ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Արտահերթ ընտրություններն անցկացվեցին Մոսկվայի պատվերով և նրա լիակատար վերահսկողության ներքո ձևավորեցին ամբողջությամբ կրեմլահպատակ ուժերից բաղկացած Ազգային ժողով։

Մոսկվան, գործելով Անկարայի և Բաքվի հետ համաձայնաբար, նպատակ ունի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ստորագրելու հետևանքով ապալեգիտիմացած Հայաստանի ներկայիս իշխանություններին ընտրությունների միջոցով վերալեգիտիմացնել և նրանց ձեռքով ավարտին հասցնել Լավրովի պլանի ընդլայնված տարբերակի իրագործումը։

Այդ պլանի առանցքային խնդիրն է Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև եղած վարչական բաժանարար գիծը ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահման՝ կնքելով սահմանազատման և սահմանանշման մասին պայմանագիր։

Հիբրիդային տեղեկութահոգեբանական պատերազմի պայմաններում՝ Ցեղասպանության կրկնության և նախկին կեղեքիչների վերադարձի համադրված սպառնալիքի ազդեցությամբ, ձևավորված Ազգային ժողովում մեծամասնություն ստացած ներկայիս իշխանությունները չեն թաքցնում, որ կնքելու են այդպիսի պայմանագիր։

Նման պայմանագրի կնքումը Արցախի հարցը Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից ռուս-թուրք-ադրբեջանական ձևաչափ տեղափոխելու և Հայաստանին դուրս մղելու միջոցով թաղելու է դրա լուծման բոլոր հույսերն ու հեռանկարները, առհասարակ՝  խորտակելու է Ցեղասպանության հետևանքները չեզոքացնելու և Հայրենիքին վերատիրանալու հույս ու հավատով ապրող հայ ազգի իղձերն ու ապագան և ռեալ սպառնալիք է ստեղծելու մի քանի տասնամյակի ընթացքում հայոց պետականության ու հայրենաբնակ հայության հավաքական գոյության համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռը վերահաստատում է, որ չի ընդունում անարդար ու ոչ ազատ ընտրությունների արդյունքները և շարունակում է ազգային-ազատագրական պայքարը՝ նպատակ ունենալով ժողովրդի համախմբմամբ ու նրա կամքի պարտադրմամբ առաջին հերթին խափանելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանանշման պայմանագրի կնքումը։

Ազգային-ժողովրդավարական բևեռը դիմում է բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով անհապաղ կերպով հստակ դիրքորոշում արտահայտել խորհրդային վարչական բաժանարար գիծը որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահման ճանաչելու և այդ նպատակով նախատեսվող սահմանազատման ու սահմանանշման պայմանագիր կնքելու վերաբերյալ։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
29 հունիսի 2021 թ., Երևան