ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Վերջին շրջանում ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի կողմից մեջտեղ է բերվել Հայաստանում գործող իբրեւ թե ահաբեկչական խմբերի մասին արշավը։ Նպատակը ակնհայտ է՝ միջազգային հանրության աչքում արդարացնել Հայաստանի դեմ «հակաահաբեկչական» կանխարգելիչ հնարավոր գործողությունը Սյունիքում եւ այսպես կոչված «անկլավներում»։

Ահա այս խորապատկերի վրա նիկոլական կոլաբորացիոնիստական վարչակազմը որոշել է հանուն «խաղաղության դարաշրջանի» մոտալուտ գալստյան իր «համեստ» լուման բերել այդ արշավին՝ համերաշխության ոգով թշնամական ջրաղացին ջուր լցնելով։
Մեկը մյուսի ետեւից գավառական բեմադրիչների կողմից մոգոնված խղճուկ ռեպորտաժներ եւ սպառնալից հայտարարություններով հագեցած տեսանյութեր են գցվում հրապարակ փորձելով հանրային կարծիք ձեւավորել իբրեւ թե Հայաստանում գործող հին ու նոր «ահաբեկիչների» մասին։
Սակայն միայն այսքանով չեն սահմանափակվում ժողորդավարության այլասերում հանդիսացող պոպուլիստական վարչակազմի այս «հանճարեղ» հատուկ գործողության նպատակները։ ժողորդավարության շղարշի տակ պատրաստվելով ճակատագրական գործողության, այն է կապիտուլացիոն պայմանագիր ստորագրելուն, այն ահաբեկում է հանրային կարծիքը՝ նախապատրաստելով նրան ավտորիտար հալածանքների։
Իհարկե այս ամենը արվում է խորհրդային կգբեական գզրոցից հանելով հայտնի «նոթատետրը»՝ 3-րդ դասարանցու գրագիտությամբ անվարժ գրված, սակայն հստակ ընթեռնելի տեքստերով, որում ընթերցվում է «ԱԺԲ գիշերային ակտիվիստներ» արտահայտոթյունը, որով Արեւմուտքի առաջ տարածաշրջանը փակող (3+3) –ին ինտեգրվելուն ընդդիմացող արմատական ուժին՝ Ազգային ժողովրդավարական բեւեռին հրեշացնելու փորձ է կատարվում։
Ոչինչ, որ սրանով խախտում է իրավական պետություններին հատուկ նախաքննության գաղտնիության բոլոր նորմերը։ Չէ որ շուտով երկիրը Թուրանի ողորմածությանը հանձնելուց հետո պետք է լինելու կանխել հնարավոր ընդվզումը, որից հետո «ժողովրդավարության» դիմակը այլեւս պետք չի գալու։
Ի՞նչ եզրակացություններ կարելի է հանել նիկոլական վարչախմբի ներկա գործողությունից։

1․ դեմոկրատական շղարշի տակ պատրաստվում է նոր ճակատագրական գործողություն՝ կապիտուլացիոն պայմանագրի ստորագրում։
2․ փորձ է ավում կանխել բողոքի նոր ալիքը հող նախապատրաստելով ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելուն, նախապես հանրային գիտակցության մեջ քաղաքական զրպարտությամբ հրեշացնելով ընդդիմությանը։
3․ մատնվում է անգամ հօգուտ իրեն իրականացվող «հատուկ գործողություններ» իրականացնելու վարչախմբի անձեռնհասության աստիճանը՝ դիլետանտի շտապողականությամբ իրավական կոպիտ խախտումներով թխելով անտաղանդ բեմադրություն։
4․ Ռուսաստանի տակից դուրս գալով Փաշինյանը շարժվում է ոչ թե դեպի ժողովրդավարական Արեւմուտք այլ դեպի (3+3) ավտորիտար առանցք եւ թուրք-բոլշեւիկյան մեթոդներին սովոր նոր համակենտրոնացման ճամբար։

Ազգային ժողովրդավարական բեւեռը հայտարարում է, որ որեւէ կապ չունի նորահայտ «ահաբեկիչների» հետ եւ ընդգծում է, որ ամեն տեսակ քաղաքական հալածանք տեսած ԱԺԲ-ին հնարավոր չէ անտաղանդ բեմադրություններով վախեցնել։
Բեւեռը շարունակելու է իր հրապարակային քաղաքական պայքարը նիկոլական պարտվողականության դեմ՝ ներառյալ քաղաքացիական անհնազանդության բոլոր օրինական եղանակները, որոնք ուղիղ ժողովրդավարության և խաղաղ ապստամբության տեսակ են։
Նիկոլ Փաշինյանի հեռացումը այլընտրանք չունի։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
06.11.2023թ, Երևան