ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սենատի արտաքին հարաբերությունների լիակազմ հանձնաժողովի լսումների վերաբերյալ
Ազգային-ժողովրդավարական Բևեռն (ԱԺԲ) իր խորին շնորհակալություն է հայտնում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, հատկապես նրա նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին, ով տարիներ շարունակ եղել է Հայաստանի և հայկական հարցերի ջատագովը, 2023 թ․ սեպտեմբերի 14-ին Սենատում լսումներ անցկացնելու համար, որը լույս սփռեց Արցախում ծավալվող կործանարար հումանիտար ճգնաժամի վրա։
Զարմանալի չէ, որ լսումների ընթացքում քննարկումների մեծ մասը կենտրոնացած էր Հայաստանում ռուսական ազդեցության նվազեցման անհրաժեշտության վրա և օգնելու Հայաստանին կառուցել ավելի ամուր և ընդգրկուն կապեր Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ:
Ազգային – Ժողովրդավարական Բևեռը մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դաշինք ստեղծելու գործի և գաղափարի և այժմ ուրախ է տեսնել այդ գաղափարի արձագանքն ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում:
Մենք ակնկալում ենք շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների Սենատի հետ՝ այս ընդհանուր տեսլականն իրականություն դարձնելու և ավելի ուժեղ, անկախ և միացյալ Հայաստան կառուցելու համար։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
15 սեպտեմբերի, 2023 թ, Երևան