ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻ՞Ք, ԹԵ՞ ՔՎԱԶԻՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԿԵԼԱՆՈՑ
Էպոսում Մարութա Վանքը պետականության խորհրդանիշն է:
Երբ Դավիթն առաջին անգամ վերաշինում է Մարութա Վանքը, այսինքն՝ վերականգնում է պետականությունը, ապա, առավոտյան արթնանալով՝ տեսնում է, որ Վանքն անհետացել է և Վանքի համար օգտագործված շինանյութերը «վերադարձել» են իրենց տեղերը:
Վանքի առաջին վերաշինությունը ներկայացնում է ժողովրդի հասունացման և սուբյեկտացման առաջին փուլը: Ժողովուրդը որոշ չափով դավիթանում է, այսինքն՝ հաղորդակից է լինում նախնիների հետ, ազատագրում է Ծովասարը, ստանձնում է ժառանգությունը, գիտակցում է դրանով պայմանավորված պատասխանատվությունը և փորձում է վերականգնել պետականությունը:
Սակայն, պարզվում է, որ այդքանը բավարար չէ: Եվ պետականությունը կորսվում է:
Մեր պարագայում այս այլաբանությունը զուգադրվում է հայ-ադրբեջանական առաջին պատերազմի և անկախության վերականգնման անցած երեսնամյակի հետ: Ծովասար-Արցախն ազատագրեցինք, անկախությունը վերականգնեցինք, բայց ինչ-որ բան սխալ ու պակաս էր, այդ պատճառով երկուսն էլ հայտնվել են կորստի եզրին:
Ի դեպ՝ հիշե՛նք, որ հայ-ադրբեջանական առաջին պատերազմը ժողովուրդների պատերազմ էր և մենք հաղթեցինք, քանի որ մեր ժողովուրդը որակապես գերազանց էր:
Իսկ երկրորդ պատերազմը պարտվեցինք, որովհետև այն պետությունների պատերազմ էր, մինչդեռ մեր Մարութա Վանք պետությունն արդեն փլուզման ընթացքի մեջ էր: Եվ այդ պատերազմում պարտվեց պետությունը, բայց ո՛չ ժողովուրդը և ո՛չ նույնիսկ բանակը:
Դառնանք Էպոսին: Հաջորդ գիշեր Դավիթը երազում հրաման է ստանում՝ իր մեջքի սուրը հանել և դնել Մարութա Վանքի տակ, որպեսզի այն կանգուն մնա:
Դավիթն այդպես էլ անում է և երկրորդ անգամ վերաշինված Վանքը կանգուն է մնում:
Մեջքի սուրը հանելը և Մարութա Վանքի, այն է՝ պետականության, հիմքում դնելը բազմիմաստ խորհուրդ է:
Ամփոփ արտահայտությամբ՝ այն ժողովրդի գիտակցական-կամային-ուժային, այսինքն՝ քաղաքական, ամբողջական ինքնակազմակերպումն ու գործունեությունն է, ինչի շնորհիվ նա որակապես կերպափոխվում-զարգանում-վերածնվում է և դառնում է քաղաքական ազգ:
Միայն մտավոր, կամային և ֆիզիկական երեք առումներով սրավոր՝ սուր կրող ու գործածող ժողովուրդն է, որ ազգ է դառնում և պետականություն է ստեղծում ու պահպանում:
Միայն այն ժողովուրդը, որ պետականության հիմքում է դնում ոչ միայն իր, այլև իր «մեջքի» արգասիքի՝ իր զարմ ու սերնդի, կյանքն ու ապագան, կարող է ստեղծել և պահպանել ազատ ու արժանապատիվ կյանք երաշխավորող կազմակերպվածք-պետությունը:
Միայն այն ժողովուրդը, որ ոչ միայն հիշողությամբ ու աշխատանքով, այլև սրո՛վ է տեր կանգնում իր ժառանգությանը և պատրաստ է կռվել և չտալ աղջիկ ու ոսկի, որ ոչ միայն պատրաստ է պատուհասել ու վռնդել Մըսրա Մելիքի (կայսրության/կայսրությունների) հարկահաններին (մեր պարագայում, օրինակ՝ Ադրբեջանին), որ պատրաստ է սրով և կյանքի գնով հանուն Ծովասարի, պատվի և սեփականության կռիվ տալ անգամ Մըսրա Մելիքի հետ, կարող է իրապես ձեռք բերել ազատություն ու արժանապատվություն:
Միայն այն ժողովուրդը, որ մերժում է Մելիքին Ծովասար, աղջիկ ու ոսկի տվող ցռանվերգոներին և ինքն իր մեջ զատվում-մաքրվում է ցռանվերգոյությունից, կարող է իր ներքին կյանքում ազատ ու արդար լինել և այդու՝ լինել հաղթական արտաքին թշնամու դեմ:
Եվ, ամենակարևորը՝ ժողովուրդը պետք է ինքնուրույն կերպով կայացնի և գործադրի իր մտքի, կամքի, բազկի և մեջքի սուրը Մարութա Վանք պետության հիմքում դնելու որոշումը և ինքնուրույն կերպով ի կատար ածի այն:
Համաժողովրդական քաղաքական ինքնակազմակերպման և գործունեության առաջնահերթ նվազագույն քայլը և արդյունքը պետք է դառնա ազգային-քաղաքական գլխի՝ ազգային կառավարության ձևավորումը:
Դաշնակիցները հայտնվում են այս ինքնիշխան որոշումը և դրա գործադրման նախանշանները տեսնելուց հետո:
Նրանք կհայտնվեն, երբ տեսնեն, որ մենք պատրա՛ստ ենք կռվել և կրկին ազատագրել մեր Ծովասար-Արցախը, որ աղջիկ ու ոսկի չե՛նք տալու, որ մերժելու ենք Ծովասար, աղջիկ ու ոսկի տվող ցռանվերգոներին և տե՛ր ենք լինելու մեր ճակատագրին:
Հակառակ պարագայում՝ եթե շարունակենք այսօրվա նման հանդես գալ որպես տկար ու կամազուրկ հաշմանդամ՝ «ի խաթր» մեր փառապանծ նախնիների, մեզ՝ նրանց անկյալ զավակներին, պետության և Հայրենիքի փոխարեն լավագույն դեպքում կառաջարկեն «29800 քկմ – …» քվազիպետություն և անկելանոց՝ մեր անփառունակ ու վերջավոր գոյությունը քարշ տալու համար:
Մխիթար Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան
Արեգ Կյուրեղյան
Գագիկ Եղիազարյան
Սեդրակ Նազարյան
Էդվարդ Գրիգորյան
Սմբատ Բարսեղյան
Նուբարաշեն ՔԿՀ, 19 հունիսի, 2023 թվական