ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի ողջույնի ուղերձը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ողջունում է Ֆրանսիայի արտգործնախարար պարոն Ժան-Նոել Բարոնին և բարի գալուստ է մաղթում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան։
Մենք մեծապես կարևորում ենք այս այցը՝ այն համարելով Ֆրանսիա–Հայաստան հարաբերությունների խորացման և համապարփակ զարգացման հնարավորության կարևոր քայլ։ Հայ ժողովուրդը պատմականորեն առանձնահատուկ տեղ է հատկացնում Ֆրանսիային՝ որպես համամարդկային արժեքների, ազատության և արդարության դրոշակակրի։

Մենք նաև հավատում ենք, որ այս այցը կարող է նոր թափ հաղորդել հայ–ֆրանսիական փոխհարաբերություններին, ինչպես նաև Հայաստան-Եվրոմիություն խոր և ընդգրկուն համագործակցությանը՝ մասնավորապես ժողովրդավարության, պետական ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական գործընկերության ամրապնդման ոլորտներում։

Միևնույն ժամանակ ափսոսանքով նշում ենք, որ Հայաստանի ներկա իշխանությունները փաստացի չեն ներկայացնում հայ ժողովրդին և, չնայած բազմիցս հնչեցված հավաստիացումներին, գործնականում որևէ համարժեք քայլ չեն ձեռնարկում հայ-ֆրանսիական հարաբերությունների բովանդակային զարգացման ուղղությամբ։ Այդ իրողությունը հստակ արձանագրվեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում արված հայտարարություններով։

Այդուհանդերձ, Ազգային-Ժողովրդավարական Բևեռը համոզված է, որ հայ ժողովուրդը ձգտում է ունենալ փոխշահավետ սերտ հարաբերություններ այն պետությունների հետ, որոնք սատարում են նրա անվտանգությանը, ազատությանն ու արժանապատվությանը, և այդ պետությունների շարքում առաջնահերթ տեսնում է հենց Ֆրանսիայի Հանրապետությանը։

Մաղթում ենք բովանդակալից և արդյունավետ այց՝ ի նպաստ հայ–ֆրանսիական բարեկամության ամրապնդման։

Ազգային ժողովրդավարական բևեռ,
26 մայիսի, 2025թ․, Երևան, Հայաստան