ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Այսօր վաղ առավոտից Նիկոլի անձնական և հակապետական ցանկությունները սպասարկող իրավապահները բերման են ենթարկում «Մարտական եղբայրության» անդամներին` (հետևորդներին) դրանով իսկ փորձելով կանխել նրանց այցը Վերին Ոսկեպար։

Այս ամենը ոչ միայն հակաօրինական է, այլ Նիկոլի դրդմամբ ուժայինների կողմից թշնամու ցանկությունների ու հրահանգների կատարման դրսևորում է։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը բազմիցս անդրադարձել և դատապարտել է այսօրինակ այլ երևույթներ ևս, երբ հակահայ վարչախումբը, սպասարկելով ռուս-թուրքական շահերը, գործի է դրել ռեպրեսիվ բազմաբնույթ մեթոդներ և ճնշել ցանկացած պետականանպաստ գործողություն կամ շարժում։

Վարչախումբը յուրաքանչյուր անգամ նոր, աննախադեպ ապօրինություն է գործում և այս անգամ փաստացի զրկել է անձանց տեղաշարժվել ՀՀ տարածքում, ինչով էլ վկայում է իր հավատարմությունը թշնամուն։

Չենք զարմանա, եթե Նիկոլն Ալիևի պահանջով մեր հայրենիքի տարածքում նոր անցակետեր տեղադրի, ինչպես կատարեց Սյունիքում։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է «Մարտական եղբայրության» անդամների (հետևորդների) առևանգումները ոչ միայն դրանց ապօրինի և կամայական լինելու պատճառով, այլ նաև այն հիմքով, որ այդ գործողություններով վարչախումբը շարունակում է սպասարկել թշնամու շահերը և լեգիտիմացնել նրա հանցավոր հավակնությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատամբ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
24.03.2024 թ.