
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայիսի 28-ը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր և ճակատագրական օրերից է։ 1918 թվականի այս օրը վերածնվեց հայկական պետականությունը, և հարյուրամյակների ընդմիջումից հետո աշխարհին վերահաստատվեց հայ ժողովրդի քաղաքական կամքը՝ ունենալու անկախ և ինքնիշխան պետություն։
Առաջին Հանրապետությունը ծնվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ։ Հատկապես Սարդարապատի ճակատամարտը դարձավ ոչ միայն ռազմական հաղթանակ, այլև ազգային գոյության փրկության խորհրդանիշ։ Եթե հայ ժողովուրդը չհաղթեր Սարդարապատում, ապա կկորչեր ոչ միայն հայկական պետականության հնարավորությունը, այլև վտանգի տակ կհայտնվեր ամբողջ ժողովրդի գոյությունը։
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում են Ադրբեջանի տարածքային և քաղաքական նկրտումները, Առաջին Հանրապետության իրավական և քաղաքական ժառանգության վերականգնումը դառնում է ոչ միայն պատմական արդարության, այլև ազգային անվտանգության հարց։
Ազգային ժողովրդավարական Բևեռը ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերից միակն է, որի նախընտրական ծրագրում հստակ ամրագրված է Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդության հարցը։ Սա սոսկ պատմական կամ խորհրդանշական մոտեցում չէ։ Առաջին Հանրապետության իրավահաջորդության վերականգնումը կարևոր ռազմաքաղաքական նշանակություն ունի՝
• Որպես Ադրբեջանի տարածքային նկրտումները զսպող իրավաքաղաքական գործոն,
• որպես Հայաստանի իրավունքների և սահմանների հստակեցման պատմաիրավական հիմք,
• Որպես հայկական պետականության շարունակականության և իրավունքների միջազգային ամրապնդում։
Հայաստանի Հանրապետության ներկայիս ճգնաժամային իրավիճակում պետության ապագան հնարավոր չէ կառուցել պատմական հիշողությունից հրաժարվելու, ազգային իրավունքները մոռացության մատնելու և պետական շարունակականությունը կասկածի տակ դնելու ճանապարհով։
Մայիսի 28-ը մեզ հիշեցնում է, որ պետությունները գոյատևում են ոչ միայն բանակով և դիվանագիտությամբ, այլև ազգային արժանապատվությամբ, պատմական հիշողությամբ և քաղաքական կամքով։
Փա՛ռք Սարդարապատի հերոսներին։
Փա՛ռք Հայաստանի Առաջին Հանրապետությանը։
Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն։
Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
28 մայիսի 2026թ․ Սարդարապատ