Ազգային-ժողովրդավարական Բևեռը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, ի շարունակություն նոյեմբերի 15-ին ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցած Արցախի հարցով լսումների, պաշտոնական գրավոր հարցեր էր ուղղել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՚բրայենին:
Կոնգրեսական Դարել Իսայի հարցերն ուղղված Ջեյմս Օ՚բրայենին ամբողջությամբ ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ: Ի դեպ, հարցերից մեկը վերաբերում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի գործունեությանը:
Կրկին շնորհակալություն ենք հայտնում Վաշինգտոնում Բևեռին ներկայացնող Լիվինգստոն Գրուպին՝ կոնգրեսական Իսայի հետ գործակցությամբ այս կարևոր հարցերը ԱՄՆ պետքարտուղարությունում բարձրացնելու համար:
Հարցեր արձանագրության համար
Կոնգրեսական Դարել Իսսա
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների
Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողով
Լսումներ՝ Լեռնային Ղարաբաղի ապագան
15 նոյեմբերի, 2023 թ
Հարցեր մեծարգո Ջեյմս Օ’Բրայենին
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի հարցերով տեղակալ
Պատժամիջոցներ
1. Լսումների ժամանակ դուք ցուցմունք տվեցիք, որ Վարչակազմը պարտավորվել է պատժամիջոցներ կիրառել այն դեպքում, երբ բոլոր այլ միջոցները ձախողվեն: Ըստ այդմ՝ արդյոք՞ Գանձապետարանի նախարարությունը թիրախային ցուցակ է կազմել, որտեղ ներգրավված են այն սուբյեկտներն, ովքեր Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման պարագայում կարող են պատժամիջոցների ենթարկվել։
• Եթե այո, ապա որքանո՞վ են դրանում ընդգրկված նախագահ Ալիևին պատկանող կամ նրա կողմից վերահսկվող ակտիվները։
Ապօրինաբար կալանավորված հայ բանտարկյալներ
2.Ադրբեջանն այս պահին անօրինական կերպով բազմաթիվ հայ ռազմագերիներ է կալանքի տակ պահում։ Նրանք գերևարվել են 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում և դրանից հետո։ Վարչակազմը, բացի հրապարակային հայտարարություններից, ինչ՞ քայլեր է այդ ուղղությամբ ձեռնարկում, որպեսզի այդ բանտարկյալներին Ժնևի կոնվենցիաներին համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի, և նրանք ազատ արձակվեն:
3. Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերին վերսկսած հարձակումից հետո Ադրբեջանը նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո քաղաքական ղեկավարությանն է ապօրինի կերպով ձերբակալել։ Ի՞նչ է անում Վարչակազմը՝ նրանց ազատ արձակումը ապահովելու համար։
Ադրբեջանի տարածքային ագրեսիան Հարավային Հայաստանում
4. Նախագահ Ալիևը և նրա ենթակաները բազմիցս նվաճողական հայտարարություններ են արել Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող Հայաստանի տարածքի վերաբերյալ, օրինակ, նախագահ Ալիևն ասել է, որ նա Հարավային Հայաստանում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք է ստեղծելու, անկախ նրանից դա «Հայաստանին դուր է գալիս, թե ոչ»:
• Փաստացի, Ալիևի զորքերը ներկայումս գրավել են հարավային Հայաստանի մի մասը։ Արդյո՞ք Բայդենի Վարչակազմն ընդունում է, որ Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ռազմական օկուպացիան դեռ շարունակվում է, և ագրեսիայի վերսկսման վտանգ գոյություն ունի։
• Վերջերս Կանադան հայտարարեց, որ միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը (EUMA), որը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին։ Կանադան, ըստ էության, ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունն է, որը նման քայլ է ձեռնարկում։ Արդյո՞ք Վարչակազմը ԵՄ մոնիտորինգային այդ առաքելությանը միանալու պատրաստակամություն ունի, որպեսզի կարողանա ի կատար ածել Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ իր հանձնառությունը և որպես լրացուցիչ զսպող միջոց հանդիսանա ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեմ։
• Ֆրանսիան վերջերս հայտարարեց, որ հյուպատոսություն է բացում Հայաստանի հարավում գտնվող Սյունիքում՝ որպես Հայաստանի անվտանգության նկատմամբ իր շոշափելի նվիրվածության դրսեւորում։ Արդյոք՞ Վարչակազմը ևս աջակցություն հանդես կբերի հյուպատոսական ներկայություն ապահովելով՝ այս խոցելի տարածաշրջանի անվտանգությանն ու հայ փախստականներին աջակցելու նպատակով:
Էթնիկ զտում
5. Ամերիկայի ռազմավարական շահերից, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից հռչակված քաղաքականությունից է բխում, որ օրինականությունից դուրս հռչակվեն այն ավտորիտար վարչակարգերը, որոնք ձգտում են ագրեսիա իրականացնել իրենց հարևանների կամ սեփական բնակչության նկատմամբ։ Այս մտահոգությամբ էր առաջնորդվում դեսպան Յուրի Քիմը, երբ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սեպտեմբերի 14-ին կտրականապես հայտարարեց, որ «ԱՄՆ-ը չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված որևէ կարճաժամկետ կամ երկարաժամկետ գործողություն կամ ջանք, որոնք կարող են էթնիկ զտման կամ այլ վայրագությունների հանգեցնել»։
Այնուհանդերձ, դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ։ Ինչպե՞ս է Վարչակազմը պատրաստվում շտկել Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակը, և որն՞ է Վարչակազմի՝ Բաքվին այդ դաժան գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու ծրագիրը։
6. Հաշվի առնելով Ալիևի ռեժիմի բռնապետական բնույթը՝ ի՞նչ է անում Վարչակազմը, որպեսզի իրացվի Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքը և որպեսզի նրանք կարողանան այնտեղ ապահով ու ազատ ապրել՝ առանց վախի, ճնշումների և Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների։
7.Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում հազարավոր հայկական մշակութային և կրոնական հուշարձաններ գոյություն ունեն: 2023թ․ Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի տարեկան զեկույցում ներառվել է Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության վայրերի, այդ թվում՝ Սբ. Սարգիս եկեղեցու փաստագրված ոչնչացումը։ Բացի այդ, 2023 թվականի մարտին Եվրախորհրդարանը դատապարտեց Ադրբեջանի՝ «Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը բնաջնջելու և ժխտելու» քաղաքականությունը։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանը հայկական մշակութային և կրոնական վայրերի ոչնչացման երկարամյա, ահռելի փորձով է օժտված, ապա ի՞նչ քայլեր է Վարչակազմը ձեռնարկում, որպեսզի կանխվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
Ադրբեջանի կապերը մեր հակառակորդների հետ
8. Խնդրում եմ նկարագրել Ռուսաստանի հետ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների խորությունը։ Ինչպե՞ս է դա խանգարում տարածաշրջանում Ամերիկայի ռազմավարական շահերին:
9. Ըստ հուսալի աղբյուրների, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցություն է տեղի ունեցել սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումների ժամանակ, որոնց արդյունքում էթնիկ զտում իրականացվեց Լեռնային Ղարաբաղում, և ավելի քան 2000 տարվա ընթացքում առաջին անգամ հայերը լքեցին Լեռնայի Ղարաբաղի տարածքը: Խնդրում եմ նկարագրել, թե ինչ մակարդակում էր Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումներից առաջ։
10. Պատժամիջոցների ենթարկված ռուսական և իրանական ընկերությունները զգալի մասնաբաժիններ ունեն Ադրբեջանի գազի հանքավայրերում, որոնք էներգակիրներ են արտահանում Եվրոպա։ Իսկ Ադրբեջանը վերջերս շահութաբեր էներգետիկ գործարքներ է կնքել այդ երկու երկրների հետ։
Արդյո՞ք Վարչակազմը տեղյակ է, թե որքանով են էներգետիկ ոլորտում սերտացած Ադրբեջանի կապերը Ռուսաստանի և Իրանի հետ» և արդյոք՞ այս պահվածքը համահունչ է մեր տարածաշրջանային շահերին:
Հայաստանի հետ քաղաքական կապերի կառուցում
11. Հայաստանն կտրուկ շրջադարձ է կատարել դեպի արևմուտք՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ ավելի սերտ քաղաքական, տնտեսական և անվտանգային կապեր հաստատելու համար և մերժում է Ռուսաստանի հպատակությունը: Ավելին, Միացյալ Նահանգների շահերից է բխում Հայաստանի ժողովրդավարությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելն այդ տարածաշրջանում, որտեղ գերակշռում են ավտոկրատական և բռնապետական վարչակարգերը։ Խնդրում եմ բացատրել, թե Վարչակարգն ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի աջակցի Հայաստանին՝ Ռուսաստանից հեռանալու և դեպի արևմուտք շրջվելու հարցում:
12. Վերջին տարիներին, հատկապես 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի և այսպես կոչված «ռուս խաղաղապահների» կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության լիակատար ձախողումից հետո զգալիորեն նվազել են Ռուսաստանի նկատմամբ ունեցած երբեմնի վստահությունն ու ժողովրդականությունը հայ բնակչության շրջանում։ Որպես դրա հետևանք, Հայաստանում արձանագրվել է արևմտամետ քաղաքական կուսակցությունների զգալի աճ։ Դրանցից ամենամեծը Հայաստանի Ազգային-ժողովրդավարական Բևեռն է (ԱԺԲ):
• Կարո՞ղ եք պարզաբանել, թե որն է Վարչակազմի պաշտոնական քաղաքականությունը Հայաստանում գործող արևմտամետ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ, ինչպիսին ԱԺԲ-ն է։
• Ձեր կարծիքով ինչ՞ դեր են խաղում արևմտամետ քաղաքական կուսակցությունները, որոնք Հայաստանին օգնում են դեպի Արևմուտք շարժվել։