ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 
Մայիսի 28-ը Արարատի լուսապսակ ճակատի նման հայ ժողովրդին միավորող խորհրդանիշ-արժեք է։ Այն մեր ինքնությունը ամեն գնով պաշտպանելու միասնական կամքի արտահայտման օրն է։Առաջին հանրապետության ստեղծումը և գոյությունը անուրանալի դեր ունի մեր ժողովրդի պատմության, ներկայի և ապագայի համար։Մեր շատ իրավունքներ խարսխված են այդ հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռը մշտապես հանդես է եկել ներկա Հայաստանի հանրապետության որպես 1918 թ․ մայիսի 28-ին ծնված Հայաստանի հանրապետության իրավահաջորդի գիտակցման անհրաժեշտության պնդումով, որպես այն իրավա-քաղաքական հիմք, որը մեզ հնարավորություն կտա դուրս գալու ապօրինի սահմանազատման ներկա ծուղակից, դատական կարգով լուծելու Հայաստանի սահմանազատման խնդիրները եւ կանխելու Ադրբեջանի կողմից մեզ պարտադրվող ռազմատուգանքների գալիք դատական թելադրանքը և վերջինիս ՝ մեր պետականության ապագայի համար ավերիչ հետեւանքները։
 
Ի տես Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստի գոյութենական սպառնալիքների, որոնք բխում են Ադրբեջանի` Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությանից,
Ի տես մեր երկրի հյուսիսում և հարավում սկիզբ առած աշխարհա-քաղաքական «փոթորիկների» հետևանքով մոտալուտ համակարգային ճգնաժամի,
Ի տես Նիկոլ Փաշինյանի վարած հակասահմանադրական, ապազգային, պարտվողական և հակաժողովրդավարական քաղաքականության, որը հանգեցրել է հասարակության քաղաքական պառակտման եւ կաթվածահարության,
Ազգային-ժողովրդավարական Բևեռը դիմում է հայրենիքի եւ հայրենաբնակ հայության գոյությամբ մտահոգ Հայաստանի եւ սփյուռքի գործիչներին ու շրջանակներին՝ առաջարկելով միանալ հայրենիքում սկսված ազգային-ազատագրական շարժմանը հետեւյալ նպատակներով.
 
  1. ստեղծել Հայաստանում սահմանադրականության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման նպատակով տարբեր քաղաքական հոսանքների միջև երկխոսության մթնոլորտ․
  2. միավորվել վերկուսակցական ձևաչափով, համախմբել ժողովրդին, հեռացնել աղետաբեր չարիք դարձած Նիկոլ Փաշինյանին և կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն,
  3. կազմել և իրագործել հակաճգնաժամային անցումային ծրագիր` չեզոքացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճահարույց հարցերը թելադրանքով լուծելու հետ կապված Ադրբեջանից բխող ուժի կիրառման սպառնալիքը՝ ներառյալ միջպետական սահմանազատումը և սահմանանշումը, միջպետական հաղորդակցությունների բացումը, Անկախության Հռչակագրից հրաժարումը և Հայաստանի սահմանադրական փոփոխությունները,
  4. ապահովել միջազգային իրավունքի հիման վրա Արցախի հիմնախնդրի արդարացի լուծումը և միջազգային ներկայությամբ Արցախի հայության անվտանգ վերադարձը:

 

Շնորհավոր Հանրապետության օրը։
 
Ազգային – Ժողովրդավարական Բեւեռի խորհուրդ
28 մայիսի, 2024 թ., Երևան