ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային-ժողովրդավարական բևեռը խստորեն դատապարտում է այսպես կոչված ՀԱՊԿ խաղաղապահ գործողության և, ըստ այդմ` խաղաղապահ ուժերի անվան տակ ՀԱՊԿ անդամ-պետությունների զավթիչ զորքերի ուղարկումը Ղազախստան։

Ղազախստան ՀԱՊԿ զորքերի ուղարկումը և դրանց գործողությունները ոտնահարում են միջազգային իրավունքը, այդ թվում` ՀԱՊԿ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ՀՀ ազգային օրենսդրությունը։

Առավել քան դատապարտելի է ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը դիտարկվող զավթիչ և պատժիչ գործողությանը, քանի որ այն ոչ միայն վնասում է Հայաստանի ու հայ ժողովրդի միջազգային վարկին, այլև իրական սպառնալիք է ստեղծում ազգամիջյան ատելություն բորբոքելու և դրա հողի վրա հայ զինծառայողների ու Ղազախստանում բնակվող բազմահազար հայ բնակչության ֆիզիկական անվտանգության համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործում է Հայաստանի շահերին, հայ ժողովրդի կամքին ու պատկերացումներին հակառակ և ընդամենը սպասարկում է Կրեմլի շահը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
7 Հունվարի 2022 թ., Երևան