ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 
Այսօր հայտնի դարձավ, որ երեկ ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ, որոնք իրենց տեսակով աննախադեպ են։
Գործող վարչախմբի կողմից կատարված անպատկերացնելի դավաճանական գործողություններով պայմանավորված՝ աննախադեպ ռեպրեսիաների ականատես եղած մեր հանրությանը ռեժիմին հաջողվեց զարմացնել ևս մի աննախադեպ ու անմարդկային գործողությամբ՝ քննիչի որոշմամբ ձերբակալված և ոստիկանական մեքենայով ՁՊՎ տեղափոխվող ձեռնաշղթայված Ս. Վարդանյանին դիմակավորված անձանց կողմից մեքենայից իջեցնելն ու նրա նկատմամբ գործի դրված բանական մարդուն ոչ հարիր կենդանական վերաբերմունքը։
Բացառված է, որ դեպքը կարող էր տեղի ունենալ միայն իրավապահների կամ տեղափոխող ոստիկանների թողտվությամբ։ Ավելին՝ անհնար էր, որ անգամ վստահության ցածր պաշար ունեցող ոստիկանները առանց բարձրագույն քաղաքական իշխանության պատվերի և ուղղակի հրահանգի կարողանային անձի նկատմամբ վարվել այնպես, ինչպես վարվել են ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։ Նրա արժանապատվությունը նվաստացրած անձինք ու պատվիրատուները երբեք չեն ունեցել և չգիտեն, թե ինչ է արժանապատվությունը։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
16.04.2024 թվական, Երևան