածննդի հիմքը։

Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
17 հուլիսի 2026 թ., Երևան