Հայերեն թարգմանությամբ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2024 թվականի ապրիլի 1-ին The Washington Times-ում հրապարակված ԱՄՆ նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնի հոդվածը:
Բայդենի Պետքարտուղարությունը պետք է ուշադրությունը սևեռի Ռեյգանի «խաղաղություն ուժի միջոցով» ուղերձին
Հայաստանը պետք է դուրս բերվի ռուսական ուղեծրից
1980-ականներին, ծառայելով որպես Ներկայացուցիչների պալատի Հետախուզության և հատկացումների հանձնաժողովների անդամ, ես սերտորեն համագործակցում էի նախագահ Ռոնալդ Ռեյգանի և նրա վարչակազմի հետ՝ «չարի կայսրություն» Խորհրդային Միությանը հաղթելու հարցում:
Ցավոք, այն պահից, երբ Ռեյգանի ներդրած պատմական ջանքերը խաղաղություն բերեցին աշխարհի մեծ մասում, Ռուսաստանին, որը Խորհրդային Միության իրավահաջորդն էր, թույլ տրվեց վերախմբավորվել և ավելի ուժեղանալ:
Ղրիմը Ուկրաինայից անեքսիայի ենթարկելը անհանգստացնող խնդիրներ առաջանալու առաջին ազդակն էր։ Ռուսաստանին թույլ տրվեց վերահաստատել իր վնասակար ազդեցությունը նախկին խորհրդային տարածքի մեծ մասում և կանխել այդ երկրներում որևէ իմաստալից քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացումը։ Իսկ 2022 թվականին Ռուսաստանը համակողմանի պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ:
Մյուս երկիրը, որը դառը դասեր քաղեց, Հայաստանն էր:
Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը, որը բարդ տարածաշրջանում է գտնվում. սահմանակից է իր պատմական հակառակորդ Թուրքիային և Ադրբեջանին, որի հետ հակամարտության մեջ է գտնվել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի (հայերեն՝ Արցախ) շուրջ։
1991-ին, Հայաստանի անկախացումից ի վեր, Ռուսաստանը փորձել է Հայաստանին դիվանագիտական, տնտեսական և քաղաքական թակարդում պահել, և նրան խեղդամահ անելով ստիպել է մնալ իր գլխավորած դաշինքի մեջ՝ նրա անվտանգության թևում և մաս կազմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
Ռուսաստանը, սակայն, վերջերս հրաժարվել է Հայաստանի հանդեպ իր պայմանագրային պարտավորություններից՝ երկիրը գործնականում անպաշտպան թողնելով ավելի ուժեղ հակառակորդների դեմ: 2020 թվականի աշնանը Արցախյան Երկրորդ պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում Ռուսաստանը փաստացի կանգնեց Ադրբեջանի կողքին, որի հետ 2022 թվականի փետրվարին, Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ, ստորագրեց լայնածավալ պայմանագիր։
Անցյալ սեպտեմբերի 19-20-ը Ռուսաստանի համաձայնությամբ տեղի ունեցած 120,000 արցախցիների արտագաղթից հետո, որը գիտնականների ու դիտորդների կողմից էթնիկ զտում է որակվել, աշխարհը պատրաստվում է Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր ներխուժման (այս անգամ՝ Հայաստանի տարածք) ականատեսը դառնալ։
Զարմանալի չէ, որ այս իրադարձությունները Հայաստանի բնակչության շրջանում հանգեցրել են Ռուսաստանի ժողովրդականության զգալի անկմանը: Այդ հիասթափության և զայրույթի մի մասը աստիճանաբար հանգեցրել է արևմտամետ տրամադրությունների վերելքին: Հայաստանի ամենամեծ արևմտամետ քաղաքական կուսակցությունը՝ Ազգային ժողովրդավարական բևեռը կամ ԱԺԲ-ն, այդ հարցում իր դերակատարումն է ունեցել:
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը հակառակ, որը պարտվողական է համարվում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության և հսկայածավալ սփյուռքի կողմից, ԱԺԲ-ն հակամարտության լուծումը դիտարկում է միջազգայնորեն ճանաչված իրավական շրջանակներում։
Մինչև սեպտեմբերյան իրադարձությունը ԱԺԲ-ն կոչ էր անում Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերը փոխարինել ՄԱԿ-ի մանդատով օժտված խաղաղապահ ուժերով և սահմանի հարցը լուծել Ազգերի լիգայի 1920 թվականի որոշման հիման վրա՝ 1921 թվականի Ստալինի որոշման փոխարեն: ԱԺԲ-ն նաև ցույցեր էր կազմակերպում Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության դեմ։
Livingston Group-ն ԱԺԲ-ին օգնել է իր ուղերձը հասցնել Վաշինգտոն: Մենք աշխատել ենք Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի և նրա համանախագահների՝ Նյու Ջերսիի հանրապետական պատգամավոր Քրիս Սմիթի և Մասաչուսեթսի դեմոկրատ պատգամավոր Ջիմ ՄակԳովերնի հետ, որոնց հետ ես ծառայել եմ Կոնգրեսում։
Մենք կազմակերպեցինք լսումներ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի», որը տեղի ունեցավ հունիսի 21-ին։
Այդ լսումների ժամանակ վկաները ընդգծեցին Արցախում ստեղծված իրավիճակի լրջությունը։ Քննարկման մասնակիցներից մեկը՝ Կոլումբիայի համալսարանի Դեյվիդ Ֆիլիպսը, հայտարարեց. «Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հայաստանում տեղի է ունենում երկրորդ Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվում է Էրդողանի և Ալիևի ռեժիմների կողմից, ինչը «Ադրբեջանի հայտարարած քաղաքականության» մասն է կազմում։
Նիստի վկաներից Դեսպան Սեմ Բրաունբեքը, ում հետ ևս աշխատել եմ Կոնգրեսում, ասաց, որ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն օգտվի հնարավորությունից՝ Հայաստանը ռուսական ուղեծրից հեռացնելու հարցում և Հայաստանին տրամադրի խիստ անհրաժեշտ սպառազինություններ և անվտանգություն՝ նրա պաշտպանական կարողությանը օգնելու համար։
Կրկնելով ԱԺԲ-ի երկարամյա քաղաքականությունը՝ պարոն Բրաունբեքը վճռական կերպով եզրափակեց իր խոսքը՝ ասելով․«Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի Ոչ-ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակից»։
Սակայն Բայդենի վարչակազմի մոտեցումը օգտակար չեղավ և հավանաբար սխալ ազդանշաններ ուղարկվեցին ներգրավված կողմերին: Սեպտեմբերի 14-ին Արցախի վրա Ադրբեջանի վերջնական ռազմական հարձակումից բառացիորեն օրեր առաջ, Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն ասաց, որ «ուժի կիրառումն անընդունելի է լինելու»։
Թեև մենք ոգևորված էինք վարչակազմի ստանձնած պարտավորությունների մասով, երբ ՄԱԿ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը արցախցիների արտագաղթից հետո այցելեց Հայաստան, սակայն դրանց աջակցող որևէ այլ գործողություններ տեղի չունեցան:
Այժմ վարչակազմը պարտադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի համար խիստ անբարենպաստ պայմաններով, երբ փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու միջազգայնորեն ապահով պայմաններ չեն ստեղծվել:
Դա հավասարազոր է լինելու նրան, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին՝ հայերին էթնիկ զտումների ենթարկելու համար պարգևատրի։ Մինչդեռ նախագահ Բայդենը 2021 թվականի ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ խոստացել էր օգնել խուսափել դրանից:
Նախագահ Ռեյգանի արտաքին քաղաքականությունը առաջնորդվում էր «խաղաղություն ուժի միջոցով» ուղերձով:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Բայդենի վարչակազմը լավ կանեն իրենց ուշադրությունը սևեռեն այդ փիլիսոփայության վրա: Հանձին ԱԺԲ-ի՝ ԱՄՆ-ն Հայաստանում հզոր գործընկեր ունի, որն ունակ է Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից և դարձնել Արևմտյան դաշինքի ուժեղ և հուսալի գործընկեր։ Մենք չենք կարող կորցնել այդ հնարավորությունը։
Ռոբերտ Լ. Լիվինգսթոնը Վաշինգտոնում կառավարական մարմինների հետ կապերի գծով գործող The Livingston Group ընկերության հիմնադիրն է։ Նա 22 տարի ծառայել է որպես Կոնգրեսի անդամ Լուիզիանայից: Նա և իր ընկերությունը գրանցված են Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի համաձայն՝ ներկայացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռը Միացյալ Նահանգներում։
Հոդվածի հղումը` The Washington Times