ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ինչպես և սպասվում էր, վարչապետի աթոռը զբաղեցնողի անձնական կամակորությունները սպասարկող քննչական մարմինն ու դատախազությունը դատարան է ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ազնվագույն հայորդի Մուշեղ Շուշանյանին վերագրվող քաղաքական պատվերով կազմված գործը։
Մուշեղ Շուշանյանը ենթարկվում է բացահայտ քաղաքական հետապնդման այն բանի համար, որ հրապարակայնորեն բարձրաձայնել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի դավաճանության ու նրան պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։
Ի լրումն Մ. Շուշանյանի պնդումների, հարկ ենք համարում նշել, որ Փաշինյանի ու մյուսների դավաճանության և նրանց բոլորի պատասխանատվության անխուսափելիության հարցը լինելու է առաջիկայում ստեղծվելիք Ազգային պետության առաջնահերթ խնդիրներից մեկը։
Վարչախումբը վերջին ճիգերն է գործադրում՝ գործի դնելով ռեպրեսիվ մեթոդները։
Մ. Շուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը ապազգային վարչախմբի կողմից ազատ մտածող ու նվիրյալ հայորդիների մոտ վախի և ահաբեկելու մթնոլորտի ստեղծումն է, նրանց քրեական հետապնդման սպառնալիքի միջոցով հակապետական ռեժիմին քննադատող հրապարակային խոսքից զերծ պահելու համար։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Մուշեղ Շուշանյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, դատապարտում ենք մասնագիտական հանրույթի կողմից մեծ հարգանք ու հեղինակություն վայելող իրավաբանին կալանքի տակ պահելը, ինչն անձին արտադատական կարգով պատժելու հակաիրավական մեթոդ է։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը շարունակում է լիակատար աջակցություն հայտնել Մուշեղ Շուշանյանին և անկախ նրանից, թե հետայսու ինչ վարքագիծ կդրսևորի ռեժիմը, հասնելու ենք նրան, որ Մուշեղ Շուշանյանի քաղաքական շարժառիթներով հետապնդման բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները ենթարկվեն Հայաստանի Ազգային դատարանի արդար պատիժների:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
26.10.2023թ, Երևան