Ազգային-ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի վերաբերյալ, ներառյալ Արցախը, ս․թ․ սեպտեմբերի 6-ին կայացած լսումների կապակցությամբ
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) ցանկանում է սրտանց շնորհակալություն հայտնել Կոնգրեսի Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովին, հատկապես նրա համանախագահներին՝ կոնգրեսական Քրիս Սմիթին և կոնգրեսական Ջիմ ՄակԳովերինին, 2023 թվականի սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում արտակարգ լսումներ անցկացնելու համար` լույս սփռելու Արցախում ծավալվող ավերիչ հումանիտար ճգնաժամի վրա:
Բևեռը կապի մեջ է եղել հանձնաժողովի հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում, ինչը նպաստել էր նաև 2023 թվականի հունիսի 21-ին Արցախի հարցով հանձնաժողովի լսումներին:
Մենք նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել փորձագետներին՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին (2003-2012) և Ջորջթաունի համալսարանի կից պրոֆեսոր և Կոլումբիայի համալսարանի Արցախում վայրագությունների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսին՝ հարցի վերաբերյալ իրենց վկայությունների և սկզբունքային դիրքորոշման համար։
Լսումների ընթացքում նկարագրված ալիևյան վարչակարգի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները միանգամայն հստակ ցույց տվեցին, որ քրիստոնյա հայ բնակչությունը Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմին ենթարկելը անընդունելի է և կհանգեցնի ավելի շատ տառապանքի և էթնիկ զտումների։
Միջազգային հանրության կողմից ուրիշ քաղաքական լուծում պիտի դիտարկվի, որի հիմքում կլինի Ազգերի լիգայի 1920 թվականի Հայաստանի սահմանների վերաբերյալ որոշումը, եթե միջազգային հանրությունը չի ուզում մեղսակից լինել Ալիևի ռեժիմի հետ մեկ այլ ցեղասպանության մեջ:
Բևեռը հավատարիմ է մնում հայոց պետականության ամրապնդմանը՝ իր գործունեությամբ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում և ուզում է շնորհակալություն հայտնել իր աշխարհասփյուռ անդամներին և գործընկերներին նրանց աջակցության համար, որը մեզ հնարավորություն է տալիս շարունակել այս կենսական կարևորության աշխատանքը:
Մենք նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Livingston Group-ին այս հարցում մեր ջանքերին նպաստելու և մեզ Վաշինգտոնում ներկայացնելու համար:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ Երևան, 6 սեպտեմբերի, 2023թ.
Կից ներկայացնում ենք ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցած լսումները՝ հայերեն թարգմանությամբ