1921 թ. փետրվարի 18-ի ապստամբությունը հայ ոգու արձագանքն էր պետականությունից, ինքնությունից և ազգային առաքելությունից հրաժարվելու ռուս-թուրքական պարտադրանքին:
Միևնույն ժամանակ, այդ պարտադրանքը հնարավոր դարձավ, քանի որ մինչ այդ հայությունը և Հայաստանի Հանրապետությունը ձախողեցին իրենց առջև ծառացած համակարգային կերպափոխման բնապատմական հրամայականի կենսագոծումը:
Այդպիսի հրամայական ժամանակ առ ժամանակ ծառանում է բոլոր համակարգերի, իհարկե նաև՝ ազգերի առջև:
Այդ ժամանակ ազգերի կյանքի ընթացքը հայտնվում է լինել-չլինելու ջրբաժանային կետում և նրանք ստիպված են լինում նորովի՛ մտածել ու գործել և նորովի՛ ապրել, կամ՝ հանձնվել ու մահանալ:
Իսկ երբ նրանք ունակ չեն լինում ամբողջական կերպափոխման, բայց պահպանած են լինում կենսունակության թեկուզ նվազագույն կարողություն, ապա նրանց կենսունակությունը պահող լավագույն մասը գերագույն ճիգով ձգտում է առնվազն պայմաններ ստեղծել այդ մարտահրավերը գոնե ապագայում հաղթահարելու համար:
Փետրվարյան ապստամբությունը ապագային նետված հենց այդպիսի կամուրջն էր, որ ժամանակ ու հնարավորություն տվեց վերապրելու և վերակազմակերպվելու հետաձգված կերպափոխմանն ընդառաջ:
Սակայն, փետրվարյան ընդվզումից յոթ տասնամյակ անց, երբ համակարգային կերափոխման հրամայականը վերստին ծառացավ դրա համար բարենպաստ ռուսական կայսրության մասնակի փլուզման ու նահանջի և թուրք-ադրբեջանական գործոնի էական սահմանափության վերջին երեսնամյա շրջափուլում, հայությունը չդրսևորեց բավարար իմաստնություն և համարձակություն, հանձնվեց կյանքի ամենօրյա ընթացքին, ինչն անխուսափելիորեն մեզ վերադարձրեց բովանդակային նույն հանգրվանին, որտեղ հայտնվել էինք 1921 թ. փետրվարյան ապստամբության նախօրյակին:
1988-94 թթ. Արցախյան հզոր շարժումը, Արցախի զգալի մասի փաստացի ազատագրումը, անկախ պետության և բանակի առկայությունը չդարձան ու չէին կարող դառնալ կերպափոխման մղիչներ այն պարզ պատճառով, որ դրանք չիմաստավորվեցին և չիրացվեցին հանուն ազգային-պետական ամբողջական վերածննդի:
Ավելին, շատ առումներով 1921թ. փետրվարի համեմատությամբ մենք ներկայումս ավելի վատ վիճակում ենք, քանի որ ձախողել ենք 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության գոյությամբ և 1921 թ. փետրվարյան ապստամբությամբ սկզբնավորված, ապա նաև՝ Հայաստանի Հանրապետության վերանկախացմամբ և Արցախի ազատագրմամբ վերականգնված հնարավորությունը, մինչդեռ մեր թշնամիներն, ընդհակառակը, իրացրել են իրենց կերպափոխման հնարավորությունները և պատրաստվում են մեզ զրկել նաև ապագայի որևէ հեռանկարից:
Ներկայումս Հայկական բարձրավանդակի համար բնիկների և եկվորների պայքարը թևակոխում է վերջին և վճռական շրջափուլ:
Ընդսմին՝ Հայկական բարձրավանդակը միայն աշխարհագրական տարածք և նույնիսկ միայն Հայրենիք չէ, որի համար կողմերը պետք է բախվեն և որոշեն դրա պատկանելիությունը, ինչը բազմիցս և գրեթե ամենուրեք տեղի է ունենում աշխարհում:
Հայկական բարձրավանդակն առաջին հերթին համամարդկային, համատիեզերական նշանակության բնազանցական մի տիրույթ է, որը եկվոր բարբարոսներին հանձնելը կհանգեցնի ոչ միայն հայության ոչնչացման, այլև մարդկության վայրագացման և կործանման շղթայական գործընթացի:
Կարևոր չէ, թե աշխարհում ովքեր և որքան են սա հասկանում:
Կարևորն այն է, որ հայերը կանչված և կոչված են Հայկական բարձրավանդակը պահպանելու և կիրառելու որպես մարդկության և մարդկայնության ոգու, խղճի և մտքի ակունք՝ իր ֆիզիկական և զգայագիտակցական բոլոր առումներով՝ որպես առանցք և փարոս դիտելով ու դարձնելով Արարատը՝ հայկական բարձրավանդակի միջուկն ու սերմը:
Հայությունը, պայքարի այս վերջին և վճռական շրջափուլը հօգուտ իրեն և մարդկության հաղթահարելու համար, պետք է մղվի իր ոգու զորությունից և կարողանա վերըմբռնել իր համամարդկային առաքելությունը, որ կոչված է Արարատյան քաղաքակրթության ներառական կարողությունների կիրառմամբ և նորացուցիչ կենսատու արժեքների և գաղափարների ներբերմամբ նախ կամրջելու և մերելու մյուս քաղաքակրթությունները, ապա նաև՝ նպաստելու մարդկության վեհացման:
Այդ առաքելությունը իրականացնելու համար հայությունը պետք է արդիականացնի իր ինքնությունը՝ ներդաշնակորեն համադրելով իր արքետիպային ժառանգականությունը և հարմարողական փոփոխականությունը և, ըստ այդմ, վերակազմակերպվի որպես միջտարածաշրջանային ու միջքաղաքակրթական կամուրջ – ամրոց աշխարհառազմավարական նախագիծ:
Ուրեմն՝ առաջնահերթորեն կարիք ունենք ըստ Փետրվարի 18-ի պատգամի ներքին ինքնահաղթահարմամբ հասնելու համազգային զգայագիտակցական կերպափոխման, քանի որ առանց դրա՝ միայն ֆիզիկական ընդվզումներն այլևս բավարար չեն լինելու թեկուզ ժամանակ շահելու համար:
Ժամանակի և մեր միջև մրցավազքում մենք այլևս պարտվում ենք, որովհետև չարաշահել ենք և կորցրել ենք նախորդ բոլոր հնարավորությունները:
Միայն այդպես կարող ենք վերածնվել և վերաստանձնել Արարարտյան համամարդկային առաքելությունը:
Եվ միայն Արարատյան առաքելության վերաստանձմամբ կվերահաստատենք մեր կյանքի իմաստն ու իրավունքը:
Իսկ Արարատյան առաքելության վերստանձման գրավականը Արարատի իրավունքի վերահաստատումն է:
Հակառակ պարագայում կշարունակենք ընթանալ առաքելությունից զուրկ, այն է՝ կյանքի իմաստ չունեցող, անդեմ, անազգ ու անհայրենիք մարդկային հոտի վերածվելու ներկայիս Դեր Զորով, որով քշում են մեզ արտաքին և ներքին թշնամիները:
Կյանքի իմաստը կամ առաքելությունը, ուստի նաև՝ Արարատի իրավունքը մեր վերջին կռվանն է, որի կորուստը բնությունը և պատմությունը կարձանագրեն մեր ֆիզիկական մահվամբ և մոռացությամբ:
Արդ, թա՛փ տանք մեզ, գիտակցե՛նք մեր առաքելությունը, արժանի՛ լինենք նրա ջահը կրած մեր փառավոր նախնիների արարումներին, մաքառումներին և զոհաբերություններին:
Փետրվարի 18-ը մեր կյանքն իմաստավորող առաքելական ընթացքի խորհուրդ և զորություն ունեցող ճիգերից մեկն է:
Փետրվարի 18-ը հուշում և պատգամում է՝ ոչ դեպի Դեր Զոր, այլ՝ դեպի՛ Արարատ:
Շնորհավո՛ր Փետրվար 18:
Ի գո՛րծ:
Վարուժան Ավետիսյան
Նուբարաշեն ՔԿՀ