ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջ.Դ. Վենսի Հայաստան այցելության կապակցությամբ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստանի Հանրապետություն և հույս է հայտնում, որ այն նոր գլուխ կբացի հայ և ամերիկացի ժողովուրդների դարավոր բարեկամության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ավելի քան հարյուրամյա քաղաքական հարաբերությունների մեջ։

Այս ուղղությամբ Ազգային-ժողովրդավարական Բևեռը տարիներ շարունակ հետևողական աշխատանք է իրականացրել և շարունակում է իրականացնել թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում։

Մասնավորապես` ԱԺԲ-ն ԱՄՆ-ում գործնական հարաբերություններ է զարգացնում Միացյալ Նահանգների փոխնախագահի գրասենյակի հետ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը եղել և մնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի քաղաքական առաջնահերթությունների առանցքում։

ԱԺԲ-ն Հայաստանում առաջին եւ մինչ օրս միակ քաղաքական ուժն է, որի ծրագրային հիմնադրույթների մեջ հստակորեն ամրագրված է ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի ձևավորումը, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակի (Major non-NATO Ally of the USA – MNNA) ձեռքբերման նպատակադրումը։

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գնահատելով ԱՄՆ-ի ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն, ԱԺԲ-ն համոզված է, որ կայուն խաղաղությունը ժողովուրդների մեջ պետք է հենված լինի արդարության և ժողովուրդների բարիդրացիության վրա, ուստի և.

•Բոլոր հայ գերիները անհապաղ պետք է ազատ արձակվեն Բաքվի բանտերից։

•Պետք է հարգվի Արցախի բնակչության միջազգային երաշխիքների ներքո իրենց պապենական տներ և բնակավայրեր վերադառնալու իրավունքը:

• Պետք է պահպանվի հայկական քրիստոնեական ժառանգությունը Արցախում և տարածաշրջանում։

•Պետք է անթույլատրելի գնահատվի Ադրբեջանի շարունակվող հայատյաց հռետորաբանությունը:

TRIPP ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԹՐԱՄՓԻ ԵՐԹՈՒՂԻՆ

Այցի ընթացքում քննարկվող առանցքային թեմաներից է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին»: Այս նախագծի շրջանակներում ԱՄՆ-ը ստանում է բացառիկ իրավունքներ՝ 99 տարի ժամկետով զարգացնելու տրանսպորտային և էներգետիկ միջանցքը Սյունիքով:

ԱԺԲ-ն սա դիտարկում է որպես Հայաստանի ինքնիշխանության լրացուցիչ կռվան՝ ընդդեմ ռուս-թուրքական հնարավոր ագրեսիայի:

Սակայն, նկատի ունենալով այդ երթուղու ռազմա-քաղաքական և ռազմավարական տնտեսական կարևորությունը, ԱԺԲ-ն գտնում է, որ Թրամփի երթուղու կառավարման մակարդակը պետք է բարձրացվի մինչև հայ-ամերիկյան միջպետական մարմին, ոչ թե հանձվի մասնավոր հետաքրքրություններ ունեցող որևէ ընկերության, որքան էլ որ այն տնտեսապես ավելի արդյունավետ կառավարող լինի:

Միաժամանակ Բևեռը գտնում է, որ տարածաշրջանային կայունության տեսանկյունից անհրաժեշտ է նաև Նախիջևանով տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացումը` որպես փոխադարձ համաչափության սկզբունքի դրսևորում:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԵՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՐԸ

ԱԺԲ-ն ընդգծում է ԱՄՆ-ի ներկա վարչակազմի Մեծ մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու հայ ժողովրդի բերելիք հնարավոր դերը`որպես այս տարածաշրջանի միակ քրիստոնեա ժողովրդի, որն ունի համաքրիստոնեական առաքելություն։ Հայ ժողովուրդը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցով հանդիսանում է Քրիստոսի՝ Երուսաղեմի սրբավայրերի երեք քրիստոնեական խնամատարներից մեկը և շուրջ հարյուր միլիոնանոց արեւելաքրիստոնեական կրոնական հանրույթի ներկայացուցիչը Սուրբ Քաղաքում:

Քաղաքակրթությունների միջնորդը. Դարեր շարունակ հայ ժողովուրդը եղել է լավագույն մինչքաղաքակրթական միջնորդներից մեկը Արևմտյան և Արևելյան քաղաքակրթությունների և կրոնների միջև, որն արտահայտվել է քաղաքակրթական ձեռքբերումների և նորարարությունների տարածման իր դարավոր ավանդույթով:

ՉՈՐՐՈՐԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶԸ

Այսօր ևս հայ-ամերիկյան համագործակցությունը չորրորդ արդյունաբերական հեղափոխության ասպարեզում, որն արտահայտվում է Արհեստական բանականության տարածաշրջանային եզակի ենթակառուցվածքի՝ ԱԲ գործարանի ստեղծմամբ, վկայում է հայ ժողովրդի տարածաշրջանում նորարարական ներուժի մասին:

Այդ ներուժը պետք է վերածվի ԱԲ տարածաշրջանային էկոհամակարգի համատեղ ստեղծագործության, որտեղ տեխնոլոգիական զարգացումը պետք է ուղեկցվի քրիստոնեական արժեքների ներդաշնակությամբ:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը համոզված է, որ հայ-ամերիկյան կապերի կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանում ապահովված է կայուն ժողովրդավարություն:

Այդ առումով ԱԺԲ-ն

• Պահանջում է Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը` ներառյալ քաղաքական և հոգևոր դեմքերի, ինչպես նաև բռնակալության դեմ ապստամբած Սասնա Ծռերի ազատ արձակումը` որպես Հայաստանում կայուն ժողովրդավարության ապահովման անհրաժեշտ պայման, որն էլ իր հերթին հայ-ամերիկյան կապերի կայուն զարգացման պայմանն է:

• Կտրուկ դատապարտում է Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված գռեհիկ արկածախնդրությունը, որը հարված է հասարակության հոգևոր հիմքերին և խաթարում է հայ ժողովրդի հազարամյա պատմության հոգևոր խորհրդանիշը: Եկեղեցու դեմ ուղղված հարձակումները անթույլատրելի են և հակասում են իրավական պետության սկզբունքների նորմերին:

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

9 փետրվարի 2026թ., Երևան