ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

«Սասնա Ծռեր»-ի ապստամբության 7-րդ տարեդարձի առթիվ

Թեև ամբողջական և միասնական ոգով, բայց մասնատված և տարանջատ ենք մտքով, կամքով և գործով:
Մտքով, կամքով և գործով մասնատված ու տարանջատված լինելու պատճառով դարեր շարունակ կորցնում ենք ու կորչում:
Ամբողջական և միասնական ոգու շնորհիվ դարեր շարունակ կորցնելու և կորչելու պայմաններում դեռ կանք ու պահպանվում ենք:
Լինելով ոգեղեն էություն և կոչված լինելով ոգու առաքելության՝ ուրացել ենք մեր կոչումը: Եվ մեր միտքը, կամքը և գործը ոգուն ծառայեցնելու փոխարեն ծառայեցնում ենք նյութին ու մարմնին, ինչի հետևանքով գերի ենք դառնում օտարների ստեղծած իրականության պայմաններին ՝ փոխանակ կերտելու մե՛ր իրականությունը:


1988-ին Ցեղի ոգին պոռթկաց և երկնեց միացումը, մինչդեռ կյանքից ու ապրելուց վախեցած՝ մերժեցինք և վիժեցրինք այդ երկունքի արդյունքը:
Մեզ հռչակեցինք որպես ռուս-թուրքական «ընկեցիկ ջորի» Խորհրդային Հայաստանի անբնական, անբանական, անիրավ ու հակահայ շարունակություն, Արցախը կեղծ անկախության կարգախոսով թողեցինք թշնամու իրավաքաղաքական պատկանելության և երեք տասնամյակ արյուն ու քրտինք թափեցինք մեր իսկ ծնած այդ վիժվածքին կյանք ու ապագա ներարկելու անիմաստ ու հյուծիչ նպատակին հասնելու համար:


Այնքան տխմար ու ապիկար եղանք և ենք, որ նույնիսկ 2020-ի ճակատագրական հատուցման աղետալի ցնցումից հետո շարունակում ենք մեր կյանքն ու ապագան կապել այսպես կոչված «երրրոդ հանրապետություն» վիժվածքի հետ:


Եվ դժվար է ասել, թե ո՞րն է առավել խորը և ծավալուն՝ Արցախն այլևս որպես թշնամու սեփականություն ճանաչող «երրրոդ հանրապետության» ջատագովների բացահայտված դավաճանությու՞նը, թե՞ Հայաստանից Արցախի ինքնորոշման և անկախության քայքայիչ ու անիրական տեսիլքի վկաների համառ ցնորամտությունը: Ի դեպ, այս երկուսի իրավաքաղաքական արմատը և պտուղը նույնն է, որքան էլ առաջինը հակահայ է, մինչդեռ երկրորդը՝ մոլորյալ հայրենասեր:


Ով կփորձի հղում անել «իրատեսությանը», թող հիշի, որ Ցռան Վերգոն «ամենաիրատեսն» է:


Ժամանակն է զգալու և գիտակցելու, որ հասել ենք ոգու և մտքի, կամքի ու գործի երկվության, դրանց հակասության ու հակադրության վրա հիմնված մեր անբնական և անբանական գոյաձևի սահմանին:
Երբե՛ք, նույնիսկ Ցեղասպանության ու դրան հաջորդած աղետալի շրջանում այս հակասությունը հասած չի եղել խզման վիճակին:
Այսօր հասել ենք վերջնակետին:


Կա՛մ կապավինենք Ցեղի ոգուն, կա՛մ կվերանանք:
Մեր կյանքն ու առօրյան լեփ-լեցրած անմիտ մտավորականները, տգետ քաղաքագետները և անգործունակ գործիչներն այլևս պետք է թողնեն ասպարեզը ոգուն և նրա կանչին հաղորդակից Ցեղի զավակներին:
Եթե ոչ՝ Ցե՛ղը պետք է մաքրի նրանց ասպարեզից:
Ցեղի ոգու առջև մեր հոգին ու միտքը բացելու և նրա զորությամբ հզորանալու ու հաղթելու համար պետք է դարձ դեպի ոգին և դեպի միացում:


Պետք է հասկանանք, որ քանի դեռ Արցախը պատկերացնում ենք որպես անկախ մի բան, այն ակամա օտարում ենք: Լավագույն դեպքում Արցախը դարձնում ենք հարազատ կցորդ, բայց ո՛չ օրգանական մաս: Կյանքի համար թեկուզ կարևոր, բայց ո՛չ կյանքին հավասար, ո՛չ գլուխ, մեջք կամ կուրծք, առանց որոնց չենք կարող ապրել, այլ մի վերջույթ, որ ծայրահեղ դեպքում կարելի է նաև կտրել-հեռացնել հանուն կյանքի փրկության:


Դեպի ոգի և միացում դարձը միայն Արցախի մասին չէ և միայն Արցախի մասով չէ:


Այն ոգու տրամաբանությամբ մեր մտքի, կամքի և գործի միասնության և մեր Հայրենիքի ու ազգի ամբողջացման մասին է:


Արցախի հարցն ընդամենը Հայկական հարցի մի մասն է և պետք է լուծվի Հայկական հարցի լուծման, ուստի նաև՝ Հայրենիքի ամբողջական վերատիրացման, այդու՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի Հանրապետության (1918-20թթ.) ազատագրման-վերականգնման համատեքստում:


Ուրեմն՝ դարձ դեպի ոգին, որով և՝ դեպի միացում ու վերածնունդ:

Մխիթար Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան
17 հուլիսի 2023թ.
«Նուբարաշեն» ՔԿՀ