Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանում իշխանությունը զավթած Քաղաքացիական Պայմանագիր խորհրդարանական խմբակցության կողմից հոկտեմբերի 23-ին այսպես կոչված <<Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների համատեղ գործունեության>> կանոնակարգի վավերացումը։ Սա իշխող գաղութային ադմինիստրացիայի հերթական անօրինական, հակասահմանադրական և հակահայկական քայլն է։
1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, որի վրա հղում է անում այս կանոնակարգը, որևէ սահման չի ամրագրվել։
Սահմանագծման փաստացի հիմք հանդիսացող Սովետական Միության ներքին սահմանները երբեք չեն հանդիսացել պետական սահմաններ և ստեղծվել են Հայաստանի առաջին հանրապետության նկատմամբ ռուս-թուրքական ագրեսիայի հետևանքով և Հայաստանի տարածքների անօրինական անեքսիայի արդյունքում:
1. Այս գործընթացը փաստացի կրկնվում է 100 տարի անց ռուս-թուրքական հերթական ագրեսիայի հետևանքով՝ Ալիևի բռնատիրական ռեժիմի և Հայաստանում իշխանությունը զավթած դավաճան խմբակի ձեռքերով, առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը և պատմական արդարությունը:
2. Այս գործընթացը տեղի է ունենում ադրբեջանցիներին Տավուշի մարզում Հայաստանի նոր տարածքների հանձնման և Ադրբեջանի կողմից Հայաստանի այլ տարածքների փաստացի օկուպացիայի ֆոնին, նախքան խաղաղության միջպետական պայմանագրի կնքումը և սահմանների մասին պայմանագրին կից դելիմիտացիայի քարտեզների և սկզբունքների համաձայնեցումը, ինչը հակասում է միջազգային իրավունքի պրակտիկային և առողջ բանականությանը:
3. Այս գործընթացը չունի որևէ լեգիտիմություն և իրականացվում է իշխող կուսակցության կողմից, որը խիստ ցածր ժողովրդականություն ունի հանրության շրջանում:
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն երկրի սահմանները կարող են փոփոխվել բացառապես համապետական հանրաքվեի արդյունքում (Հոդված 205, կետ 1` <<Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով>>:)
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը դատապարտում է այս գործողությունները և կրկին ընդգծում իր հանձնառությունը հայ ժողովրդի համախմբմամբ դիմադրելու այս անօրինական քայլերին, որոնք պարտադրվում են ռուս-թուրքական դաշինքի և Բաքվի ու Երևանի նրանց արբանյակների կողմից:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ,
24.10.2024թ, Երևան