ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը սրտանց շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովին և, հատկապես, հանձնաժողովի համանախագահներ, կոնգրեսականներ Քրիս Սմիթին և Ջիմ Մակ-Գովերնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումներ նախաձեռնելու, Արցախի հայերի ծանր վիճակը քննարկման առարկա դարձնելու և լուսաբանելու համար:
Ազգային-ժողովրդավարական Բևեռը հպարտ է, որ համագործակցել է կոնգրեսական Սմիթի և նրա գրասենյակի հետ՝ կարևոր դեր խաղալով վերընշված լսումները հաջողությամբ անցկացնելու հարցում։
Ցանկանում ենք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Livingston Group-ին, որի նախագահ Բոբ Լիվինգսթոնը սերտ աշխատել է Կոնգրեսում հանձնաժողովի երկու համանախագահների հետ, մեծ եռանդ գործադրել լսումների հարցում մեր ջանքերին նպաստելու և Վաշինգտոնում Բևեռին ներկայացնելու համար:
Մենք նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել լսումների բանախոսներին՝ դեսպան Սեմ Բրաունբեքին, Մայքլ Ռուբինին, Դեյվիդ Ֆիլիպսին և դեսպան Ջոն Էվանսին՝ նրանց ազնվության և փորձագիտական աջակցության համար:
Նրանց ընդգրկուն վկայությունները շատ անհրաժեշտ լույս են սփռում 2020 թ․ պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի հայ բնակչության նկատմամբ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված վայրագությունների վրա և այս հարցում կդառնան ԱՄՆ-ի պաշտոնական արձանագրության մաս։
Արցախի ժողովուրդն արժանի է ազատ ու ապահով ապրելու իր նախնյաց հայրենիքում, որը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մաս։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը հավատարիմ է մնում հայոց պետականության ամրապնդմանը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իր գործունեությամբ և ցանկանում է շնորհակալություն հայտնել իր աշխարհասփյուռ համախոհներին և ընկերներին՝ աջակցության համար, որը մեզ հնարավորություն է տվել շարունակել այս հույժ կարևոր աշխատանքը: Կոնգրեսի լսումների պաշտոնական կայքը հետևյալն է. https://humanrightscommission.house.gov/…/safeguarding…
Նիստին կարող եք հետևել հետևյալ հղումով. ?https://www.youtube.com/live/sXkPS9t9jAA?feature=share
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ, Երևան, 21 հունիսի 2023թ․