ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Մայիսի 9֊ին ժամը 21։00֊ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենան Վազգեն Սարգսյան փողոցից մուտք գործեց Հանրապետության հրապարակ և փորձեց սլանալ ժողովրդի մեջ, իսկ ավելի կոնկրետ բեռնատարը գալիս էր դեպի այն հատված, որտեղ կանգնած էին Բևեռի խորհրդի անդամներն ու աջակիցները:
Ցուցարարներին բարեբախտաբար հաջողվեց կանգնեցնել բեռնատարը, և տևական ժամանակ հավաքվածները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում, ով է վարորդը և ինչ է փորձում անել:
Թեպետ Հանրապետության հրապարակում տեղակայված էին մեծաթիվ ոստիկանական ուժեր, և բեռնատարից մի քանի քայլ այն կողմ կանգնած էին ոստիկանականներ, սակայն նրանք ուշացումով մոտեցան, ձերբակալեցին վարորդին, ապա շտապ օգնության մեքենայով հեռացրին դեպքի վայրից։
Հաշվի առնելով այն, որ ոստիկանության ուղիղ պարտականությունն է ապահովել խաղաղ հավաքների մասնակիցների անվտանգությունը` կանխելով հնարավոր բոլոր սադրանքները, տեղի ունեցածը գնահատում ենք ուժայինների առնվազն հանցավոր անգործություն, եթե ոչ անմիջական մասնակցություն սադրանքին։
Տարակուսանք է առաջացնում, թե ինչպես տվյալ բեռնատարը կարողացավ մուտք գործել հրապարակ և հայտնվել մարդկանց մեջ` չհանդիպելով ոստիկանության որևէ արգելքի, այն դեպքում, երբ հրապարակի բոլոր անկյուններում և ամեն քայլափոխի ոստիկանական կուտակումներ էին (նաև քաղաքացիական հագուստով):
Տեղի ունեցած միջադեպը գնահատում ենք նախապես կազմակերպված սադրանք` ժողովրդին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար և ինչու ոչ` կազմակերպված մահափորձ` արյունալի հետևանքներով:
Միևնույն ժամանակ վստահ ենք, որ նման կազմակերպված սադրանքներով ռեժիմին չի հաջողվի վախեցնել կամ ճնշել ժողովրդին:
Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող ռեժիմի և նրա բոլոր ուժային կառույցների վրա։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն
10.05.2024թ, Երևան