ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Երեկվանից՝ դեկտեմբերի 3-ից, տելեգրամյան ալիքներում և սոցիալական այլ հարթակներում շրջանառության մեջ է դրվել մի տեսանյութ, որում զինված և դիմակավորված մի քանի անձինք խոսում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի մասին և սպառնալիքներ հնչեցնում վերջինիս նկատմամբ՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում:

Տեսանյութում նշվում է նաև Նուբարաշենի բանտում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, ապստամբ Վարուժան Ավետիսյանի անունը:

Սա հերթական սադրանքն ենք համարում Բևեռի նկատմամբ և գտնում, որ նման քայլերն արվում են Բևեռի գործունեությունը սևացնելու, մեր քաղաքական շարժմանը հրեշացնելու տրամաբանության շրջանակներում, ինչը դժվար չէ կռահել, թե որտեղից է հրահանգավորվում:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է նմանատիպ երևույթները և հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ երկրում արմատական փոփոխությունների հասնելու Բևեռի դիրքորոշումը մնում է անփոփոխ. այն է՝ Փաշինյանի հեռացում ժողովրդային ճնշմամբ, խաղաղ անհնազանդության ճանապարհով և անցումային ժամանակավոր կառավարության ձևավորմամբ: Փաշինյանը և մյուս բոլոր հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ կանգնելով Ազգային դատարանի առաջ:

Միևնույն ժամանակ պատկան մարմիններին կոչ ենք անում լինել զգոն և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ Նուբարաշենի բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանի և մեր մյուս ընկերների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու հարցում: Հակառակ պարագայում, հնարավոր սադրանքների դեպքում, ամբողջ պատասխանատվությունը կընկնի ռեժիմի վրա:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
04.12.2023 թվական, Երևան