ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՄԱՌՈՏ ՏԱՐԲԵՐԱԿ)

  • ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
  • ՆՊԱՏԱԿ
  • ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՔԱՅԼԵՐ

30 տարի շարունակ՝ ԽՍՀՄ լուծարման և Հայաստանի Հանրապետության անկախության
վերականգնման պահից առ այսօր մեր երկրում իրականացվում է դավաճանական
կառավարում, որի հետևանքով․


1․ պետությունը չի կայացել և վերածվել է Ռուսաստանի կիսագաղութի,


2․ 1988-94 թթ․ ազգային-ազատագրական պայքարով ըստ էության լուծված Արցախի
հարցը մտավ փակուղի, ինչը վրա հասած աշխարհաքաղաքական փոփոխությունների
պայմաններում անխուսափելիորեն հանգեցրեց 2020 թ․ 44-օրյա պայմանավորված
պատերազմով Արցախի ռուս-թուրք-ադրբեջանական զավթմանը և Խորհրդային
Հայաստանի «իրավահաջորդությունը» որդեգրած ներկայիս Հայաստանի
Հանրապետության լուծարման գործընթացի մեկնարկին։


Պետականության կորստի և հայրենաբնակ հայության ցեղասպանության տանող այս
աղետալի ընթացքը տեղի է ունենում համաշխարհային մասշտաբի դարակազմիկ
տեխնոլոգիական եւ քաղաքակրթական փոփոխությունների հորձանուտում, ինչը
հավելյալ գոյութենական մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի և հայության
համար։


Միևնույն ժամանակ՝ համաշխարհային և դրանից բխող տարածաշրջանային այդ
դարակազմիկ փոփոխությունները նաև ստեղծում են նույնպիսի դարակազմիկ
հնարավորություններ։

Մեր նպատակն է՝ օգտագործել այդ հնարավորությունները և Հայաստանի
Հանրապետությունն ազատագրել ռուսական գաղութատիրությունից, դուրս բերել ռուսթուրքական փակուղուց և դարձնել ինքնիշխան, ժողովրդավարական ու կենսունակ
ազգային պետություն։


Այդ ճանապարհին պետք է ինքնավերակերտվենք, հաղթահարենք դեպի աղետը տանող
փակուղայնության ու հետընթացի ինքնահոսին հանձնվածի ներկայիս վիճակը, հասնենք
թռիչքային զարգացման և կայանանք որպես քաղաքակրթական, քաղաքական ու
տնտեսատեխնոլոգիական կամուրջ-միջնորդ, որպես «Նորարար ազգ-սթարթափ
պետություն» համահայկական ցանցային կազմակերպվածք։

Մեր նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի զուգահեռաբար կյանքի կոչել
հետևյալ առաջնահերթ ռազմավարական քայլերը․

1. Վերկուսակցական սկզբունքով լայն համազգային համաձայնության ու
ներառականության գերակայությունների հաշվառմամբ համախմբել ազգայինժողովրդավարական ներուժը, համախմբել ժողովրդին, նրա կամքի պարտադրմամբ
հեռացնել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կիսագաղութային վարչակազմին և ձևավորել
հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն անհրաժեշտ պահից կստանձնի
պետության կառավարումը և անցումային ծրագրի իրականացմամբ կապահովի առկա
համակարգային ճգնաժամի հաղթահարումը:

2. Ի կատարումն 1990 թ․ օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագրի
պահանջների, ընդունել Անկախ պետականության հաստատման գործընթացի
ամբողջացման մասին հռչակագիր և դրանով․

2․1․ ամրագրել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը և
Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում Հայաստանի
Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը հայտարարել
որպես ազգային ռազմավարության համակարգաստեղծ գերակայություն,

2․2․ դատապարտել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության դեմ քեմալական
Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի 1920-21 թթ․ ագրեսիան և դրա արդյունքներն
արձանագրած փաստաթղթերը, այդ թվում և առաջին հերթին՝ 1921 թ․ մարտի 16-ի
Մոսկվայի պայմանագիրը,

2․3․ իրավաքաղաքական գնահատական տալ․

  • խորհրդառուսական օկուպացիայի շրջանին (1920 թ․ դեկտեմբերի 2-ից մինչև 1991 թ․
    դեկտեմբերի 26) և առ ոչինչ հայտարարել այդ շրջանի բոլոր միջազգային պայմանագրերն
    ու այլ ակտերը, այդ թվում և առաջին հերթին՝ ԽՍՀՄ կազմավորման մասին 1922 թ․
    դեկտեմբերի 30-ի պայմանագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության
    օկուպացված տարածքներին (Արցախ, Նախիջևան և այլն) վերաբերող ներպետական
    ակտերը,
  •  Հայաստանի անկախ պետականության վերականգնումից հետո դե յուրե
    անկախության շրջանին (1991 թ․ դեկտեմբերի 26-ից մինչև Անցումային կառավարության
    հաստատման պահը)։

3. Կազմակերպել իրավաքաղաքական գնահատականից բխող համապարփակ և
ամբողջական անցումային արդարադատություն, այդ թվում.

  • քրեական արդարադատություն,
  • լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, ինչպես նաև որպես
    հետևանք՝ բոլոր ռեժիմների և դրանց մաս կազմած կուսակցությունների ղեկավարների
    հանրային գործունեության արգելում:

4. Իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ մշակել և ընդունել նոր Սահմանադրություն և դրանից բխող նոր Ընտրական օրենսգիրք ու Կուսակցությունների
մասին նոր օրենք։

5. Կազմակերպել արտահերթ ընտրություններ։

6. Ընդունել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության
որդեգրումից բխող և Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման
համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության
վերականգնման հիմնական նպատակի իրագործմանը ծառայող Ազգային
անվտանգության ռազմավարական հայեցակարգ և, որպես այդ հայեցակարգի հրատապ
միջոցառումներ՝ մինչ դրա ընդունումը․

6․1․ ձեռնարկել Ռուսաստանից ապագաղութացման հրատապ քայլեր՝ դուրս գալ ԱՊՀ-ից,
ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, վերանայել հայ-ռուսական իրավապայմանագրային բազան,
իրականացնել ապակոմունիզացման միջոցառումներ և այլն,

6․2․ զուգահեռաբար վարել ինքնիշխան արտաքին քաղաքականություն և Հայաստանը
Թուրքիային հանձնող Ռուսաստանի փոխարեն ձեռք բերել իրական դաշնակիցներ՝
արտաքին ռազմավարության անկյունաքար դարձնելով «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ի անդամ
հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United States) կարգավիճակ ստանալու
առաջնահերթությունը,

6․3․ միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ ձևաչափերում 2020 թ․ նոյեմբերի 9-ի
եռակողմ հայտարարությունը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի
վերաբերյալ դրույթներից) և դրա հիման վրա և (կամ) դրանից բխող այլ փաստաթղթերը
դատապարտելու ու չեղարկելու, ի կատարումն դրանց առաջացրած հետևանքները
չեզոքացնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի Զինված ուժերի
ստորաբաժանումները 2020 թ․ նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքեր վերադարձնելու,
դրանք Շուշիի և Հադրութի շրջաններից դուրս բերելու, Արցախի կարգավիճակի ու
միջազգային խաղաղապահների տեղակայման խնդիրները լուծելու համար։

7. ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ ապագա դաշնակիցների աջակցությամբ սկսել որակապես
միանգամայն նոր պաշտպանական համակարգի՝ ազգի և պետության ամբողջ
անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ
համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով
կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ձևավորումը։

8. Հարավ-Հյուսիս աշխարհատնտեսական ծրագրի մաս կազմելու և դրա ու 4-րդ
արդյունաբերական հեղափոխության համատեքստում․

8․1․ միջոցներ ձեռնարկել Հարավ-Հյուսիս ծրագրում հանգուցային դիրք և դեր ունեցող
մասնակից երկիր դառնալու ուղղությամբ՝ այդ թվում տեխնոլոգիական հագեցման և
տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով տարածաշրջանային
բազմամիլիարդանոց ներդրումային փաթեթի հայկական բաղադրիչը ստանալու համար,

8․2․ միջոցներ ձեռնարկել Նախիջևանի ապառազմականացման, նրա տարածքում
միջազգային վերահսկողության հաստատման և նրա հաղորդակցային
ենթակառուցվածքները Հարավ-Հյուսիս միջանցքի համակարգի մաս դարձնելու
ուղղությամբ,

8․3․ թեթևացնել ժողովրդի սոցիալական հոգսերը և դյուրացնել բիզնեսը (վարկեր,
հարկեր, տույժ ու տուգանքներ, կոմունալ և տարատեսակ այլ վճարումներ, կրթություն,
առողջապահություն, սոցիալական ապահովություն, արդար ու ազատ մրցակցություն և
այլն),

8․4․ սկսել երկրի արդյունաբերականացումը՝ թռիչքային զարգացման հասնելու համար։

9․ Սկսել համայն հայությանը ցանցային տրամաբանությամբ «Հայաստան» կենտրոնի
շուրջը համախմբելու և վերակազմակերպելու գործընթաց՝ Հայաստանի
Հանրապետությունը դարձնելով բոլոր հայերի Հայրենիք և զուգահեռաբար մեկնարկելով
զանգվածային հայրենադարձության ծրագիր։