ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Վաշինգտոն, 26 ապրիլի, 2024 | Մայքլ Մաքշեյն (202-225-5965)

Վաշինգտոն – Այսօր կոնգրեսական Դինա Թայթուսը (Նևադա) Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման 2024թ-ի ակտը ներկայացնելուց հետո հրապարակել է հետևյալ հայտարարությունը։ Օրինագծի համահեղինակ է կոնգրեսական Գաս Բիլիրակիսը (Ֆլորիդա):

«Նևադան ավելի քան 40000 հայերի տունն է, և ես պատիվ ունեմ ներկայացնելու նահանգի հայության կեսին, որը բնակվում է իմ ընտրաշրջանում», – ասաց պատգամավոր Դինա Թայթուսը: «Հայերը Ադրբեջանի կողմից շարունակական էթնիկ զտումների և ցեղասպանության են ենթարկվում։ Այդ իսկ պատճառով ես ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման 2024թ.-ի ակտը: Այս օրինագիծը վարչակազմից պահանջում է վերանայել և պարզել, թե արդյոք Ադրբեջանի քառասունչորս պաշտոնյաները ենթակա են Մագնիտսկու պատժամիջոցներին՝ Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտումներ և Ադրբեջանում քաղաքական ընդդիմության նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու համար։

Պատգամավոր Թայթուսը շարունակեց. «Լաչինի միջանցքի մեկ տարի տևած ապօրինի շրջափակման արդյունքում Ադրբեջանը սննդամթերքի մատակարարման արգելքը որպես զենք օգտագործեց և սովի մատնեց Արցախի 120000 հայերից շատերին։ Ալիևի կառավարությունը մերժեց միջազգային հանրության՝ հետքայլ անելու և լարվածությունը թուլացնելու կոչերը․ փոխարենը հարձակում գործեց Արցախի հայ համայնքի վրա։ Մենք չենք կարող չասել, որ դրանից հետո տեղի ունեցավ ցեղասպանական նպատակներով իրականացված էթնիկ զտում: Ժողովուրդը, որը դեռ վաղնջական ժամանակներից այդ հողի նկատմամբ իրավատիրության իրավունք ունի, ագրեսորի կողմից համակարգված կերպով դուրս մղվեց իր երկրից։ Երեխաները զրկված էին սննդից և ջրից, այլևս չէին կարողանում դպրոց հաճախել, իսկ քրիստոնեական հուշարձանները պղծվեցին: Ժամանակն է, որ սպառազինությունների գործարքներով պարգևատրելու փոխարեն նախագահ Ալիևին և նրա կողմնակիցներին այդ գործողություններն իրականացնելու համար հատուցում պարտադրվի։ Իմ օրինագիծն այդ հարցում կարևոր առաջին քայլ է հանդիսանում»։
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և քաղաքական այլախոհների նկատմամբ շարունակաբար իրականացվող ճնշումների հետևանքով առաջացած քաղաքական և հումանիտար ճգնաժամը՝ միանգամայն հիմանվորված է հանգամանալից դիտարկել, թե արդյոք Մագնիտսկու պատժամիջոցները կիրառելի՞ են, թե ոչ», – ասաց կոնգրեսական Բիլիրակիսը, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահը։ «Մենք պարտավոր ենք բարձրաձայնել ամբողջ աշխարհում իրականացվող քաղաքական ճնշումների դեմ և լսել նրանց ձայնը, ում նկատմամբ ճնշումներ են գործադրվում։

«Հայկական իրավագիտական կենտրոնը ողջունում է կոնգրեսական Թայթուսի առաջնորդությունն այս կարևոր օրինագիծը ներկայացնելու հարցում և կոչ է անում վարչակազմին կոնկրետ գործողություններ ձեռնարկել․ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականներին, կառավար…

Նախապատմություն

2022 թ․-ին բնապահպանական բողոքի ցույցի քողի ներքո Ադրբեջանը սկսեց շրջափակել Լաչինի միջանցքը, որը Արցախն արտաքին աշխարհին կապող միակ կենսունակ ճանապարհն էր։ Մեկ տարի շարունակվող շրջափակումը թույլ չտվեց Արցախի 120000 հայերին առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ սնունդ, ջուր և բժշկական պարագաներ ստանալ: Այս գործողությունների չարամիտ նպատակը միանգամայն պարզ էր և իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնում և զգուշացնում ցեղասպանության վտանգի մասին:

Այս մտավախությունն իրականություն դարձավ 2023թ․ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի հայերի դեմ և բռնի ուժով դուրս մղեց նրանց իրենց հայրենիքից։ Բացի այդ, Ադրբեջանում Ալիևի կառավարությունը հետևողականորեն ճնշումներ է գործադրում քաղաքական ընդդիմության վրա, խեղդում է մամուլի ազատությունը և խոշտանգում ռազմագերիներին: Մարդու իրավունքների խախտումների հետ կապված այս ոտնահարումները պահանջում են, որ Ադրբեջանի ռեժիմին հատուցում պարտադրվի:

Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման 2024թ-ի ակտը նախագահից պահանջում է քննության հարց դարձնել, թե Մագնիտսկու պատժամիջոցները կիրառելի՞ են արդյոք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք անցյալ տարի իրականացրել են Արցախի հայերի էթնիկ զտումները, և որոնք շարունակում են ռեպրեսիվ քաղաքականություն իրականացնել Ադրբեջանի ներսում քաղաքական ընդդիմության նկատմամբ։

Օրինագծի ավելի վաղ տարբերակը ներառում էր մի ձևակերպում, որում կոչ էր արվում ազատ արձակել բժիշկ Գուբադ Իբադօղլուին, որը ադրբեջանական ծագմամբ ականավոր ամերիկացի է․ դասավանդել է ԱՄՆ-ի համալսարաններում և բանտարկվել էր Ալիևի կառավարությանը բացահայտորեն ընդդիմանալու համար: Օրինագծի այդ նախագիծը հասավ Ադրբեջանի կառավարությանն, ու մի քանի ժամվա ընթացքում բժիշկ Իբադողլուն բանտից ազատ արձակվեց և տնային կալանքի ենթարկվեց: Օրինագծում այդ գործը հիշատակված էր որպես Ադրբեջանի կողմից պատշաճ ընթացակարգի անտեսման խորհրդանիշ։ Մարդու հիմնական իրավունքների խախտման համար Ադրբեջանի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառման սպառնալիքն արդեն իսկ փոփոխությունների հանգեցրեց։

Պատգամավոր Դինա Թայթուսը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ է և Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամ: Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման 2024թ-ի ակտն աջակցում են Armenian National Committee of America, Armenian Assembly of America, Global ARM, Policy Forum Armenia և Armenian Renaissance.