Սույն թվականի հուլիսի 5-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը և Կարո Եղնուկյանը հանդիպեցին կոնգրեսական Ջո Ուիլսոնի (Հանրապետական, Հարավային Կարոլինա) հետ, ով հուլիսի 2-5-ը սենատոր Ռոջեր Ուիկերի (Հանրապետական, Միսիսիպի) հետ միասին գլխավորում էր ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության այցը Հայաստան:
Սա Բևեռի առաջնորդների երկրորդ հանդիպումն էր կոնգրեսական Ուիլսոնի հետ Երևանում, և Վաշինգտոնում Կոնգրեսի առանցքային առաջնորդների հետ շարունակական աշխատանքի մի մասն է հանդիսանում:
Կոնգրեսական Ուիլսոնը Սենատի և Կոնգրեսի Հելսինկյան համատեղ հանձնաժողովի նախագահն է և Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամը, որտեղ նա նախագահում է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ենթահանձնաժողովը և Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի անդամ է հանդիսանում:
Նա նաև Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների գծով հանձնաժողովի ամենաավագ անդամն է և Պատրաստության ու Ռազմավարական ուժերի գծով ենթահանձնաժողովների անդամը:
Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Ազգային-ժողովրդավարական Բևեռի առաջնորդներն ու կոնգրեսական Ուիլսոնը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման ռիսկերը։
Բևեռի առաջնորդները կոնգրեսական Ուիլսոնին ներկայացրել են Հայաստանում ահագնացող քաղաքական բռնաճնշումների և ոստիկանական դաժանությունները, Փաշինյանի ռեժիմի կողմից իրականացվող տարածքային միակողմանի զիջումներն Ադրբեջանին, ինչպես նաև խոսել Հայաստանի ու նրա անվտանգության նպատակով Պետքարտուղարության կողմից Փաշինյանին ամեն գնով աջակցելու սխալ հաշվարկների մասին:
ԱԺԲ առաջնորդները կոնգրեսական Ուիլսոնին կոչ են արել Բայդենի վարչակազմին փոխանցել Հայաստանի ժողովրդի՝ արևմտյան ազգերի ընտանիքին միանալու և արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու կամքը, ինչն անվերապահ աջակցություն է ենթադրում ժողովրդի նկատմամբ, այլ ոչ թե ժողովրդից իշխանությանը պաշտպանելու հարցում։
Վերջինս (Նիկոլ Փաշինյանի իշխանությունը) հավատարիմ է մնում Ռուսաստանի Պուտինին և շարունակում է խարխլել Հայաստանի ժողովրդավարական հեղինակությունն ու երկրի պաշտպանունակությունը:
ԱԺԲ առաջնորդները նաև կարճատև շփում են ունեցել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բեն Քարդինի (Դեմոկրատ, Մերիլենդ) հետ, ով ևս Հայաստան այցելած պատվիրակության կազմում էր։
ԱԺԲ խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Ուիլսոնին՝ Հայաստանի և Սփյուռքի ժողովրդի համար կարևորագույն հարցերում առաջնորդություն ցուցաբերելու և շարունակական համագործակցության համար։
Նրանք նաև շնորհակալություն հայտնեցին լոբբիստական ընկերություններին՝ The Livingston Group-ին և Moran Global Strategies-ին, այս հանդիպումները հնարավոր դարձնելու համար:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
5 հուլիսի, 2024 թ, Երևան