ՆԵՐՔԻՆ ԲՌՆԱՊԵՏՈւԹՅՈւՆ` ԱՐՏԱՔԻՆ ՀՆԱԶԱՆԴՈւԹՅԱՄԲ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ապօրինի և ցուցադրական ձերբակալությունները, որոնք ուղղված են ոչ իշխանական համայնքապետերի և ընդդիմադիր գործիչների դեմ։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը հստակ ծրագրավորված քաղաքական գործողություն է՝ միտված ոչ թե արդար դատաքննության, այլ հանրային սադրանքի, ընդդիմադիր համայնքի պատժման և Գյումրիի բնակչության կամքը կոտրելու նպատակին։ Այս ամենը իրականացվում է վախի մթնոլորտ ստեղծելու և հանրությանը ահաբեկելու նպատակով՝ սպասվող համապետական ընտրություններից առաջ։

Գյումրիում տեղի ունեցածը մեկուսացված դեպք չէ․ այն պետական ահաբեկչության լայն շղթայի շարունակությունն է, որի հետևանքով տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Մերձավանում և այլուր, ընդդիմադիր համայնքապետեր կամ բանտարկվել են կամ սպանվել կասկածելի հանգամանքներում։

Այս գործողությունները վկայում են այն մտադրության մասին, որ գործող կոլաբորացիոն ռեժիմը նպատակ ունի բռնապետական մեթոդներով ճնշել ժողովրդի ազատ կամարտահայտությունը և 2026 թվականի ընտրություններին ձևավորել Ադրբեջանից կախյալ կեղծ պետություն․ մի վարչակարգ, որը դրսում կծառայի ցեղասպան թշնամու կամքին, իսկ ներսում կդառնա ծայրահեղ բռնապետություն։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը կոչ է անում հայ ժողովրդին, միջազգային հանրությանը և բոլոր ժողովրդավարական ուժերին՝ խստորեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական քաղաքականությունը և միավորվել՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
22 հոկտեմբերի, 2025 թ․