Ազգային-ժողովրդավարական Բևեռը Վաշինգտոնում Հայաստանի բարեկամներին քայլեր ձեռնարկելու կոչ է անում:


Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) պատվիրակությունը Ժողովրդավարության միջազգային միության 2025 թ․ համաժողովին մասնակցելուց հետո Վաշինգտոնում շարունակել է իր աշխատանքնային հանդիպումները։
Մասնավորապես, 2025 թ. դեկտեմբերի 5–11-ը Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը, Վաշինգտոնում ԱԺԲ-ի լոբբիստներ Ժակլին ֆոն Շլեպենբախը և Դայանա Բենիստրը, ինչպես նաև դոկտոր Դավիթ Գրիգորյանը, արդյունավետ քննարկումներ են ունեցել Ներկայացուցիչների պալատի և Սենատի երկու կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Սպիտակ տան ներկայիս և նախկին բարձրաստիճան աշխատակիցների հետ։
Քննարկումները կենտրոնացած են եղել երեք առանցքային հիմնահարցերի շուրջ.
1. Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման հետևանքների հաղթահարում,
2. Փաշինյանի վարչակարգի կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակական հալածանքները,
3. Հայաստանում 2026 թ. հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
Բևեռի պատվիրակությունն իր գործընկերներին փոխանցել է, որ այս չլուծված և փոխկապակցված խնդիրները լրջորեն թուլացնում են Հայաստանի կարողությունը դիմակայելու արտաքին ցնցումներին և պահանջում են շտապ քաղաքական լուծումներ։
Մասնավորապես ընդգծվել է, որ իշխանության խիստ ցածր վարկանիշը բարձրացնելու նպատակով Փաշինյանի վարչակարգի լայնածավալ ընտրակեղծիքների կիրառման կարողությունը հանդիսանում է Հայաստանի գոյատևման համար առանցքային մարտահրավեր (հաշվի առնելով Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ զիջողական քաղաքականությունը և նրա շարունակական ապավինումը Ռուաստանին), և վճռորոշ գործոն, որը պետք է վերահսկվի ու չեզոքացվի Հայաստանի արևմտյան բարեկամների կողմից։
Բացի այդ, պատվիրակությունը մտահոգություն է հայտնել, որ Փաշինյանի վարչակարգի կողմից Հայաստանի ինքնիշխանության և ազգային ինքնությունը ձևավորող հիմնարար գործոնների դեմ հետևողական հարձակումները կարող են խաթարել Թրամփի վարչակազմի՝ Հայաստանի հետ ներգրավվածության ոգին և անհրաժեշտ է դրանց անմիջականորեն ու վճռականորեն հակազդել։
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր աջակիցներին, որոնք իրենց մեծահոգի նվիրատվություններով հնարավոր են դարձրել այս կարևոր այցերը և կոչ ենք անում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր բարեկամներին հայ ազգի համար այս վճռորոշ պահին կրկնապատկել իրենց ջանքերը՝ հանուն Հայաստանի բարօրության և գոյատևումն ապահովելու։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
12 դեկտեմբերի 2025 թ., Երևան