ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԿԱ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է վերջին շրջանում լայն տարածում գտած իրավապահ և ոստիկանական մարմինների կողմից հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների կիրառման բոլոր դրսևորումները։
Ոստիկանների, պարեկների, այլ իրավապահ ծառայողների կողմից անձանց իրավունքների ու ազատությունների կոպտագույն խախտումների մասին հրապարակումներն այլևս դարձել են սովորական և միաժամանակ անպատժելի երևույթ։
Հատկանշական է, որ քննչական մարմիններն ու ոստիկանությունը ոչնչի առջև կանգ չեն առնում՝ ազատությունից զրկում են կուսակցության առաջնորդի կնոջը, հետապնդում որդուն, ծեծի ենթարկում փաստաբանների, հրապարակայնորեն՝ տեսախցիկի առաջ ծեծի ենթարկում քաղաքացու, այսինքն այս իշխանություներն այլևս բռնությունների կիրառման մեթոդների ու ձևերի համար որևէ ձևական տարբերակում չեն դնում։
Այս ամենը կատարվում է «ժողովրդավարական բաստիոն» հռչակած, իրականում՝ իշխանությունն ուզուրպացրած անձի կողմից ու նրան ծառայող ոստիկանական բաստիոնում։
Կոչ ենք անում ՀՀ-ում հավատարմագրված, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանատներին՝ հետամուտ լինել Հայաստանի իրավապահ համակարգում իրենց ֆինանսական աջակցությամբ իրականացվող «բարեփոխումների» ընթացքին, ուշադրություն դարձնել կատարվող բռնություններին և այն ամենաթողությանը, որը Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ տիրում է համակարգում:
Նմանատիպ գործելաոճը բնորոշ չէ ժողովրդավարության, իրավական և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ուղին որդեգրած երկրին:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
15.06.2023 թվական, Երևան