ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Կրկին Արցախի հարցում ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ
 
Վերջին օրերին էլ ավելի է ծանրացել Արցախում շրջափակման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վիճակը։ Այսպես կոչված «ռուսաստանցի խաղաղապահները» չեն կատարել և շարունակում են չկատարել 2020թ․ նոյեմբերի 9-ի չարաղետ եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած հանձնառությունները։
Այսուհանդերձ, միգուցե հենց այդ պատճառով, արցախցի մեր հայրենակիցներն ավելի սթափ են սկսել գնահատել իրավիճակը և ձեռնարկում են որոշակի քայլեր, որոնք նպատակաուղղված են իրենց և իրենց հարազատների կյանքերի և մարդու իրավունքների պաշտպանությանը, Արցախի ապաշրջափակմանը և իրավիճակի կայունացմանը։
 
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Ազգային- ժողովրդավարական Բևեռը հարկ է համարում մեկ անգամ ևս բարձրաձայնել իր դիրքորոշումը․ Արցախում ցանկացած խաղաղապահ գործունեություն պետք է բովանդակությամբ լինի միջազգային ու բազմազգ և խարսված պիտի լինի ոչ թե ալիևյան ռեժիմի բարեհաճության, այլ միջազգային արդար հարաբերությունների հենքի և միջազգային իրավունքի կայուն հիմքի վրա։
Ըստ այդմ, Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ Արցախի հայությունը պետք է տեր կանգնի իր իրավունքներին ու հոծ զանգվածներով միջազգային համայնքից պահանջի նրա առավել ներգրավումը Արցախի ճակատագրում, ինչպես նաև միջազգային խաղաղապահների տեղակայումը Արցախում։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռն իր բոլոր հնարավորություններով ու միջոցներով կաջակցի այդ պահանջներին և կանի ամեն ինչ, որպեսզի այդ պահանջները շուտափույթ իրականություն դառնան։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,  13 հուլիսի, 2023թ․, ք․ Երևան