ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Մամուլի հաղորդագրություն

Լրանում է Մոսկվայի 1921թ․ մարտի 16-ի չարաղետ պայմանագրի 104-րդ տարելիցը։ Պայմանագիր, որը ստորագրվեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև, հայ ժողովրդի թիկունքում, առանց Հայաստանի Հանրապետության օրինական ներկայացուցիչների համաձայնության։ Այս խայտառակ փաստաթուղթը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքների կոպտագույն խախտում և միջազգային իրավունքի գործող հիմնադրույթների բացահայտ ոտնահարում։

Մոսկվայի պայմանագիրն իրավական առումով անօրինական է։ Այն կնքվել է երկու կողմերի միջև, որոնք չունեին որևէ օրինահեն լիազորություն՝ որոշելու Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Թուրքիան, լինելով Առաջին համաշխարհային պատերազմում պարտված և այդ պարտությունն անվերապահորեն ընդունած կողմ, չէր կարող տնօրինել հայկական տարածքները։ Բոլշևիկյան վարչախումբն էլ իր հերթին չէր հանդիսանում Ռուսաստանի ճանաչված և օրինական իշխանություն, ուստի չէր կարող գործել Ռուսաստանի անունից։

Մոսկվայի պայմանագիրը կարելի է բնութագրել որպես Ռիբենտրոպ-Մոլոտովի պակտ՝ նախքան Ռիբենտրոպ-Մոլոտովի պակտը։ Այն ցույց տվեց, թե ինչպես երկու բռնապետական ռեժիմներ՝ բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան, գաղտնի գործարքների միջոցով բաժանեցին մի ամբողջ ժողովրդի պատմական հազարամյա հայրենիքը՝ անտեսելով միջազգային իրավունքի և բարոյականության բոլոր սկզբունքները։

Ռուսաստանի Դաշնության ներկայիս իշխանությունները պարտավոր են հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտել և դատապարտել Մոսկվայի պայմանագիրը՝ որպես հայ ժողովրդի նկատմամբ գործադրված անարդարության վկայություն։ Պատմական արդարության վերականգնումը պահանջում է, որ Ռուսաստանը հրաժարվի այս անօրինական փաստաթղթից և վերանայի իր քաղաքական կեցվածքը՝ հիմնվելով արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքների վրա։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը խստագույնս դատապարտում է Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը՝ որպես հայկական պետականության դեմ ուղղված հանցագործություն։ Մենք հայտարարում ենք, որ այն չունի իրավական ուժ և չի կարող ու չի ստեղծում որևէ իրավական հետևանք։

Հայ ժողովուրդն ունի պատմական արդարություն վերականգնելու, իր ազգային շահերը պաշտպանելու և մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ անժխտելի իրավունքները վերամարմնավորելու պատմական հանձնառություն։

Մենք շարունակելու ենք պայքարել մեր ազգային շահերի վերականգնման և Հայաստանի Հանրապետության օրինական իրավունքների հաստատման համար։

Ազգային – ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
16 մարտի 2025թ., ք․ Երևան