Քրիստոնեությունը 301 թվականին առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանի համար իրադրությունը չափազանց ռիսկային է: Երկիրը կանգնած է ամբողջական ոչնչացման վտանգի առջև իր թշնամական հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով, որոնք Օսմանյան կայսրության վերականգնմանն են ձգտում հասնել։ Իսկ նրա սեփական ղեկավարությունը նրանց է ենթարկվում։

Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանտարկում և պատժում է իր քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ Հայաստանի ամենահին հաստատության՝ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը։

Հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը երկու տարվա ազատազրկման դատապարտվեց՝ վարչապետի քաղաքականության վերաբերյալ իր արտահայտած տեսակետների համար։ Տասնյակ այլ եկեղեցական առաջնորդներ են ձերբակալվել և սպասում են դատավճռին։

Առնվազն երկու պատճառ գոյություն ունի, թե ինչու Թրամփի վարչակազմը պետք է հեռու մնա Փաշինյանից։

Առաջինը` Փաշինյանի ներքին քաղաքականության արդյունքներն աղետալի են եղել, իսկ Արցախին առնչվող նրա քաղաքականությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Ամերիկայի հայկական սփյուռքում մեծամասնության կողմից որպես պարտվողականություն է դիտվում։ Ամերիկահայերի գերակշիռ մասը 2024 թվականի նոյեմբերին քվեարկեցին Թրամփ-Վենս քվեաթերթիկի օգտին։ Եթե հայ ընտրողները հասկանան, որ վարչակազմն իրոք աջակցում է Փաշինյանին, ով հանգեցրել է Արցախի շահերի զոհաբերմանը նավթով հարուստ Ադրբեջանի և ռազմավարական առումով կարևոր Թուրքիայի շահերին, ապա նրանք կհուսալքվեն։

Երկրորդ՝ օգոստոսի 8-ի Համաձայնագրերի հաջողությունը կապելը ժողովրդականություն չվայելող և խարդախ առաջնորդի հետ, ինչպիսին Փաշինյան է, չափազանց ռիսկային է նախագահ Թրամփի համար։

Համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանին զիջելու արդյունքում՝ մի շարք կարևոր հարցերում, որոնք նշանակալի են հայ ժողովրդի համար (օրինակ՝ Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի իրավունքը, ռազմագերիների հարցը, սահմանադրական փոփոխությունները և այլն), Փաշինյանը զայրացրել է իր ընտրազանգվածի ճնշող մեծամասնությանը և, եթե Հայաստանում ընտրություններն ազատ և արդար անցկացվեն, ապա նա ամենայն հավանականությամբ դուրս կմղվի։ Սա նրան անկանխատեսելի է դարձնում, և նաև՝ թեկնածու բոլոր տեսակի ոչ բարեխիղճ աշխարհաքաղաքական համաձայնությունների համար, ինչը նրանից բոլորովին հեռու չէ։

1991 թվականից ի վեր, երբ Հայաստանը անկախություն ստացավ Խորհրդային Միությունից, նրա առաջնորդները մշտապես են խաբել Արևմտյան քաղաքական գործիչներին՝ թաքցնելով իրականությունը Ռուսաստանի հետ իրենց կապերի, կոռուպցիայի չափերի, մարդու իրավունքների ոտնձգությունների և անազնիվ ընտրությունների մասին։

Վարչապետ Փաշինյանը բացառություն չէ։

Նրա հրապարակային հռետորաբանությունը ցայտուն կերպով է հակադրվում արտերկրում ցուցադրվող նրա արևմտամետ կերպարին և Հայաստանի գլխավոր մրցակիցներ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդների և Ռուսաստանի առջև ցուցաբերվող գրեթե ստորաքարշ դիրքորոշմանը: Հիմա նա նույն կերպ է մերձենում նաև Միացյալ Նահանգներին:

Եկեղեցու դեմ նրա վերջին լայնամասշտաբ պատերազմը ցույց է տալիս, թե նա ինչ չափով է պատրաստ ամեն ինչ անել՝ Անկարային ու Բաքվին հաճոյանալու համար: Միանգամայն ակներև էր, որ նա այս արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսեց Ադրբեջանի գերագույն շիա մահմեդական հոգևորականի հայտարարությունից հետո, ով պնդում էր, որ քահանաները «մեծ սպառնալիք են տարածաշրջանի հարևան բոլոր երկրների համար»:

Չնայած իր արգահատելի վարքագծի դեմ բարձրացած հանրային հուժկու բողոքին, Փաշինյանը չի վարանել և սկսել է ճնշել նրանց, ովքեր անհամաձայնություն են արտահայտել: Նրա առաջին զոհը դարձավ միլիարդատեր բարերար Սամվել Կարապետյանը, ում հունիսի 18-ին ձերբակալեցին և կալանավորեցին կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով՝ Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հրապարակային հայտարարություն անելու համար։ Մի քանի օր անց Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը սկսեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի պետականացման գործընթացը։

Եկեղեցու և ընդդիմության առաջնորդների նկատմամբ ճնշումներն այստեղ կանգ չեն առել։ Դրանք տարածվել են նաև բարձրագույն հոգևոր դասի վրա, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի նկատմամբ։ Մինչդեռ Աջապահյանին Փաշինյանի սեփական օգտագործման դատարանը հոկտեմբերի 15-ին շուտափույթ կերպով դատապարտեց երկու տարվա ազատազրկման, իսկ Հայաստանի ԿԳԲ–ի իրավահաջորդ Ազգային Անվտանգության Ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալեց եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին և Արագածոտնի թեմի մի շարք այլ հոգևորականների՝ մի դժգոհ նախկին քահանայի կողմից հեռուստատեսությամբ ներկայացրած մեղադրանքների հիման վրա։

Չնայած իր «արևմտամետ» հռետորաբանությանը, Փաշինյանը մնում է Ռուսաստանի մարիոնետը։ Դրա վկայությունն է նրա վերջին աղմկահարույց ելույթը խորհրդարանում, որտեղ նա ծաղրում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին` որպես անկայուն դաշնակցի, որի վրա «հայ ժողովուրդը չի կարող հույս դնել»։

2020–23 թվականներին Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաներին լքելն է հանդիսանում այն հիմնական պատճառը, որը նրա վարկանիշը միանիշ թիվ է դարձրել, և ստիպում է եկեղեցու առաջնորդներին նրա դեմ հանդես գալ։ Այսօր Հայաստանում շատ քչերը կվիճարկեն այն տեսակետը, որ ռուսամետ խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվելու դիմաց է Փաշինյանը թույլ տվել Ադրբեջանին վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի մեծ մասի նկատմամբ (համահունչ այսպես կոչված «Լավրովի պլանին», որի գլխավոր հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է): Սա Կրեմլի պլան Բ–ն էր այն բանից հետո, երբ 2016 թվականին նախկին առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ կապված հիմնական պլանը ձախողվեց՝ Երևանի կենտրոնում զինված ապստամբություն բռնկվելու արդյունքում։

Փաշինյանի աշխարհաքաղաքական երկդիմի փոփոխականությունը ոչ մի տեղ այնքան ակնհայտ չի երևացել, որքան 2018 թվականին իշխանության գալուց ի վեր նրա՝ Մոսկվա կատարած տասնյակ այցերում։ Մինչդեռ Վաշինգտոն և Եվրոպական մայրաքաղաքներ նա այցելել է ընդամենը մի քանի անգամ։

Սպիտակ տանը օգոստոսի 8-ին Համաձայնագիր ստորագրելուց հետո ընդամենը մի քանի օր անց՝ օգոստոսի 31-ին, Պեկին կատարած նրա այցը և այնտեղ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելը ևս դրա վկայությունն է։

Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ և տևական խաղաղությունը պահանջում է այնպիսի առաջնորդություն, որը վայելում է քաղաքացիների միահամուռ աջակցությունը, որը կարող է նպաստել Հայաստանի ռազմավարական բուֆերների և ինքնիշխանության վերականգնմանը և նրա քրիստոնեական ժառանգության ամրապնդմանը։ Փաշինյանն այս ամենից զուրկ է։

Նրան վստահելու և նրա հետ ուղղակի կամ անուղղակի աշխատելու Թրամփի վարչակազմի փորձերը վտանգավոր են և կարող են հակառակ արդյունք տալ։

Դավիթ Գրիգորյան

Հոդվածի բնօրինակը