ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի հռչակագրի հինգ հիմնական դրույթներից է նոր սահմանադրության ընդունումը։
Այն օրենսդիր, գործադիր իշխանությունների լիազորությունների հստակ տարաբաժանմամբ, օրենսդիրից և գործադիրից դատական իշխանությունների անկախության իրական հակակշիռների հավասարակշռմամբ, օրենքի առաջ իշխանավորների համակարգային պատասխանատվության հստակ մեխանիզմների ամրագրմամբ, մարդու իրավունքների և ազատությունների հստակ սահմանմամբ պետք է ծառայի որպես Հայաստանի անկախ Հանրապետության ինքնիշխանության ու հարատևման, հայ ժողովրդի ազգային իղձերի իրագործման, Հայաստանում ժողովրդավարական կառավարման համակարգի հիմքերի ամրագրման և անշրջելիության գլխավոր երաշխիք։
Հայ ժողովուրդը, 1988-ին սկսված պայքարի և պատերազմում բազմաթիվ զոհերի ու զոհողությունների գնով հաղթելով, ազատագրեց Արցախը, վերականգնեց Հայոց անկախ պետականությունը։
Այսօր, «Արցախը Հայաստան է և վերջ» հռչակելուց կարճ ժամանակ անց, Արցախն ամբողջությամբ հայաթափելուց ու Ադրբեջանին հանձնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր հայաստանակործան առաքելության հաջորդ կարևոր քայլին։
Այն է՝ «առկա իրողությունների ամրագրմամբ» նոր սահմանադրության ընդունում, որով ակնհայտորեն փորձելու է լուծել 2018-ին իշխանության գալիս իր տերերի՝ Մոսկվայի, Անկարայի ու Բաքվի առաջ ստանձնած Հայաստանի անկախ պետականության սահմանադրական հիմքերի իրավական ոչնչացման խնդիրը։


Մասնավորապես՝

  • 1990 թվականին ընդունված հռչակագրի հիշատակման վերացում․
  • Հայաստանի ինքնիշխան պետություն լինելու սահմանադրական ամրագրման վերացում․
  • Պետության պատմականության հետքերի, պատմական ժառանգականության իրավական ամրագրման ջնջում․
  • Արցախի՝ մայր Հայաստանի հետ վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1֊ի պատմական որոշման հիշատակման հեռացում․
  • Առաջին Հանրապետության հիշատակման հեռացում․
  • Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի հիշատակման հեռացում․

 

Եվ վերջապես՝ ժողովրդավարության խորացման անվան տակ իշխանության գերկենտրոնացում մեկ անձի կամ խմբի ձեռքում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անկախությամբ հակակշիռների հավասարակշռման, համակարգային պատասխանատվության չեղած փշրանքների իսպառ վերացմամբ, մեկ հոգու ենթարկեցմամբ պետական կառավարման համակարգն ամբողջությամբ ու վերջնական գաղութավիլայեթական կառավարման համակարգի վերածելով։
100 տարի առաջ Ղարսի ամրոցը հանձնվեց առանց մեկ կրակոցի։ Այս անգամ էլ Հայաստանի թշնամիները Նիկոլ Փաշինյանի ձեռքով, ստով ու խաբեությամբ, ահաբեկմամբ, պայմանավորված պարտությամբ Արցախը հանձնելուց հետո փորձում են վերջնականապես կործանել Հայաստանի պետականությունը ռուս-թուրքական նոր վերաբաժանումով, ինչը չհաջողեցին 100 տարի առաջ։ Հայաստանը, Արցախը մնացին, հայ ազգը որպես հավաքականություն ու ինքնություն չվերացավ Արամի, Նժդեհի և բազմաթիվ այլ նվիրյալների անձնազոհության ու նվիրումի, հայ ազգի միասնական պայքարի գնով։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հնարավոր ամեն ինչ անելու է միավորելու համար բոլոր նրանց, ովքեր գիտակցել և կամ արդեն գիտակցում են Նիկոլ Փաշինյանի պետականակործան, հայակործան գործունեության բնույթը, նրա պետականակործան գործունեությունը կասեցնելու, նրան ու իր խմբակին իշխանությունից հեռացնելու, նոր՝ ազգային ժողովրդավարական Հայաստան կերտելու պատմական առաքելությունը միասնաբար ստանձնելու և իրականացնելու համար։

Կոչ ենք անում յուրաքանչյուր գիտակից հայ մարդու պատրաստ լինել մեր առաջին իսկ կանչով ճիշտ ժամին լինել ճիշտ վայրում և կանգնելով մեր կողքին՝ ազատագրել հայրենիքը:
Միասնաբար մենք կհաղթե՛նք։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
23 հունվարի, 2024 թվական, ք. Երևան