Հազարամյակներ շարունակ՝ սկսած Հայկ նահապետից, անկախության գաղափարը մեր ժողովրդի ուղեկիցն է եղել։ Նրա հայտնի խոսքերը՝ «Չեմ կամենում բռնակալի ծառայել», արտահայտում են այն արժեքները, որոնք դարավոր պայքարի ընթացքում ձևավորել են մեր ժողովրդի ինքնությունը։
Այս շարունակականությունը հասնում է մեր օրեր և այս ամենն ամրագրված է նաև 1990 թ. Հռչակագրում, որը հիմքն էր նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման համար՝ ներկայումս դառնալով արտաքին ճնշումների թիրախ։
Բաքուն այն դիտարկում է որպես «խաղաղության հաստատմանը խոչընդոտող ահաբեկչական դրույթ»։ Ավելին, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը կասկածի տակ է դրել դրա կարևորությունը՝ հայտարարելով. «Վերջին տարիներին հատկապես ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը։ Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»։
Ներկայիս «իշխանությունը», արտահայտելով թշնամու շահերը, ծրագրեր ունի սահմանադրական փոփոխություններ անցկացնելու և հեռանալու Հռչակագրի արժեքներից։ Հռչակագրի վերաբերյալ դրույթները վտանգված են նոր սահմանադրության ընդունման գործընթացում։
Այս իրավիճակը պետք է առիթը դառնա նոր քաղաքական ճակատ ձևավորելու համար, որը՝
- Կմիավորի բոլոր անկախական քաղաքացիներին, քաղաքական ուժերին, եկեղեցուն, մշակութային և գիտական հանրությանը։
- Կմոբիլիզացնի ժողովրդին՝ պաշտպանելու Հռչակագրի արժեքների լեգիտիմությունը։
- Հիմք կդառնա ալիևյան ճնշումների տակ պարտադրված սահմանադրական փոփոխությունները կանգնեցնելու արդյունավետ քայլերի համար։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը կոչ է անում.
- Գիտակցել պահի քաղաքական կարևորությունը։
- Մոբիլիզացնել քաղաքացիներին՝ ցույց տալով ժողովրդի ինքնիշխանության ուժը։
- Ապացուցել, որ Հռչակագրի չեղարկումը հավասարազոր է ազգային ինքնության համար մղվող պայքարի մերժմանը։
Հռչակագրի գաղափարը, նրա պատմական ու իրավական հիմքերը Հայաստանի ինքնորոշման ու անկախության գրավականն են։ Այս նոր ճակատն ամուր հիմքեր կստեղծի ազատվելու Նիկոլ Փաշինյանի կոլաբորանտ ռեժիմից։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
23 օգոստոսի, 2025 թ., Երևան