Ազգային-ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական փաստացի սահմանի մի մասից եվրոպական դիտորդներին հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը։
Այս քայլը վտանգում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և հակասում է մեր ազգային շահերին։ Այս հայտարարությամբ, որը հետևանք է Ադրբեջանի պահանջի, Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու, թե Հայաստանում ով և որտեղ կարող է տեղակայվել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ավարտուն գործընթաց չկա։ Խաղաղության և սահմանի հստակեցման վերաբերյալ չկա որևէ միջպետական պայմանագիր։ Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են, և որևէ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։
Այս պայմաններում եվրոպական դիտորդների ներկայությունը կարևոր է սահմանային կայունության և անվտանգության ապահովման համար։ Եվրոպական դիտորդների հեռացումը կարող է խաթարել սահմանային իրավիճակի վերահսկումը և նպաստել լարվածության աճին։
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պահանջել ՀՀ իշխանություններից վերանայել այս որոշումը և ապահովել միջազգային դիտորդների շարունակական և տևական ներկայությունը սահմանային գոտիներում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղության։
Մենք մեր երախտիքի խոսքն ենք հղում բոլոր այն երկրներին, որոնց ներկայացուցիչները իրականացնում են դիտորդական առաքելությունը։ Մենք դիմում ենք ժողովրդավար և տարածաշրջանի կայունությամբ իսկապես մտահոգ բոլոր բարեկամ երկրներին՝ մեծացնել դիտորդների թիվը և ընդլայնել դիտորդական ու խաղաղապահ գործառույթի շրջանակը։
Եվրոպական դիտորդների ներկայությունը պետք է դիտարկվի որպես անվտանգության կարևոր բաղադրիչ, և նրանց հեռացման որոշումը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով Հայաստանի և տարածաշրջանի երկարաժամկետ շահերը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Երևան, 28 նոյեմբերի 2024թ․