ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ալեքսանդր Բրինքենի (Շվեյցարիա) Հայոց Ցեղասպանութեան թեմայով հարցազրոյցը, տուած գերմանական քրիստօնէական ռադիոկայանին «Kirche in Not» («Վտանգուած եկեղեցի»), München, 2021 թ. Ապրիլ 14-ին՝ Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցի նախաշէմին:

Ալեքսանդր Բրինքեն

Զրուցավարի նախաբանը. Հայոց Ցեղասպանութիւնը եղել է 20-րդ դարի համակարգուած ցեղասպանութիւնների առաջիններից մէկը: Նա եղել է Օսմանեան կայսրութեան մէջ Առաջին աշխարհամարտի օրօք՝ ձեռնարկուած երիտթուրքական ազգայնամոլ կառավարութեան կողմից: Մինչեւ այսօր Թուրքիան որպէս Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ պետութիւնը Հայերի հանդէպ իրականացրած այս յանցագործութիւնը մերժում է ճանաչել որպէս ցեղասպանութիւն, նա խօսում է լոկ «երկրորդական», «ուղեկցող վնասների» մասին, «պատճառուած այն ժամանակաշրջանի պատերազմական արհաւիրքների հանգամանքներով»: Մարդկութեան դէմ կատարած այդ ահռելի ոճիրի եւ նրա հետեւանքների մասին ես զրուցում եմ հիմա Ալեքսանդր Բրինքենի հետ:

Հարց՝ Պարոն Բրինքեն, ի՞նչ է կապում Ձեզ Հայաստանի եւ Հայերի ճակատագրի հետ:

Պատասխան՝ Ես ծանօթացել եմ Հայաստանի ու Հայերի հետ 1975 թուականի Ապրիլին, երբ որ եկել եմ Երեւան Պետերբուրգից (այն ժամանակ Լենինգրադ) որպէս տեղի երաժշտանոցի ուսանող, «Գարուն 1975» երեւանեան երաժշտական համաժողովին մասնակցելու համար: Եկայ Երեւան եւ ափշեցի Հայաստանի ու Հայ ժողովրդի գեղեցկութիւնից, Հայ հնագոյն եւ իւրօրինակ մշակույթից, ի մասնաւորի երաժշտութիւնից: Այդ պահից սկսած պահպանել ու զարգացրել եմ իմ կապերը Հայ երաժիշտների հետ, իսկ յետայսու նաեւ գնալով Հայ մտաւորականների եւ յատկապէս հայրենասէր քաղաքական գործիչների հետ: Այդ կոնտեքստում հնարաւոր չէր խուսափել առերեսուել նաեւ Հայոց պատմութեան հետ, ի մասնաւորի Հայոց Ցեղասպանութեան ահաւոր թեմայի հետ:

Հարց՝ Դուք երաժիշտ էք՝ առաջին հերթին երգահան, Դուք ստեղծել էք մի Օրատորիան Հայոց Ցեղասպանութեան մասին: Ի՞նչպէս դա ստացուեց:

Պատասխան՝ Այցելելով Հայաստանը եւ շփուելով Հայերի հետ, իմ մօտ յառաջացաւ մի հզօր ներքին պահանջ՝ ստեղծել մի տպաւորիչ երաժշտական կոթող, նուիրուած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին՝ որպէս Հայ ժողովրդի մշտական պահանջատորութեան եւ Հայ Դատի արդար իղձերի մի գեղարուեստական արտացոլում: Հայ բանաստեղծների համապատասխան բնագիր (այսինքն Հայերէն) քերթվածքներ ես փորձեցի վերածել նրանց համահունչ երաժշտութեանը: Պիտի ընդգծեմ որ իմ կողմից ընտրուած բանաստեղծութիւնների մեծագոյն մասը պատկանում է 1915 թ. Մեծ Եղեռնին զոհ գնացած Արեւմտահայ հանճարներին՝ Դանիէլ Վարուժանին ու Սիամանթոյին: Այս իմ Հայկական օրատորիայի առաջնախաղը տեղի ունեցաւ Երեւանում 2016 թ. Ապրիլ 30-ին եւ հայաստանցի լսարանի կողմից արժանացաւ բարձր գնահատանքի:

Հարց՝ Նախքան 1915 թ. իրադարձութիւններին անդրադառնալը մենք պիտի բացատրենք մեր ունկնդիրներին՝ թէ այն ժամանակ Հայկական պետութիւն գոյութիւն չունէր: Ցեղասպանութեան ենթարկուած Հայերը Օսմանեան կայսրութեան հպատակներն էին, ուստի օսմանեան կառավարութիւնը իրականացրեց յանցագործութիւնը ի՞ր իսկ ժողովրդի մի մասի նկատմամբ:

Պատասխան՝ Ցեղասպանութեան ենթարկուեց Օսմանեան կայրութեան տարածքում ապրող Հայութեան մեծագոյն մասը, առանձնապէս այն ստուար զանգուածը, որը ապրում էր հազարամեակներ ի վեր իր վաղեմի բնօրրանում՝ Արեւմտեան Հայաստանում, այսինքն Հայկական լեռնաշխարհում, որի կորիզը հանդիսանում է Վանայ լճի արուարձանը: Իսկ թուրք ցեղերը ներթափանցում էին այս տարածաշրջանը միայն 11-րդ դարից սկսած: Մինչ այդ Միջնադարում գոյութիւն ունեցան տարբեր Հայկական թագաւորութիւններ, իսկ դրանցից վերջինը իր անկումը ապրեց դեռ 14-րդ դարի կէսերին, դա Կիլիկեան Հայաստանն էր՝ Արեւելեան Միջերկրականի ծովեզերքին յարող Փոքր Ասիոյ տարածքում:

Հարց՝ Ի՞նչ պատահեց Հայերի հետ 1915 թուականին:

Պատասխան՝ 1915 թուականին Հայոց Ցեղասպանութիւնն Օսմանեան կայսրութեան մէջ հասաւ իր գագաթնակէտին: Բան այնն է որ դեռ 1890-ական թուականներին տեղի ունեցան զանգուածային կոտորածներ, ի մասնաւորի Կոստանդուպոլսում եւ Արեւմտեան Հայաստանում (յատկապէս Սասուն-Մուշ եւ Վասպուրական՝ Վանայ լճի արուարձանում): Այդ ահաւոր կոտորածներին զոհ գնացին մօտ 300.000 Հայ: Այդ կոտորածների հեղինակն եղաւ «կարմիր սուլթան» Աբդուլ Համիդ Բ (կոչուած «արիւնարբու»): Այդ կոտորածները, որոնք ակնյայտօրէն կրում էին ցեղասպանական բնոյթ, եղան այդ սուլթանի իր բարբարոս վարուելակերպին յարիր մի պատասխան՝ եւրոպական տէրութիւնների եւ այն ժամանակուայ Ռուսաստանի կողմից Օսմանեան կայսրութեան հայկական վիլայէթներում ապրող Հայութեանը տրամադրուելիք բարեփոխումների պահանջների դիմաց:

Հարց՝ Հայոց Ցեղասպանութիւնից առաջ 1908 թուականին Թուրքիայում իշխանութեան գլուխ անցան երիտթուրքերը: Ո’վ էին դրանք:

Պատասխան՝ Երիտթուրքերը եղան թուրք յեղափոխականներ, որոնք տապալեցին սուլթանի աւանդական իշխանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Նրանց մէջ կային մեծ թւով «ազատ որմնադիրներ» (մասոններ), իրնեց յատուկ հակամիապետական գաղափարախօսութեամբ: Օսմանեան կայսրութեան Հայերը օժանդակեցին երիտթուրքերին, յոյս ունենալով որ «կարմիր սուլթանի» տապալումից յետոյ երկրում կը հաստատուի ժողովրդավարութիւն եւ նրանց կեանքը կը բարեփոխուի, կը դառնայ ազատ, արժանապատիւ ու բարգաւաճ, սակայն չարաչար խաբուեցին: Երիտթուրքերի իշխախնութեան գալուց քիչ յետոյ, արդէն յաջորդ 1909 թուականին, նրանց կառավարութեան հրամանով Կիլիկիայում, ի մասնաւորի Ադանայում, տեղի ունեցաւ Հայերի մի սարսափելի ջարդը, որին զոհ գնացին 30.000 մարդ, իսկ այդ խոշոր ու ծաղկուն, մեծ մասամբ հայաբնակ քաղաքը զգալիօրէն աւերուեց եւ այրուեց: Ուրեմն երիտթուրքերը իրենց էութեամբ եղան թուրք ծայրայեղ մոլի ազգայնականներ, որոնք շարունակեցին «կարմիդ սուլթանի» հակահայ քաղաքականութիւնը, նրա կոտորածները հասցնելով գագաթնակէտին՝ Հայոց լայնածաւալ ցեղասպանութեանը 1915-1917 թուականներին:

Հարց՝ Ցեղասպանութեան զոհ գնացին ոչ միայն Հայեր, այլ նաեւ Ասորիներ ու Պոնտոսի Յոյներ: Կարելի է այդ կապակցութեամբ խօսել ոչ միայն ազգային, այլ նաեւ կրօնակա՞ն խտրականութեան մասին:

Պատասխան՝ Անշուշտ: Թուրք ազգայնամոլների համար քրիստօնեաները հանդիսանում էին «գեաւուր կամ քեաֆիր», այսինքն ստորադաս, արհամարհանքի արժանի բնակչութեան մի շերտը, որը ոչ միայն արժանի չէր մարդկային վերաբերմունքին, այլ պիտի ուղղակի վերացուած լինէր թրքական պետութեան երեսից: Երիտթուրքերը ձգտում էին ստեղծել էթնիկ եւ կրօնական առումով լրիւ միատարր մի երկիր, նրանց պարացլուխները բաւական բաց կերպով հռչակում էին հետեւեալ թէզը՝ Թուրքիայում պիտի ապրի միմիայն թուրքը: Այսօր մենք տեսնում ենք արդի թուրք իշխանաւորների նոյն վերաբերմունքը Քրդերի հանդէպ (ըստ թրքական պաշտօնական գաղափարախօսութեանը դրանք լոկ «լեռնային թուրքեր են»):

Հարց՝ Թուրքիան այսօր հանդիսանում է գրեթէ բացառապէս մի մահմեդական երկիր: Իսկ ինչպիսի՞ տեսք կրօնական առումով ունէր այս երկիրը 20-րդ դարի սկիզբը:

Պատասխան՝ Այն ժամանակ Օսմանեան կայսրութեան բնակչութեան գրեթէ մի երրորդ մասը կազմում էին քրիստօնեաներ՝ առաջին հերթին Հայեր, նրանցից բացի մեծ թւով Յոյներ եւ Ասորիներ:

Հարց՝ Մենք գիտենք, թէ ինչպէս գերմանական Nazis ոչնչացնում էին Հրէաներին եւ այլ ազգային խմբերին համակենտրոնացման ճամբարներում: Բայց ի՞նչպէս կարողացան երիտթուրքերը բնաջնջել այդպիսի մի ստուար մարդկային զանգուածը՝ մէկ ու կէս միլիոն Հայ:

Պատասխան՝ Երիտթուրքական կառավարութիւնը գործեց գաղտնի եւ խիստ համակարգուած կերպով: Առաջին հերթին դիմադրութեան ունակ տղամարդիկ «զօրակոչուեցին» թուրքական բանակ, դրանից յետոյ նրանք զինաթափուեցին եւ մտցուել են շինարարական ջոկատներ՝ ճանապարհաշինութեամբ զբաղուելու յանձարարութեամբ: Դաժանագոյն պայմաններում շահագործումից յետոյ նրանք ենթարկուեցին զանգուածային գնդակահարութեանը թուրքական կանոնաւոր զօրքերի կողմից: Իսկ այդ կերպ տղամարդկային պաշտպանութիւնից զրկուած, մնացած Հայ քաղաքացիական բնակչութիւնը՝ կանայք, երեխաներ ու տարեցներ կամ կոտորուեցին տեղում, կամ աքսորուեցին Սիրիական անապատը: Այդ հսկայ մահուան երթերի ընթացքում նրանք թուրք եւ քուրդ հրոսակախմբերի կողմից պարբերաբար ենթարկւում էին բարբարոսական յարձակումներին՝ զանգուածային բռնաբարութիւններին ու սպանութիւններին, իսկ անապատը հասած մարդիկ մահանում էին սովից, ծարաւից, շոգից եւ ուժասպառ լինելուց:

Հարց՝ Ինչո՞ւ հէնց Ապրիլի 24-ը նշւում է որպէս յիշատակի օրը:

Պատասխան՝ Այդ օրը 1915 թուականին Կոստանդնուպոլսում ձերբակալուեցին մօտ երկու հարիւր Հայ մտաւորականներ՝ քաղաքական գործիչներ (այդ թւում թրքական խորհրդարանի պատգամաւորներ), գրողներ, արուեստագէտներ: Նրանք աքսորուեցին Անատոլիայի խորքերը եւ սպանուեցին աննկարագրելի գազանաբար կերպով: Այսպիսով Թուրքիայի Հայութիւնը կորցրեց իր գլուխը՝ մտաւորականութիւն:  Այդ եղելութիւնը երիտթուրքական կառավարութեան առջեւ  բացեց լայն ճանապարհը՝ համակարգուած կերպով, փուլ առ փուլ իրագործել Հայոց լիակատար բնաջնջումը:

Հարց՝ Արդեօ՞ք միջազգային հանրութիւնը իմացաւ այդ մասին:

Պատասխան՝ Այո՛: Սակայն նրա բողոքներ դրան դէմ մնացին ապարդիւն:

Հարց՝ Իսկ ինչպէ՞ս հակազդեց Գերմանիան:

Պատասխան՝ Պաշտօնական Գերմանիան՝ այսինքն կայսերական կառավարութինը այդ աննկարագրելի ոճիրի հանդէպ իր աչքերը փակեց: Նա շահագրգռուած էր Թուրքիայի հետ պահպանել լաւ յարաբերութիւններ, քանի որ այս երկիրը այն ժամանակ՝ Առաջին աշխարհամարտի օրօք Գերմանիայի ռազմական դաշնակից էր: Բացի դրանից կային պատկառելի շահագրգռուածութիւններ զուտ տնտեսական ոլորտում՝ այդ կապակցութեամբ բաւական է յիշել միայն Բեռլին-Բաղդադ երկաթուղու նախագծի պարագան: Սակայն գերմանական լայն հասարակութեան շրջանակներում հնչում էին բաւականին բարձրաձայն բողոքներ՝ կը բերեմ այստեղ այնպիսի պայծառ անուններ ինչպիսիք են բողոքական եկեղեցու մի ականաւոր գործիչ Եօհաննէս Լեփսիուսը կամ յայտնի գրող ու հասարակական գործիչ Արմին Վեգները: Ընդհանուր առմամբ Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան եղել է ոչ միայն Թուրքիայի ռազմա-քաղաքական դաշնակից, այլ նաեւ Հայոց Ցեղասպանութեան գործօն մասնակից: Յայտնի է գերմանական սպաների մասնակցութիւնը Հայ կամաւորական, ֆիդայեական խմբաւորումների ոչնչացման գործում: Ի մասնաւորի Գերմանացիները ղեկավարում էին թրքական հրետանին Արեւմտեան Հայաստանի տարբեր վայրերում ընթացող մարտերում: Գերմանիայի մեղսակից լինելու պարագանարծարծւում է մի շարք հէնց գերմանական հրապարակումների մէջ, որոնք լոյս տեսան վերջին տարիների ընթացքում, այստեղ մէջ բերեմ միայն հետեւեալ երկու ուսումնասիրութիւնները՝

1.) Jürgen Gottschlich. Beihilfe zum Völkermord. Deutschlands Rolle bei der Vernichtung der Armenier. Christoph Links Verlag, Berlin 2015 (Եուրգեն Գոթշլիխ. «Ցեղասպանութեան աջակցութիւն՝ Գերմանիայի դերը Հայերի բնաջնջման գործում»),                                 2.) Das Deutsche Reich und der Völkermord an den Armeniern. Herausgegeben von Rolf Hosfeld und Christin Pschichholz. Wallstein Verlag, Göttingen 2017 («Գերմանիայի կայսրութիւն եւ Հայոց Ցեղասպանութիւն», մի ժողովածու):

Հարց՝ Այդ սարսափելի իրողութիւնների կապակցութեամբ  պատմաբաններ խօսում են ժամանակակից ցեղասպանութիւնների մի նախապատկերի մասին: Յայտնի է Հիտլերի արտայայտութիւնը՝ «Ո’վ է խօսում այլեւս Հայերի մասին»: Արդեօ՞ք արդարացի է այդպիսի մի գնահատականը:

Պատասխան՝ Այո՛, անկասկած:

Հարց՝ Արդեօ՞ք ունի Գերմանիան այդ պատճառով մի իւրայատուկ պատասխանատւութիւն այդ հարցում:

Պատասխան՝ Անշուշտ: Ես գտնում եմ թէ հէնց այդ պատճառով շատ կարեւոր է որ Գերմանիայի Bundestag-ը պաշտօնապէս ճանաչեց ու դատապարտեց Հայոց Ցեղասպանութիւնը որպէս այդպիսին:

Հարց՝ Իսկ ի՞նչպէս այն ահաւոր յանցագործութեան մասին լուրերին հակազդեց եկեղեցի:

Պատասխան՝ Տարբեր երկրներում յառաջացան բարձրաձայն բողոքներ, այդ թւում կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների կողմից, սակայն նրանք ի վիճակի չէին գործօն կերպով ազդել իրողութիւնների վրայ եւ հնչում էին ձայն բարբառոյ յանապատի պէս:

Հարց՝  Յետագայում, հետեւելով եւրոպական նախատիպերին, Քեմալ Աթաթիւրքը հիմնեց արդի Թուրքիայի Հանրապետութիւնը, նա հիմնովին արդիականացրեց այդ երկիրը: Ի՞նչպէս գործեց նրա կառավարութիւնը Հայկական հարցում:

Պատասխան՝ Հայկական հարցում Աթաթիւրքը ոչ միայն չդադարեցրեց  ցեղասպանութեան քաղաքականութին, այլ շարունակեց նրան: Այստեղ ես պիտի շէշտեմ հետեւալ կարեւոր հանգամանքը. Առաջին աշխարհամարտում Թուրքիան կրեց մի ջախջախիչ պարտութիւն եւ 1919 թուականին թրքական անցումային կառավարութեան ներքոյ գործող հէնց թրքական դատարանը, յաղթած արեւմտեան տէրութիւնների խիստ ճնշման տակ, ստիպուած էր եղել մահուան դատապարտելու երիտթուրքերի պարացլուխներին, որոնք կազմակերպեցին Հայոց Ցեղասպանութիւնը: 1920 թուականին տեղի ունեցան Սեւրի պայմանագրի եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի կնքումը, ըստ որոնց Թուրքիան պիտի զիջէր շատ ընդարձակ տարածքը նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեանը՝ Արեւմտեան Հայաստանի մեծագոյն մասը: Սակայն Խորհրդային Ռուսաստանի գործօն ու բազմակողմանի նիւթական ու ռազմական օգնութեան շնորհիւ Թուրքիան՝ յետայսու քեմալական Թուրքիայի Հանրապետութիւնը՝ ոչ միայն տապալեց այդ միջազգայնօրէն պարտադիր վճիռների կատարումը, այլ շարունակեց Հայերի ոչնչացումը, ընդարձակելով նրան արդէն Արեւելեան Հայաստանի տարածքի վրայ՝ յարձակուելով նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան վրայ: Որպէս հետեւանք, քեմալական Թուրքիան եւ նրա դաշնակից Խորհրդային Ռուսաստանը միատեղ ջանքերով հոշոտեցին նաեւ այդ փոքր Հայաստանը, ընդ որում Մոսկուան նուիրեց «եղբայրական Թուրքիային» Կարսի մարզ, Սուրմալուի գաւառակ (Հայոց սուրբ Արարատ լեռան հետ միասին), իսկ Թուրքիայի կրտսեր եղբորը՝ նորաստեղծ Ադրբեջանին՝ նոյնպէս վաղեմի ու բուն հայկական տարածքներ Նախիջեւան ու Ղարաբաղ: Քեմալական Թուրքիայի հայաջինջ քաղաքականութեան զոհ գնացին եւս մօտ 300.000 Հայ, այնպէս որ Հայոց Ցեղասպանութեան ընդհանուր զոհերի թիւը իրականում կազմում է ոչ թէ 1,5 այլ 2 միլիոն, իսկ այդ ցեղասպանութեան դարաշրջանի սահմանները պէտք է գծել հետեւեալ կերպ՝ 1894-1923, այսինքն նրանք ընդգրկում են աւելի քան մէկ քառորդ դար:

Հարց՝ Ինչպէ՞ս է վերաբերւում արդի Թուրքիան այն ժամանակուայ իրադարձութիւնների հանդէպ:

Պատասխան՝ ժամանակակից Թուրքիան ոչ միայն չի ընդունում իր անցեալի այս սեւ էջերի գոյութիւնը, ժխտում է իր ահաւոր մեղքը, այլ շարունակում է իր աւանդական հակահայ քաղաքականութիւնը, ընդհուպ մինչեւ Հայոց Ցեղասպանութեան նորանոր դրսեւորումներ՝ տե՛ս Ադրբեջանի հետ միասին իր համատեղ բարբարոսական յարձակումը հայկական Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրայ անցեալ աշնանը: Իսկ այն պետութիւնների հանդէպ, որոնք ճանաչեցին Հայոց Ցեղասպանութիւնը, Թուրքիան դրսեւորում է թշնամական վերաբերմունք, սպառնում է զանազան պատժամիջոցների կիրառմամբ: Սակայն առայժմ, փառք Աստծոյ, Թուրքիան ինքը, այդ թւում իր հայատեաց քաղաքականութեան պատճառով, ենթարկւում է լայն ու բազմազան միջազգային պատժամիջոցներին, առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից:

Հարց՝ Պրագաբնակ հրէայ գրող Ֆրանց Վերֆելը իր «Մուսա լեռան քառասուն օր» վէպով ստեղծեց համաշխարհային գրականութեան փայլուն նմուշներից մէկը: Ինչի՞ մասին է խօսքը այդ վէպում, ինչպիսի՞ք էին այն դրդապատճառները, որոնք դարձան այդ վէպի ստեղծման մղիչ ուժ:

Պատասխան՝ Այստեղ մղիչ խթանի դերը խաղաց Վերֆելի կենսագրականի մի կարեւոր դրուագը՝ այցելելով 1929 թ. Դամասկոս, Վերֆելը ականատես եղաւ ցեղասպանութիւնից մազապուրծ ճողոպրած Հայ որբերի թշուար վիճակի՝ նրանք աշխատում էին մի կարպետների գործարանում, եւ իրենց ողորմելի տեսքը ցնցեց աւստրիացի այդ մեծ գրողին: Եւ նա սկսեց ուսումնասիրել իրենց թարմ պատմութիւնը: Այդպէս յառաջացաւ նրա այդ հսկայական ու սքանչելի վէպի նախագիծը, որը ինքը իրականացրեց 1930-ական տարիներին: Ես կարդացել եմ այս գլուխգործոցը երէք լեզուներով՝ սկզբից բնագիր Գերմաներէն, յետոյ Ռուսերէն ու Հայերէն: Ինչպէս յայտնի է, ԱՄՆ-ում մի քանի անգամ եղան փորձեր, այդ վէպի հիման վրայ ստեղծել մի էպիկական շարժանկար, սակայն վերջին պահին այդ փորձերը ձախողուեցին Թուրքիայի գործօն միջամտութեան պատճառով:

Հարց՝ Ի՞նչ մնաց Թուրքիայում այսօր քրիստօնեայ Հայութիւնից:

Պատասխան՝ Թուրքիայի Հայութեան պաշտօնական թիւը կազմում է մօտ 40.000 բնակիչ, նրանց մեծագոյն մասը ապրում է Ստամբուլում: Սակայն Արեւմտեան Հայաստանի տարածքում ապրում է ենթադրաբար մօտ մէկ միլիոն այսպէս կոչուած ծպտեալ Հայ՝ նրանք մայրենի լեզուից զրկուած, իսլամացած, թրքացած-քրդացած Հայերն են, մասամբ խառն՝ Հայ-Քուրդ ծագումով:  Իսկ այսպէս ասած «լիարժէք» քրիստօնեայ Հայերը Ստամբուլում, ունենալով հանդերձ իրենց ազգային հաստատութիւններ (այդ թւում եկեղեցիներ ու դպրոցներ) ու որոշ կալվածներ (զանազան անշարժ գոյք), ապրում են թրքական պետութեան մշտական ազգային ճնշման տակ, վախի ու հալածանքների մշտական սպառանալիքի ներքոյ: Այդ պատճառով Ստամբուլի Հայ համայնքը եւ Պատրիարքարանը, ցաւօք սրտի, ստիպուած են ուրանալ Հայոց Ցեղասպանութեան եղելութեան փաստը եւ Հայոց պահանջատիրութիւնը: Այդ առումով նրանք ստիպուած են սատարել Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը եւ փաստօրէն դաւաճանում են Հայ Դատի արդար գործը:

Հարց՝ Այն, ինչ տեղի ունեցաւ այն ժամանակ Օսնմանեան կայսրութիւնում, յետագայում բազմիցս կրկնուեց «էթնիկական զտումներ»ի մականունով, այդ թւում Եւրոպայում, այդ կապակցութեամբ մենք նկատի ունենք նաեւ 1990-ական թուականների բալկանեան պատերազմները: Արդեօ՞ք աշխարհը ոչինչ չի սովորել պատմութիւնից:

Պատասխան՝ Թւում է որ հէնց այդպէս է:

Հարց՝ Արդեօ՞ք հէնց դրա՛ համար առանձնապէս կարեւոր է, որ 1915 թուականի իրադարձութիւնները կը ճանաչուեն որպէս ցեղասպանութիւն:

Պատասխան՝ Անկասկած: Յատկապէս Թուրքիայի պարագայում դա անչափ կարեւոր է, քանի որ այս երկիրը մինչեւ հիմայ շարունակում է իր ցեղասպանական քաղաքականութիւնը՝ վերջին տասնամեակների ընթացքում Քրդերի նկատմամբ, իսկ հիմայ նաեւ հէնց Հայերի հանդէպ: Վերջին հանգամանքի վառ ապացոյցը՝ Թուրքիայի գործօն ռազմական մասնակցութիւնը Լեռնային Ղարաբաղի վրայ ադրբեջանական յարձակման մէջ:

Հարց՝ Վերջերս Լեռնային Ղարաբաղի ինքնավար տարածաշրջանին տիրանալու համար մղուած պատերազմը ցեղասպանութեան վէճին մի պատկառելի յաւելեալ սնուցումը տուեց: Ի՞նչպէս Դուք գնահատում էք այս հակամարտութիւնը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ:

Պատասխան՝  Ես տեսնում եմ այստեղ երկու կարեւոր միտումների համընկնում: Մի կողմից, պուտինեան Ռուսաստանի հակումը Խորհրդային Միութեան նախկին սահմանները վերահաստատելու՝ դրա համար Մոսկուան տարիներ շարունակ պահում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այդ տարածքային վէճը թէժ վիճակում, խուսանաւելով եւ աջակցելով երկու կողմեր էլ, նպատակ ունենալով շահել ՀԱՊԿի եւ «Եւրասիական մաքսային միաութեան» ոչ-անդամ Ադրբեջանին, համաձայն «բաժանի՛ր որպէսզի կը տիրես» սկզբունքին որպէս պատանդ ու խաղաթուղթ պահելով Լեռնային Ղարաբաղի չլուծուած հարցը: Իսկ միւս կողմից, Ադրբեջանն ու նրա հովանաւոր եղբայրական Թուրքիան, իրենց պանթուրանական նկրտումները հետապնդելով, օգտագործեցին նպաստաւոր պահը՝ պսակաձեւ ժահրի եւ ամերիկեան նախագահական ընտրութիւնների պարագան՝ եւ միատեղ յարձակուեցին Լեռնային Ղարաբաղի վրայ: Թուրքիան մասնակցեց այդ յարձակմանը բազմազան կերպով՝ իր օդուժի եւ ռազմական խորհրդատուների միջոցով, բայց նաեւ օգտագործելով իր կողմից տարածաշրջան ներմուծած իսլամիստական վարձկաններ Սիրիայից: Սակայն այս ամբողջը չէր կարող տեղի ունենալ, եթէ այդ յարձակմանը կանաչ լոյս չտար Ռուսաստանը, որը իր հերթին շահագրգռուած էր այդ հակահայ ագրեսիայի մէջ: Բան այնն է որ Մոսկուայի վաղեմի երազանքն էր ի վերջոյ մտցնել իր զօրքը Ղարաբաղ, եւ այդպիսով առաւել եւս ազդել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի վրայ, համաձայն իր կայսերապաշտ նկրտումներին: Ի մասնաւորի, Ռուսաստանը անջատեց հայկական օդային պաշտպանութիւնը, եւ այդ քայլը մեծապէս նպաստեց համատեղ թուրք-ադրբեջանական յարձակման յաջողութեանը:

Հարց՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Երդողանը ոչ միայն բերեց իր երկիրը իսլամիստական ուղու վրայ, նա դրսեւորում է իրեն որպէս պանթուրանիզմի բոցաշունչ մի ջատագով, հետապնդելով բացայայտ ծաւալապաշտական նպատակներ: Ինչքա՞ն վտանգաւոր է այդպիսի քաղաքականութիւնը հարեւան տարածաշրջանների համար, այսինքն՝ Կովկասի, Կենտրոնական Ասիայի կամ նաեւ Մերձաւոր Արեւելքի համար:

Պատասխան՝ Այդպիսի պանթուրանական ու պանիսլամիստական ծաւալապաշտ նկրտումները չափազանց վտանգաւոր են նշուած տարածաշրջանների համար, բացի դրանից նաեւ հէնց Ռուսաստանի համար, որի համար այդ պանթուրանական ու պանիսլամիստական վտանգը նոյնպէս գոյութիւն ունի, ընդ որում բաւական սուր կերպով: Այստեղ ես նկատի ունեմ յատկապէս Ռուսաստանի Դաշնութեան թրքացեղ ինքնավար հանրապետութիւններ՝ Թաթարստան, Բաշկորտոստան, նաեւ ողջ Հիւսիսային Կովկասը, որը մեծ մասամբ ընդգրկում է մահմեդական, աւանդաբար թրքամէտ ինքնավարութիւններ: Սակայն Ռուսաստանի ներկայ իշխանութիւնները կուրօրէն անտեսում են այդ վտանգը, իրենց կարճատես հաշուարկներից ելնելով նրանք այդ վտանգին առաջք առնելուց գերադասում են Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքը՝ Արեւմուտքի դէմ:

Հարց՝ Արդեօ՞ք Դուք տեսնում էք գոյութենական վտանգը Հայաստանի համար:

Պատասխան՝ Անշուշտ: Կորցնելով իր ռազմական վերահսկողութիւնը Լեռնային Ղարաբաղի վրայ, Հայաստանի Հանրապետութիւնը աշխարհա-ռազմավարական առումով գտնւում է շատ խոցելի վիճակում, բաւական է նայել քարտէզին:  Այդ պատճառով Հայաստանը կարիք ունի իսկական դաշնակիցների, եւ դրանք կարող են լինել միայն արեւմտեան տէրութիւններ, առաջին հերթին ԱՄՆը, եւ ոչ այնպիսի կեղծ մի դաշնակից Ռուսաստանը: Վերջինը իրականութեան մէջ ոչ միայն Հայաստանի դաշնակից չէ, այլ նրա բացայայտ թշնամի է:

Ալեքսանդր Բրինքեն (Alexander Brincken)՝ շվեյցարացի երգահան, դաշնակահար ու երգեհոնահար է:  Ծնուել է 1952 թուականին Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան), արմատներով գերմանացի ու վրացի: 1976 թ. աւարտել է տեղի երաժշտանոցը, արուեստագիտութեան թեկնածու է (1980 թ.): 1977-1991 թուականներին եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միութեան անդամ:                             1992 թուականից ի վեր ապրում է գերմանախօս Շվեյցարիայում, 1998 թուականից ի վեր Շվեյցարիայի քաղաքացի: Նա Շվեյցարիա-Հայաստան ընկերակցութեան ղեկավար մարմնի անդամ է եւ Հայաստանի Եւրոպական կուսակցութեան (ՀԵւԿ) օտարերկրեայ անդամ եւ Շվեյցարիայում պաշտօնական ներկայացուցիչ է: Տիրապետում է Գերմաներէն, Ռուսերէն ու Հայերէն (նաեւ Արեւմտահայերէն) լեզուների: Երդուեալ կողմնակից է Հայերէնի դասական ուղղագրութեան:

Զրուցավար Ֆոլկեր Նիգգեվեօներ (Volker Niggewöhner)՝ գերմանացի լրագրող է, ծնուել է 1969 թ. Դիւսսելդորֆում (Düsseldorf, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն), հաղորդավար է „Kirche in Not“ («Վտանգուած Եկեղեցի») գերմանական քրիստօնէական ռադիոկայանի (Միւնխեն): Այդ ռադիոկայանը մաս է կազմում Վատիկանի նոյն անունը կրող յատուկ մի հաստատութեան, որի պաշտօնական խօսնակ է հէնց ինքը՝ Ֆոլկեր Նիգգեվեօներ է:

Սոյն հարցազրույցը Գերմաներէնից Արեւելահայերէն թարգմանեց Ալեքսանդր Բրինքեն, 2021 թ. Ապրիլ 24-26-ին, քաղաք Լիւցէռն, գերմանախօս Շվեյցարիա

ՅԱՒԵԼՈՒՄ ՝

Ալեքսանդր Բրինքենի յորդորը, ուղղուած Հայաստանի եւ Հայ Սփիւռքի հասարակութեանը

Յարգելի ու սիրելի Հայ ժողովուրդ,

այս ճակատագրական օրերին կոչ եմ անում Քեզ ի վերջոյ ճիշտ կողմնորոշուել: Վերջին Արցախեան պատերազմը, աւելի ճիշտ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի բարբարոսական յարձակումը Հայաստանի անքակտելի մաս կազմող Արցախի վրայ հնարաւոր չլինէր առանց Ռուսաստանի Դաշնութեան հրահրման եւ գործօն ռազմական օժանդակութեան եւ ուղիղ միջամտութեան: Այսպիսով Ռուսաստանը լիովին դիմակազերծեց իրեն, բացայայտեց իր հակահայ քաղաքականութիւնը: Դրա մասին վկայում են նաեւ վերջին անթաքոյց, բացայայտ յայտարարութիւններ ռուս բարձրաստիճան պաշտօնեաների ու քաղաքական գործիչների՝ Շոյգուի, Տարասովի, Դուգինի, իսկ այդ երկրի առաջին դէմքը՝ նախագահ Պուտինը վերջերս բարձրաձայն յայտարարեց թէ Արցախը՝ դա Ադրբեջանն է: Այսպիսով բացայայտուեց եւ դիմակազրծուեց այն դարաւոր սուտը թէ Ռուսաստանը Հայաստանի եւ Հայ ժողովրդի բարեկամ ու դաշնակից է: Այս վերջին արցախեան պատերազմը հանդիսացաւ Ռուսաստանի աւանդական հակահայ քաղաքականութեան սոսկ յաջորդ մի փուլ եւ դրսեւորում ՝ 100 տարի առաջ, 1920-1921 թուականներին Խորհրդային Ռուսաստանը քեմալական Թուրքիայի եւ նորաստեղծ ազէրի-թուրք Ադրբեջանի հետ միատեղ հոշոտեցին Հայաստանի Առաջին հանրապետութիւնը, իսկ այժմ ՝ 2020-2021 թուականներին նրանք նորից հոշոտում են Հայաստանը, այս անգամ ՝ արդէն այն առաջին հանրապետութեան փոքրիկ մնացորդը: Միայն կուր մարդը չի տեսնում որ Ռուսաստանը այլեւս թուրքերի աւանդական դարձած դաշնակից եւ Հայ ազգի աւանդական էլ թշնամի է: Այդ ցաւոտ իրողութեան փաստերը բազմապիսի եւ բազմաթիւ են, սակայն բաւական է մատնանշել այդ երկու պարագաները: Դրա համար կոչ եմ անում Հայերին ի վերջոյ ճիշտ կողմնորոշուել՝ ընտրել ճիշտ, իսկական դաշնակիցներ: Դրանք արդէն բազմիցս մեկնել են Հայաստանին իրենց օգնութեան ձեռքը՝ առաջին հերթին դա Ֆրանսիան եւ ԱՄՆը: Ի վերջոյ սեղմէք այս փրկարար ձեռքը՝ չկա՛յ կենսական այլընտրանք: Իսկ այս փրկարար ձեռքը սեղմելու համար անհրաժեշտ է համախմբուել Հայաստանի միակ առողջ, ազնիւ, ազգանուէր եւ ձեռնհաս ուժի շուրջ՝ դա անկասկած Ազգային Ժողովրդավարական Բեւեռն է: Վերջին զարգացումները բացայայտ կերպով ցոյց են տուել որ ե՛ւ «ներկաները» ի դէմս անգրագէտ ու ապիկար ամբոխավար ու դաւաճան, ռուսաստրուկ Փաշինեանի, ե՛ւ «նախկինները» ի դէմս իրենց ոչ պակաս ռուսաստրուկ պարագլուխների-թալանչիների ի վիճակի եւ մտադրուած չեն գործել Հայ ժողովրդի շահերից:

Միակ ուժը, որը ի վերջոյ կը հանի Հայաստանը այդ խորը փոսից՝ ռուս-թուրքական դարաւոր աքցանից՝ դա Ազգային Ժողովրդավարական Բեւեռն ու նրան սատարող ուժերն են, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ բազում այլ քաղաքակիրթ տէրութիւնների գործօն աջակցութեամբ:

Ալեքսանդր Բրինքեն

Շվեյցարացի երգահան, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցութեան ղեկավար մարմնի անդամ, ԱԺԲ-ի օտարերկրեայ անդամ, արնատներով ոչ-Հայ (գերմանական ու վրացական ծագում ունեցող)

2021 թ. Ապրիլ 26-ին, քաղաք Լիւցէռն, գերմանախօս Շվեյցարիա

www.brincken.ch

[email protected]